Սմեգմա (Smegma)

2017/07/03

Սմեգման տղամարդու և կնոջ սեռական օրգանների կողմից արտազատվող նյութ է, որի բաղադրության մեջ մտնում են էպիթելիալ բջիջներ, ճարպայուղեր։

 

Սմեգման բնորոշ է և՛ տղամարդուն, և՛ կնոջը։ Տղամարդկանց մոտ այն հանդիպում է առնանդամի գլխիկի և թլիփի, իսկ կանանց մոտ` հեշտոցամուտքի, ծլիկի և փոքր շրթերի շրջանում։

 

Տղա երեխաների մոտ նույնպես կարող է հանդիպել սմեգմա: Դրա ախտահարման նշաններից են՝ ցավը, կարմրությունը, բորբոքումն ու վերջապես՝ ֆիմոզը։ Հետևաբար, նախասեռահասուն շրջանում տղաների թլփատման գլխավոր պատճառներից է համարվում սմեգմայի հետևանքով առաջացած բորբոքային հիվանդությունը։

 

Սմեգմայի առաջացման պատճառները հիմնականում կապված են անձնական և սեռական կյանքի հիգիենայի խախտման հետ։

 

Սմեգմային բնորոշ է հոտը, քանի որ նրա միջավայրը շատ հարմար է միկրոբների աճի համար։

 

Տղամարդկանց մոտ քիչ քանակի սմեգման ունի խոնավացնեղ և սեռական հարաբերությունը հեշտացնող նշանակություն, իսկ շատը՝ առնանդամի գլխիկի ու թլիփի ախտահարման (բալանիտ կամ բալանոպոստիտ) պատճառ։ Սմեգման կարող է դժվարացնել նաև թլիփի տեղաշարժը՝ առաջացնելով տղամարդու համար ցավոտ ու անհարմար սեռական հարաբերություն։

 

Իսկ կանանց մոտ սմեգմայի առկայությունը կարող է բերել ծլիկի ցավոտության։

 

Սմեգմայի կանխարգելման համար հարկավոր է հետևել անձնական և սեռական հիգիենայի կանոններին, ամեն օր ջրով լվանալ սեռական օրգանները։

 

Սմեգման ինքնին վտանգ չի ներկայացնում, սակայն հատկապես չթլփատված տղամարդկանց մոտ բերում է հոտի և անհարմարավետության առաջացման: Սմեգման կարող է մեծացնել առնանդամի գլխիկի քաղցկեղի հավանականությունը։