Սուր պիելոնեֆրիտ ( Acute pyelonephritis )

2017/07/06

 Սուր պիելոնեֆրիտը (երիկամի ավազանի բորբոքում) համարվում է կյանքին սպառնացող հիվանդություն և կարիք ունի շտապ ախտորոշման ու բուժման:

 

Պատճառները հիմնականում կապված են վերելակ ճանապարհով երիկամի պարենխիմա ինֆեկցիայի ներթափանցման հետ: Աղիքային ցուպիկը համարվում է սուր պիելոնեֆրիտի ամենատարածված հարուցիչը (մոտավորապես 80%): Այլ հարուցիչներից են` Klebsiella, Proteus, Enterobacter, Pseudomans, Seratia, gram-positive bacteria, Streptococcus faecalis, S. aureus և այլն:

 

 

Կանանց մոտ այն կարող է զարգանալ ցիստիտի բարդացման հետևանքով: Հղի կանանց մոտ հանդիպում է մոտավորապես 20-30% դեպքերում և պայմանավորված է չբուժված անախտանիշ բակտերիուրիայով: Դաշտանադադարային տարիքի կանանց սուր պիելոնեֆրիտի պատճառ է համարվում ատրոֆիկ վագինիտը, որի ժամանակ տեղի է ունենում ախտածին միկրոբների աճ` հեշտոցի pH բարձրացման և լակտոբացիլների բացակայության պայմաններում:

 

Տղամարդկանց մոտ պիելոնեֆրիտը կարող է կապված լինել շագանակագեղձի բորբոքումների, միզուղիների խցանման, երկարատև տեղադրված միզային կատետրի և մեզում ինֆեկցիայի առկայության հետ:

 

Երեխաների մոտ հիվանդության պատճառ կարող է լինել նաև միզապարկ-երիկամային ռեֆլյուքսը (մեզի հետհոսք):

 

Ախտանշանները.

 

  • ստորին միզուղիների ախտանշաններ (դիզուրիա, հաճախամիզություն, անզուսպ միզարձակություն, վերցայլքային ցավեր, արյունամզիություն),
  • գոտկային ցավեր,
  • ջերմություն (39°C և բարձր),
  • դող և սարսուռ,
  • սրտխառնոց և փսխում:

Ախտորոշումը

 

Անհրաժեշտ է մանրամասն անամնեզ հավաքել հիվանդության պատմության մասին, կատարել օբյեկտիվ, լաբորոտոր (արյան և մեզի ընդհանուր քննություն, մեզի բակտերիոլոգիական քննություն) և գործիքային (սոնոգրաֆիա, ռենտգենոգրաֆիա, համակարգչային տոմոգրաֆիա և այլ) քննություններ:

 

Բարդությունները

 

  • Սուր երիկամային անբավարարություն (Acute renal failure): Հանդիպում է հազվադեպ, դրան կարող են նպաստել նաև այլ գործոններ, ինչպիսիք են` որոշ դեղորայքի ընդունումը, հիպովոլեմիան, միզային խցանումը և սեպսիսը:

  • Երիկամի կնճռոտում (Renal scarring): Երեխաների մոտ հանդիպում է մոտավորապես 15% դեպքերում և պայմանավորված է ջերմությամբ ուղեկցվող միզուղիների ինֆեկցիաներով: Ցիստիտը, պիելոնեֆրիտը, կրկնվող միզուղիների ինֆեկցիաները, միզուղիների խցանումը և միզապարկ-միզածորանային ռեֆլյուքսը կարող են բերել երիկամների կնճռոտման` հատկապես ժամանակին չբուժելու դեպքում:

  • Երիկամի թարախակալում (Renal abscess)



  • Հարերիկամային թարախակալում ( perirenal abscess)

  • Սեպսիս (sepsis): Սեպսիս կարող է զարգանալ հատկապես քրոնիկական երիկամային ախտահարումների ժամանակ և տարեցների մոտ:

  • Սեպտիկ շոկ (Septic shock)

  • Emphysematous pyelonephritis: Երբ օդ է հավաքվում երիկամի պարենխիմայի, ավազանի կամ հարերիկամային բջջանքի մեջ: Մահացությունը բավականին բարձր է (20-80%):

  • Միզուղիների խցանման բարդություններից են` հիդրոնեֆրոզը, պիոնեֆրոզը, ուրոսեպսիսը և xanthogranulomatous pyelonephritis-ը:

 

Բուժումը

 

  • Հակաբիոտրիկները համարվում են ամենակարևորը պիելոնեֆրիտի բուժման մեջ: Բուժման սկզբում կիրառվում են ներերակային անտիբիոտիկներ, որոնք փոխարինվում են ներքին ընդունման անտիբիոտիկներով:

  • Ներերակային հեղուկներ:

  • Վիրահատություն. կիրառվում է բարդությունների դեպքում (երիկամի կամ հարերիկամային բջջանքի թարախակալում և այլն):

  • Միզուղիների խցանման ժամանակ անհրաժեշտ է կատարել երիկամի ստենտավորում` երիկամներից մեզի արտահոսքն ապահովելու համար: