Բժիշկը և դեպրեսիան (Physician and Depression)

2017/06/30

Բժիշկների շրջանում, ընդհանուր առմամբ, քիչ են սրտանոթային և քաղցկեղային հիվանդությունները, սակայն զգալիորեն բարձր են դեպրեսիաների և ինքնասպանության դեպքերը։ Սխալված չենք լինի ասել, որ բժիշկները նույնպես չունեն ամենօրյա խնդիրների և դեպրեսիաների նկատմամբ բավարար հակազդեցություն։ ԱՄՆ֊ում տարեկան մոտավորապես 400 բժիշկ է դիմում ինքնասպանության։ Նրանք հատկապես չբուժված դեպրեսիաների, վթարներից առաջացած հոգեկան խանգարումների, ալկոհոլիզմի, թմրանյութերի չարաշահումների արդյունք են։

 

Կատարված հետազոտական աշխատաքները հաստատել են, որ դեպրեսիան հանդիպում է տղամարդ բժիշկների 12%֊ի և կին՝ 18%֊ի մոտ։  Բժիշկների մոտ դեպրեսիաները կարող են աննկատ մնալ և մինչև վերջ չբուժվել, քանի որ վերջիններս ինքնախտորոշմամբ և ինքնաբուժմամբ են փորձում լուծել իրենց խնդիրները։ Սեփական հոգեվիճակի ինքնախտորոշումը շատ բարդ է, հետևաբար, բժիշկները հաճախ են սխալվում սեփական հիվանդության ախտորոշման և բուժման հարցում: Իսկ ինչ վերաբերում է ինքնասպանության մտքերին, ապա յուրաքանչյուր բժիշկ գիտակցում է, որ դա վատ արարք է, սակայն նախընտրում է քողարկել իր հիվանդությունն ու ինքնասպանության մտադրությունը:


Բժիշկների մոտ դեպրեսիաների ախտորոշումն ու բուժումը, իրավամբ, լուրջ խնդիր է: Դեպրեսիայի ժամանակ ինքնագնահատականի իջեցման պատճառով մասնագետի մոտ նկատվում է աշխատունակության անկում և մոտիվացիայի պակաս։

 

Բժշկի դեպրեսիայի ախտանիշներից և  վարքագծի դրսևորումներից են.

 

  • նյարդայնություն, գրգռվածություն և միջանձնային հակամարտություններ,
  • շրջապատի հետ մերթ` չափազանց մտերմություն, մերթ` անհարկի պաշտոնական «սառը» պահվածք,
  • մասնագիտական պարտավորությունների մեջ թերացումներ, ուշադրության պակաս և սխալներմ
  • ոչ ռացիոնալ և ռիսկային որոշումներ,
  • բժշկական պարագաների նկատմամբ արհամարհանք (սպիտակ խալաթ, ձեռնոց, դիմակ…),
  • քնի խանգարումներ (անքնություն կամ քնկոտություն),
  • սեռական  և անպարկեշտ բնույթի արտահայտություններ,
  • հաճախակի աշխատատեղի փոփոխություն և այլն:

 

Ինչ վերաբերում է ինքնասպանություններին, ապա բժիշկների մոտ այս ռիսկը մոտավորապես երկու անգամ ավելի բարձր է, քան բնակչության այլ խմբերում: Կին բժիշկներն ավելի քիչ են հակված ինքնասպանության, քան այլ մասնագիտության կանայք: Բժիշկների կողմից ինքնասպանության փորձերի մեծ մասը մահվան ելք են ունենում, քանի որ նրանց մեծ մասին հասանելի են մահացու ազդեցության դեղերը:

 

Փաստ է, որ բժիշկներն իրենց դեպրեսիաների կամ  ինքնասպանության մտադրությունների կապակցությամբ հազվադեպ են դիմում իրենց գործընկերներին՝ մասնագիտական օգնության ստանալու: Սա պայմանավորված է աշխատանքը կորցնելու, հոգեկան հիվանդության «պիտակից» խուսափելու և խնդրի մասին ուրիշների տեղեկենալու վախով:

 

Հաշվի առնելով նմանատիպ խնդրի առկայությունը բժշկական բնագավառում, պետական առողջապահական համակարգում  պետք է կարևորվի նախևառաջ հենց բժիշկների ֆիզիկական և հոգեկան առողջության խնդիրները։ Այս միջոցով կարող են նվազել բժիշկների հոգեկան առողջական խնդիրները և կանխվել ողբերգական դեպքերը: