Նեյրոգեն միզապարկ

2018/06/07

Ընդհանուր նկարագրություն


Գլխուղեղի, ողնուղեղի կամ ծայրամասային նյարդերի ֆունկցիայի խանգարումը կարող է բերել նեյրոգեն միզապարկի առաջացման: Եթե վնասվում են միզապարկի ծայրամասային նյարդերը, միզապարկը թորշոմում է, կորցնում տոնուսը և նորմալ կծկվելու ֆունկցիան: Սա բերում է միզապարկի գերլցման: Միզակապությունն էլ իր հերթին բերում է միզատար ուղիների վարակի զարգացման:

Ողնուղեղի ախտահարման ժամանակ միզապարկի ռեֆլեկտոր ակտիվությունը բարձրանում է: Սա նշանակում է, որ կարող է միզապարկի անսպասելի կծկում առաջանալ՝ անմիզապահություն: Միզապարկն ի վիճակի է պահել միայն ոչ մեծ քանակությամբ մեզ:

Նեյրոգեն միզապարկ կարող է առաջանալ ցանկացած տարիքում, սակայն հաճախ հանդիպում է տարեցների մոտ:

Պատճառները

Ցանկացած հիվանդություն, որն ազդում է ուղեղի ֆունկցիայի վրա, կարող է բերել նեյրոգեն միզապարկի առաջացման, օրինակ` գլխուղեղի ուռուցքը, կաթվածը, ցրված սկլերոզը, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզը, հիդրոցեֆալիան, Ալցհեյմերի հիվանդությունը:  Ողնուղեղն ախտահարող հիվանդությունները, ինչպիսիք են ողնուղեղի ուռուցքը, ողնաշարի վնասվածքը, ողնաշարային խողովակի ստենոզը և սկավառակների ճողվածքները, նույնպես կարող են բերել նեյրոգեն միզապարկի առաջացման: Շաքարախտը, ալկոհոլի քրոնիկական կիրառումը, որովայնային կամ կոնքի խոռոչի վիրահատությունները, ցանկացած տեղակայման վնասվածքները կամ ուռուցքները կարող են բերել նեյրոգեն միզապարկի առաջացման:  

Նշանները և ախտանիշները

Անմիզապահությունը նեյրոգեն միզապարկի հիմնական նշաններից է: Այն կարող է դրսևորվել կամ մեծ քանակությամբ մեզի անվերահսկելի արտահոսքով, կամ կաթիլներով մեզի անընդհատ արտահոսքով: Այլ ախտանշաններից են միզարձակման մշտական կանչերը և լցված միզապարկի զգացողությունը` նույնիսկ միզելուց հետո: Միզային վարակի առաջացման դեպքում միզարձակման ժամանակ ցավ և այրոց է առաջանում: