Ե՞րբ և ինչու՞ կատարել շագանակագեղձի արտազատուկի քննություն

2017/06/30

Շագանակագեղձի արտազատուկի քննությունը (prostatic secretion test) կատարվում է այդ օրգանի բորբոքային հիվանդության ախտորոշման և բուժման նպատակով: Պրոստատիտն ամենատարածված ուրոլոգիական հիվանդություններից է: Այն բորբոքային հիվանդություն լինելուց զատ` ունի մեծ ազդեցություն տղամարդու միզասեռական և վերարտադրողական համակարգերի, և, ընդհանրապես, կյանքի որակի վրա: Հետևաբար, այս հիվանդության ճիշտ ախտորոշման համար կարևոր է չորս բաժականի քննությունը (4-glass test):

 

Հիվանդը ներկայանում է կլինիկա չմիզած վիճակում, հավաքվում են մեզի 1-ին, 2-րդ բաժինները, այնուհետև վերցվում է շագանակագեղձի արտազատուկը` ուղիղ աղիքային մատնային քննության միջոցով, որից հետո վերցվում է նաև մեզի 3-րդ բաժինը: Կատարվում է այս նմուշների միկրոսկոպիկ քննություն` բորբոքային բջիջների հայտնաբերման նպատակով, ինչպես նաև բակտերիոլգիական քննություն` միկրոբների տեսակն ու քանակը ճշտելու նպատակով: Ուրոլոգն իրավասու է տվյալ հետազոտությունը կատարելու, քանի որ, բացի շագանակագեղձի բորբոքումից, գոյություն ունեն նաև այլ հիվանդություններ, ինչպիսիք են`շագանակագեղձի ադեոման և շագանակագեղձի քաղցկեղը: