Գինեկոմաստիա

2017/06/30

Գինեկոմաստիան  դա կրծքագեղձի (կամ կրծքագեղձերի) մեծացումն է տղամարդկանց մոտ: Կրծքագեղձի մեծացման չափերը տարբեր են` 1-10 սմ, միջինը` 4սմ: Գինեկոմաստիան հանդիպում է 50-70% առողջ դեռահասների, 40%` հասուն տարիքի տղամարդկանց, և մինչև 60-70%`տարեցների մոտ:

 

Էսթրոգեններն (էստրադիոլ) ու անդրոգենները (տեստոստերոն) կրծքագեղձերի վրա ունեն տարբեր ազդեցություններ: Էսթրոգեններն ունեն կաթնագեղձերի ծորանների պրոլիֆերացիան խթանող, իսկ անդրոգենները` ընկճող ազդեցություն: Գինեկոմաստիան շատ հաճախ կապված է էսթրոգենների բարձր մակարդակի, տեստոստերոնի ցածր մակարդակի կամ ծայրամասային հյուսվածքներում անդրոգենից էսթրոգեն արագ փոխանակման հետ: Սակայն գինեկոմաստիայի պատճառ կարող են լինել նաև ԳԿՍՀ մակարդակի կամ կառուցվածքի փոփոխությումը և անդրոգենային ընկալիչների դեֆեկտը:

 

Դասակարգումը

 

Իսկական գինեկոմաստիա

 

Կրծքի մեծացումը կատարվում է ի հաշիվ գեղձային հյուսվածքի: Պտուկի տակ շոշափվում է պինդ գոյացություն, իսկ գերձայնային հետազոտությամբ երևում է գեղձը:

 

Կեղծ գինեկոմաստիա կամ լիպոմաստիա

 

Կուրծքը մեծանում է ի հաշիվ ճարպային հյուսվածքի: Այս ձևը հիմնականում դիտվում է ճարպակալումով տառապող տղամարդկանց մոտ:

 

Խառը գինեկոմաստիա

 

Իսկական և կեղծ գինեկոմաստիայի համակցում` ճարպային կամ գեղձային հյուսվածքի գերակշռմամբ:

 

Գինեկոմաստիայի աստիճանները (Gynecomastia grades)
 

Միակողմանի գինեկոմաստիա

 

Մեկ կրծքագեղձի մեծացում:

 

Երկկողմանի գինեկոմաստիա

 

Երկու կրծքագեղձերի մեծացում:

 

Ֆիզիոլոգիական  գինեկոմաստիա

 

  • Նորածնային գինեկոմաստիա: Ծննդաբերությունից հետո, երբ նորածին տղայի օրգանիզմում դեռևս առկա է մոր էսթրոգենների որոշակի քանակ, որը և բերում է կրծքագեղձերի ուռչեցմանը: Դա անհետանում է առաջին կես տարվա ընթացքում:

  • Սեռահասուն շրջանի գինեկոմաստիա: Սեռական հասունացման շրջանում կտրուկ աճում է տղամարդու սեռական հորմոնների (անդրոգեններ) մակարդակը, սակայն այն ամբողջությամբ չի յուրացվում: Անդրոգենների մի մասը ենթարկվում է արոմատիզացիայի` առաջացնելով մեծ քանակությամբ էսթրոգեններ (կանանց հորմոններ), որոնք բերում են կրծքագեղձերի մեծացմանը:

  • Մեծահասակների գինեկոմաստիա: Ի հայտ է գալիս տղամարդու մոտ տարիքի  հետ`  անդրոգենների քանակի պակասի և էսթրոգենների քանակի ավելացման հետևանքով:

 

Պատճառները

 

  • Կլայնֆելտերի համախտանիշ
  • Տեստիկուլյար ֆեմինիզացիա
  • Հիպոթիրեոզ
  • Կաստրացիա  (ամորձիների հեռացում)
  • Խորիոկարցինոմա
  • Հիպոֆիզի և մակերիկամի ուռուցքներ
  • Բրոնխների քաղցկեղ
  • Լյարդի և երիկամների հիվանդություններ
  • Ալկոհոլի չարաշահում
  • Շաքարային դիաբետ
  • Ճարպակալում
  • Գարեջրի չարաշահում (այն պարունակում է ֆիտոէսթրոգեններ)
  • Նարկոտիկներ (հաշիշ, հերոին և ալն)
  • Դեղորայքի կողմնակի ազդեցություն (միզամուղներ, անաբոլիկ ստերոիդներ, հակադեպրեսանտներ, հորմոններ և այլն)

 

Կլինիկական պատկերը

 

  • Կրծքի (կաթնագեղձի) շրջանում ծանրություն և անհանգստացնող զգացում:
  • Գինեկոմաստիայի տևական բնույթը մեծացնում է կրծքագեղձի ուռուցքի հավանականությունը:
  • Եթե պտուկից առկա է արյունային արտադրություն, կաթնագեղձի պնդացում, երբեմն մաշկի գույնի փոփոխություն, ապա հարկավոր է այն դիֆերանցել կրծքագեղձի քաղցկեղի հետ:

 

Ախտորոշում և տարբերակիչ ախտորոշում

 

Մամոգրաֆիա (Mamography)

Մամոգրաֆիա (Mamography)

 

  • Օբկեյտիվ քննություն: Կրծքագեղձերը շոշափելիս նկատվում է խիտ, էլաստիկ և շարժուն գոյացություն` հստակ կոնտուրներով, անցավ: Ռեգիոնար ավշահանգույցները մեծացած չեն
  • Ուլտրաձայնային հետազոտություն
  • Մամոգրաֆիա (երբեմն)
  • Գանգի և կրծքավանդակի ռենտգենաբանական հետազատություն
  • Հորմոնալ պրոֆիլի հետազոտություն (էսթրոգեն, տեստոստերոն, պրոլակտին, մակերիկամի հորմոններ և այլն)
  • Լյարդի ֆունկցիայի հետազոտություն
  • Կաթնագեղձի ուռուցքի բացառման համար կատարվում է տվյալ գոյացության պունկցիա և հետագա բջջաբանական հետազոտություն:

 

Բուժում

 

Գինեկոմաստիայի ֆիզիոլոգիական ձևերը հիմնականում անհետանում են ինքնաբերաբար և չեն պահանջում դեղորայքային բուժում: Երբեմն դեռահասների մոտ էսթրոգենների բարձր կոնցենտրացիան ճնշելու համար կարող են նշանակվել հորմոնային պատրաստուկներ: Որոշ դեղորայքի կողմակի ազդեցությամբ պայմանավորված գինեկոմաստիան անհետանում է դրանք ընդհատելուց հետո:

Վիրահատական բուժման ցուցումներն են.

 

  • կրծքագեղձի մեծ ծավալը,
  • գինեկոմաստիայի տևողությունը (մեկ տարի և ավելի),
  • կոնսերվատիվ բուժման անարդյունավետություն,
  • կոսմետիկ նպատակով:

 

Հիշեցում


Գինեկոմաստիայի ախտորոշման և վարման համար կարևոր է էնդոկրինոլոգի, ուրոլոգի, մամալոգի  և գեղձային վիրաբուժի խորհրդատվություններն ու համագործակցությունը:

                                                                  

Գրետա Մուրադյան , էնդոկրինոլոգ

                                                             Հայ-ամերիկյան առողջության կենտրոն