Գիշերային ակամամիզություն (էնուրեզ) (Enuresis)

2017/06/28

Գիշերային ակամամիզությունն (էնուրեզ) ակամա գիշերային միզարձակությունն է: Տղաների մոտ կրկնակի անգամ ավելի է հանդիպում այս հիվանդությունը, քան` աղջիկների: Ամերիկայի Միացյալ Նահանգներում 5 տարեկանից բարձր էնուրեզով տառապող երեխաների թիվը շուրջ 7 միլիոն է: Գիշերային ակամամիզության պատճառները բազմազան են, երբեմն նույնիսկ՝ անհայտ: Ըստ ամերիկյան տվյալների, էնուրետիկ երեխաների 80%-ը քնի խանգարում ունի: Այսինքն, երեխայի քունն այնքան խորն է լինում, որ դեպի ուղեղի արթնացման կենտրոն միզապարկի լցվածությունն ու գրգիռները մնում են անպատասխան: Սովորաբար, էնուրետիկների միզապարկն ունի նորմալ տարողություն, բայց կծկողունակությունն ավելի մեծ է: Երբեմն երեխայի միզապարկի մկանների աճը համընթաց չի լինում նրա մյուս օրգանների աճին ու զարգացմանը: Հետեւաբար, չի կարողանում մեծ քանակությամբ մեզ պահել իր մեջ ու պատճառ է դառնում գիշերային ակամամիզության: Այս հիվանդությունը նաեւ ժառանգական բնույթ ունի: Պետք է ենթադրել, որ երեխաների մոտ գիշերամիզության դադարման ժամկետը գրեթե միշտ համընկնում է ծնողների մոտ նույն դադարման ժամկետին: Էնուրեզի պատճառները հոգեբանական խնդիրներն են (օրինակ՝ ծնողների ամուսնալուծությունները, մահը, նոր վայր կամ դպրոց տեղափոխվելը և այլն), որոնք ազդում են երեխայի հոգեկան աշխարհի վրա եւ առաջացնում այնպիսի ճնշվածություն ու դժվարություններ, որոնք երեխան չի կարողանում հաղթահարել: Այլ պատճառներից է նաեւ օրգանիզմի հորմոնային պակասորդը: Հակամիզամուղ հորմոնն (ՀՄՀ) արտադրվում է գիշերը եւ նպաստում մեզի քանակության նվազեցմանը: Հետեւաբար, այս հորմոնի պակասը հանգեցնում է մեծ քանակությամբ մեզի արտադրման եւ միզապարկի գերլցման:

 

Հիվանդության ախտորոշման համար անհրաժեշտ է կատարել մի շարք քննություններ (մեզի ընդհանուր անալիզ, ռենտգեն, շաքար, լաբորատոր քննություններ և այլն), նաեւ պարզել երեխայի հոգեկան ներաշխարհը, նրան հուզող խնդիրներն ու դժվարությունները: Բուժման համար օգտակար են միզապարկի տարողությունը մեծացնող վարժանքները, այսինքն՝ միզարձակման հետաձգումը, որի միջոցով էլ հետզհետե մեծանում է միզապարկի ծավալը: Հոգեբանը պետք է օգնի երեխային, որ նա քնած ժամանակ կարողանա պատասխանել միզապարկի լցման եւ միզարձակման ժամանակ իր օրգանիզմի գրգիռներին: Նաեւ պետք է քնի տեւողությունն ու խորությունը պակասեցնել: Խորհուրդ է տրվում երեկոյան ժամերին սահմանափակել ջրի, նաեւ՝ համակցված ու կոֆեին պարունակող հեղուկների, ցիտրուսային մրգերի օգտագործումը:

 

Բուժման համար կիրառվում է զգաստացնող հատուկ (alarm) սարք, որը հիվանդին արթնացնում է միզելու ժամանակ: Ամենակարեւորը, սակայն, ընտանիքի անդամների կողմից երեխայի եւ նրա վիճակի նկատմամբ հարգանքն ու ըմբռնումն է: