Միզային կաթետրի խնամքը (Urinary Catheters Care)

2017/06/28

Միզային կաթետրն (urinary catheters) այն խողովակն է, որը տեղադրվում է միզապարկում։ Կան բազմաթիվ հիվանդներ, ովքեր կրում են միզային տարբեր կաթետրներ։ Սովորաբար, միզային կաթետր է տեղադրվում տարբեր պատճառներով՝ միզապարկի դատարկում, մեզի քանակի հսկում, տրամաներից և վիրահատություններից հետո։

 

Կաթետրները տեղադրվում են ժամանակավոր կամ մշտական։ Դա կախված է պատճառից։ Օրինակ, երբ հիվանդն ունենում է սուր միզակապություն, ապա անմիջապես տեղադրվում է միզային կաթետր, որը որոշ ժամանակ անց հեռացվում է (բուժումից կամ վիրահատությունից հետո)։ Քրոնիկ միզակապությունների կամ միզապարկի ատոնիայի ժամանակ երբեմն կարիք է լինում երկարատև միզային կաթետրի տեղադրում (միզուկային կամ վերցայլքային)։

 

 

Կարևոր է իմանալ միզային կաթետրների հետ վարվելու և խնամքի որոշ կանոների մասին.

 

  • Միզային տոպրակը, որը միացվում է կաթետրին, պետք է լինի երկար, որպեսզի գիշերվա ընթացքում լարվածություն չառաջացնի ու հեշտացնի շարժունակությունը։
  • Միզային կաթետրի տոպրակը կարելի է նաև ամրացնել ոտքին, որպեսզի ավելի հեշտացնի հիվանդի տեղաշարժը։
  • Կաթետրը չպետք է լարվածություն ունենա, քանի որ այդ դեպքում հնարավոր է կաթետրը դուրս գա:
  • Հետևել հիգիենայի կանոններին և օրական ջրով լվանալ կաթետրի միացման հատվածը, նաև` երբեմն մշակել անտիսեպտիկ գելերով:
  • Խմել բավարար քանակությամբ հեղուկներ` հատկապես արյունամիզության դեպքում, խուսափելու համար կաթետրի խցանումներից։
  • Դիմել ուրոլոգի օգնությանը` խնդիրների առաջացման դեպքում։