Էրեկտիլ դիսֆունկցիա- (Erectile dysfunction)

2018/11/14

Էրեկտիլ դիսֆունկցիան (իմպոտենցիա) տարածված հիվանդություն է: ԱՄՆ-ում էրեկտիլ դիսֆունկցիայով տառապում է շուրջ 30 միլիոն տղամարդ: Շատ կարեւոր է անդրադառնալ հատկապես սրտանոթային հիվանդություններին, որոնք ազդում են էրեկտիլ ֆունկցիայի վրա:

 

 Թույլ և պինդ առնանդամ

 

Կարծիք կա, որ 50 տարեկանից հետո աթերոսկլերոտիկ հիվանդության պատճառով առաջանում է էրեկտիլ դիսֆունկցիա տղամարդկանց մոտավորապես 40%-ի մոտ: Խոլեսթերինի բարձր քանակը փոփոխության է ենթարկում անոթների ներքին շերտը, կարծրացնում եւ դժվարացնում առնանդամի անոթների լայնացումը:

 

Այս իմաստով սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները միաժամանակ ռիսկի գործոններ են էրեկտիլ դիսֆունկցիայի համար: Այդ գործոններն են` շաքարային դիաբետը, ծխախոտը, խոլեսթերինի բարձր քանակը, ճարպերն ու նստակյաց ապրելակերպը: Ծխողների մոտ էրեկտիլ դիսֆունկցիայի հավանականությունը կրկնակի մեծ է` համեմատած չծխողների հետ: Զարկերակային հիպերտենզիան եւ հակահիպերտենզիվ դեղերը նույնպես ունեն մեծ ազդեցություն էրեկցիայի վրա: Հատկապես էրեկտիլ ֆունկցիայի վրա կարող են ազդել հակահիպերտենզիվ, հակադեպրեսանտ եւ հոգեմետ դեղերը: Քրոնիկական ալկոհոլի օգտագործումը նույնպես բերում է հորմոնային նյութափոխանակության փոփոխության եւ պոլինեյրոպաթիայի:

 

Էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառները

 

Էրեկտիլ դիսֆունկցիայի ախտորոշման համար հիվանդին ուղղված հարցերը պետք է կենտրոնացնել նրա սեռական եւ սոցիալական հարաբերություններին, սրտանոթային եւ հորմոնալ ստատուսին, օգտագործած դեղորայքին, որի արդյունքում ստացված տեղեկատվությունն օգնում է բժշկին գնահատել հիվանդի սեռական խնդիրներն ու երեւան հանել նրա պատճառները: Դժվարությունն այն է, որ այս հիվանդության եւ նրա ախտանիշների մասին հիվանդները շատ դեպքերում ամաչում են հայտնել: Նույնիսկ բժիշկները հազվադեպ են հարցնում հիվանդներին իրենց սեռական կյանքի մասին: Հետեւաբար, այս բացթողումից տուժում է հիվանդը, զարգանում է հիվանդությունը, եւ չեն կանխվում դրա բարդությունները: Մինչդեռ հիվանդություն առաջացնող գործոնի վերացումը կամ ուղղումը կարող է ունենալ բարերար ազդեցություն հիվանդության ելքի վրա: Հետեւաբար, տղամարդ-հիվանդի պարագայում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել սրտանոթային եւ էրեկտիլ դիսֆունկցիայի փոխազդեցության վրա՝ հիվանդության ախտորոշման եւ բուժման ճիշտ ընթացքի համար: