Ուրոֆլոումետրիա

2018/03/22

Ուրոֆլոումետրիան ախտորոշման եղանակ է, որի էությունը միզարձակման արագության չափումն է: Այն ախտորոշման համեմատաբար պարզ եղանակ է, որը կիրառվում է միզարձակման տարբեր խանգարումների ժամանակ:

 

 

Հետազոտության ցուցումները.

 

  • շագանակագեղձի ադենոմա,
  • միզատար խողովակի նեղացում,
  • նեյրոգեն միզապարկ,
  • գերակտիվ միզապարկ,
    անմիզապահություն,
  • շագանակագեղձի քաղցկեղ:

 

Ինչպես է իրականացվում ուրոֆլոումետրիան

 

  • Կիրառվում է հատուկ սարք (ուրոֆլոումետր): Հիվանդին խնդրում են միզել սարքավորման հատուկ անոթի մեջ, որը վերլուծում է կարևոր ցուցանիշները և  ստանում բավականին ճշգրիտ ցուցանիշներ: Հետազոտությունը պետք է իրականացվի հիվանդի համար հարմար պայմաններում, իսկ անհրաժեշտության դեպքում ախտորոշումը կրկնվում է մի քանի անգամ՝ ավելի օբյեկտիվ տվյալներ ստանալու համար: Հարկ է հիշել, որ ախտորոշումը պետք է իրականացվի բավականին լցված միզապարկով, սակայն վերջինիս գերլցումը բացարձակ ցանկալի չէ:

  • Չափիչ անոթի և վայրկյանաչափի կիրառում: Այս դեպքում հիվանդը նշում է միզարձակման սկիզբը և վերջը ու չափում մեզի ծավալը: Ապա ստացված ծավալը բաժանելով ժամանակի վրա՝  ստանում են միզարձակման միջին արագությունը: Այս եղանակի կիրառումը ցուցված է ուրոֆլոումետրիայի բացակայության ժամանակ: Բնականաբար, ի տարբերություն սարքային եղանակի, վայրկյանաչափի կիրառումը թույլ չի տալիս ստանալ հոսքի բոլոր անհրաժեշտ ցուցանիշները:

 

Ուրոֆլոումետրիայի ցուցանիշները նորմայում

 

  • Միզարձակման առավելագույն արագությունը տղամարդկանց համար նորմայում 15մլ/վրկ և ավելի է, կանանց համար՝ 20 մլ/վրկ և ավելի:
  • Միզարձակման միջին արագությունը նորմայում գերազանցում է 10 մլ/վրկ-ը:
  • Առավելագույն արագության հասնելու ժամանակը նորմայում 4-9 վայրկյան է:
  • Միզարձակման ընդհանուր ժամանակը գնահատվում է բժշկի կողմից՝ ըստ արտազատված ծավալի:
  • Արտազատված մեզի ծավալը: Իդեալական դեպքում հետազոտությունն օբյեկտիվ է համարվում, եթե ընդհանուր ծավալը կազմում է 200-500 մլ:
  • Նվազագույն ծավալը, որի ժամանակ կարելի է հաշվի առնել ուրոֆլոումետրիայի արդյունքները, կազմում է 100 մլ:
  • Միզարձակման սկզբի համար անհրաժեշտ ժամանակը, սովորաբար, 10 վայրկյանը չի գերազանցում: Սակայն պետք է հաշվի առնել հոգեբանական այն գործոնը, որը խանգարում է որոշ մարդկանց համապատասխան ձևով միզել անհարմար պայմաններում:

 

 

Ինչպես նախապատրաստվել ուրոֆլոումետրիային

 

  • Հետազոտությունից 30-60 րոպե առաջ անհրաժեշտ է խմել 0,5-1 լիտր ջուր:
  • Հիվանդը սպասում է մինչև միզելու ցանկության առաջանալը և այդ մասին հաղորդում է բժշկին:
  • Իրականացվում է հետազոտությունը, որի ընթացքում հիվանդի համար անհրաժեշտ է հարմար պայմաններ ստեղծել: Անհրաժեշտության դեպքում բացվում է ջրի ծորակը՝ պայմանական ռեֆլեքսն ուժեղացնելու նպատակով:
  • Որոշ դեպքերում, օբյեկտիվ տվյալների ստացման նպատակով անհրաժեշտ է մի քանի հետազոտություն իրականացնել: