Find us on Facebook
TAGS
PSA Sex Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում խլամիդիա կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական ցանկություն սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու սեռական կյանք ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Posts Tagged ‘տղամարդու առողջություն’

Երկարացած կամ ուշացած սերմնաժայթքումը համարվո՞ւմ է նորմալ։

Հարց։

Ամուսնուս մոտ սեռական ակտի տևողությունը մինչև 1 ժամ է, արդյո՞ք դա նորմալ է։Ռաֆֆի Ջանեցյան, ուրոլոգ

Պատասխան։

Սովորաբար ամուսնական կյանքում երկարատև սեռական հարաբերությունը շատ հաճելի իրողություն է զույգերի և հատկապես կանանց համար։

Բայց երկարատև սեռական հարաբերությունը ինքնին կարող է դրսևորվել 2 պատճառներով․֊

  1. Եթե ձեր երկուսի սեռական հարաբերությունը տեղի է ունենում սիրով, և ամուսնու մոտ կարողություն կա սեքսի տևողությունը երկարեցնել, ապա դա շատ դրական է անդրադառնում ձեր առողջության վրա։
  2. Իսկ եթե ձեր ամուսինը մեծ սիրով ու ցանկությամբ չի մոտենում ձեզ, լարված է հարաբերության ժամանակ, դժվարանում և ուշանում է սերմնաժայթքումը, ապա դա համարվում է սերմնաժայթքման խանգարում։ Ուշացած սերմնաժայթքման (Delayed ejaculation) պատճառները բազմաթիվ են՝ հոգեբանական, օրգանական, հորմոնալ, նյարդային և դեղորայքային։ Այս դեպքում ցանկալի է դիմել ուրոլոգիական խորհրդատվության՝ պարզելու տվյալ խնդրի պատճառը և վերականգնելու ձեր ամուսնու առողջությունը։

Տարակարծություններ PSA-ի մասին (Controversies about PSA)

Տարակարծություններ PSA-ի մասին

(Controversies about PSA)

PSA

Պրոստատիկ սպեցիֆիկ անտիգենը (PSA) շագանակագեղձի էպիթելյալ բջիջների կողմից արտադրվող սպիտակուց է: Այս անտիգենը շրջանառության մեջ է մտնում արյան մեջ եւ ունի կարեւոր նշանակություն, հատկապես շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման հարցում:

Սակայն PSA-ի բարձր մակարդակը (>4նգ/մլ) իրականում միշտ կապված չէ շագանակագեղձի քաղցկեղի հետ։ Երբեմն այդ բարձրացումը կապված է լինում շագանակագեղձի բորբոքման (պրոստատիտ) կամ ադենոմայի հետ։ Կան նաև այլ վիճակներ, որից հետո կարող է նույնպես նկատվել PSA-ի բարձրացում, օրինակ՝ շագանակագեղձի մասաժ, սերմնաժայթքում, երկար հեծանիվ վարել ևայն։

Շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման մեջ PSA-ից բացի պետք է հաշվի առնել հիվանդի տարիքը, ընդհանուր առողջական վիճակը, ընտանեկան պատմությունը ևայլն։ PSA-ի սկրինինգը լավ գործիք է շագանակագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման համար։ Սովորաբար խորհորդ է տրվում 45-50 տարեկանից սկսյալ տարին մեկ անգամ կատարել այս քննությունը։ Այս քննությունը կատարելու ժամանակացույցն ու հաճախականությունը տարբեր է։ PSA-ի նորման համարվում է մինչև 4նգ/մլ։ Սովորաբար մինչև 2նգ/մլ մակարդակի դեպքում կարելի է կատարել տարեկան մեկ անգամ, իսկ ավելի բարձր՝ տարին 2 անգամ։PSA

Շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման համար շատ կարևոր է կիրառել օժանդակ հետազոտման մեթոդները՝ ուղիղ աղիքային մատնային քննություն, երբեմն ուղիղաղիքային սոնոգրաֆիա, ՄՌՏ և վերջապես՝ շագանակագեղձի բիոպսիա։

Շատ հաճախ PSA-ի հետազոտման արդյունքում առաջանում են կեղծ դրական կամ կեղծ բացասական արդյունքներ։ Կեղծ դրական տվյալը (բարձր PSA և քաղցկեղի բացակայություն) առաջացնում են լարվածություն թե հիվանդի և թե նրա ընտանիքի համար։ Իսկ այսպիսի հիվանդներին լրացուցիչ ու հաճախակի շագանակագեղձի պունկցիոն բիոպսիա կատարելը կարող է բերել մի շարք բարդությունների, ինչպիսին են ցավը, արյունամիզությունը և բորբոքումը։ Իսկ կեղծ բացասական պատասխանները (ցածր PSA և քաղցկեղի առկայություն) նույնպես ուշադրության արժանի են, քանի որ այս պարագայում վրիպում է քաղցկեղի վաղ ախտորոշումը։

PSA-ը նույնպես շատ կարևոր գործիք է շագանակագեղձի արմատական հեռացումից հետո ուռուցքային հիվանդության հսկողության առումով։ Հետևաբար նրա բարձրացումը կարող է ուռուցքի կրկնության նշան լինել։ Նա նույնպես հակաքաղցկեղային դեղորայքային բուժման հաջողության կամ ձախողության ցուցանիշ է։

Ամփոփ խորհուրդներ։

  • 45-50 տարեկան տղամարդկանց խորհուրդ է տրվում տարին մեկ անգամ դիմել ուրոլոգիական խորհրդատվության։
  • Ուրոլոգի ցուցումով կատարել՝ PSA քննություն, ուղիղ աղիքային մատնային քննություն, սոնոգրաֆիա, անհրաժեշտության դեպքում ուղիղաղիքային սոնոգրաֆիա։
  • Հսկողություն սահմանել հատկապես ռիսկային հիվանդների նկատմամբ, ում հարազատները (հայր, հօրեղբայր, եղբայր) ունեցել են շագանակագեղձի քաղցկեղ։
  • Չուրախանալ ցածր PSA-ի կամ տխրել՝ բարձր PSA-ի դեպքում։
  • Ուրոլոգի կողմից PSA-ի և հետազոտման այլ մեթոդների համատեղ կիրառումն ու ճիշտ վերլուծությունը, ինչպես նաև ժամանակին շագանակագեղձի բիոպսիայի կատարումը կարևոր է շագանակագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման համար։

Ռաֆֆի Հ․ Ջանեցյան, ուրոլոգ


Այս թեմայի մասին ձեր հարցերը կարող եք հղել հոդվածի հեղինակ, բժ․՝ Ռաֆֆի Ջանեցյանին

Բոլոր դաշտերը լրացնելը պարտադիր է
Ձեր անուն, ազգանունը
Ձեր էլ. հասցեն
Թեմա
Ձեր հաղորդագրությունը
Մուտքագրեք պատկերված կոդը captcha
 

Սեռավարակներ, նրանց բարդություններն ու կանխարգելումը

Հայաստանում ամենատարածված սեռավարակները, բարդություններն ու կանխարգելումը

Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ բազմաթիվ են: Դրանցից որոշները մարդկությանը հայտնի են դարեր ի վեր, սակայն կան այնպիսինները, որոնք միայն վերջերս են հայտնի դարձել:

Այս հիվանդությունները կարող են լուրջ խնդիր դառնալ սեռական կյանքով ապրող ցանկացած մարդու համար: Բժշկության ու տեխնոլոգիաների զարգացումը, ցավոք, շատ չի օգնել մարդկությանը ապահով սեքսի հարցում, ինչի հետևանքով սեռավարակները շարունակում են տարածվել: Med.tert.am-ը զրուցեց «Ուրոլոգիայի կենտրոն», Նյու Մեդ կլինիկայի բժիշկ-ուրոլոգ՝ Ռաֆֆի Հ. Ջանեցյանի հետ և փորձեց պարզել, թե որ սեռավարակներն են ամենից շատ տարածված ՀՀ-ում, ինչպես կարելի է կանխել դրանց տարածումը և ինչ բարդություններ կարող են առաջանալ ոչ պատշաճ բուժման դեպքում:

Պարոն Ջանեցյան, որո՞նք են Հայաստանում ամենատարածված սեռավարակները և ինչպե՞ս կարելի է կանխել դրանց տարածումը:

  • Սեռավարակների կանխման համար հարկավոր է հետևել սեռական կյանքի հիգիենային, օգտագործել պահպանակներ և առհասարակ ունենալ սեռական հարաբերություններ միայն մեկ զուգընկերջ հետ: Հայաստանում, ինչպես և այլ երկրներում, հիմնականում տարածված են բակտերիալ վարակները, այսինքն խլամիդիան, գոնորեան, ինչու չէ նաև սիֆիլիսը, որն ավելի քիչ է տարածված և այլն: Սրանք բոլորն էլ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ են: Տարածված են նաև սնկային և վիրուսային վարակները, որոնք նույնպես կարող են փոխանցվել սեռական ճանապարհով: Դրանցից են հեպատիտ A-ն, որը նաև փոխանցվում է օրալ ճանապարհով և սեռական արտազատուկի միջոցով, հեպատիտ C-ն, որը նույնպես տարածվում է օրալ ճանապարհով, հեպատիտ B-ն, հերպեսները, մարդկային պապիլոմա վիրուսը և իհարկե Մարդու իմունային անբավարարության վիրուսը(ՄԻԱՎ):

Այսինքն, սեռավարակների տարածումը հիմնականում սեռական ճանապարհով է տեղի ունենում, բայց դրանք կարող են տարածվել նաև բերանի և վնասվածքների միջոցով։ Դուք նշեցիք, որ լինում են առանց ախտանշանների սեռավարակներ: Իսկ կարող եք ավելի մանրամասնել, թե ի՞նչ բարդությունների մասին է խոսքը։

  • Տղամարդկանց մոտ դրանք կարող են առաջացնել շագանակագեղձի քրոնիկ բորբոքում: Սա նշանակում է, որ այդ վարակները, օրգանիզմում հայտնվելով, կարող են ախտահարել շագանակագեղձը: Բացի այդ, դրանք կարող են ախտահարել նաև մակամորձին կամ ամորձին՝ առաջացնելով քրոնիկ, որոշ դեպքերում նաև սուր, օրխիտ՝ մակամորձու կամ ամորձու բորբոքում, ինչի հետևանքով կարող է առաջանալ սերմնատար ուղիների խցանումներ և անպտղություն: Հատկապես վտանգավոր է խլամիդիոզը, որը երկարատև չբուժելու դեպքում նույնպես հանգեցնում է անպտղության:

Այս ամենից կարելի՞ է ենթադրել, որ պարբերաբար բուժզննում անցնելը պարտադիր է, քանի որ նույնիսկ ախտանշանների բացակայության դեպքում վտանգի գործոնը, միևնույն է, բավական բարձր է:

  • Այո, հատկապես խոսքը վերաբերում է այն տղամարդկանց (կամ կանանց), որոնք վարում են ակտիվ սեռական կյանք տարբեր զուգընկերների հետ, ապա անկախ նրանից թե կան ախտանշաններ կամ ոչ, պարտավոր է պարբերաբար կատարել մի շարք հետազոտություններ։ Առանձնահատուկ կարևորություն ունեն ամուսնության շեմին կանգնած երիտասարդ զույգերը։ Մեր կենտրոնում կատարվում են բոլոր այդ հետազոտությունները, զույգերին տրամադրում ենք “առողջության սերտիֆիկատ”։ Բայց, ամեն պարագայում առողջության ամենակարևոր գրավականը ինֆեկցիաների կանխարգելումն ու առողջ ապրելակերպի վարումն է։

Հարցազրույցը վարեց Անահիտ Գյոլեցյանը

http://med.tert.am/am/news/2016/11/04/raffi-janesian/26029

Սմեգմա (Smegma)

Սմեգմա (Smegma)

Սմեգման, դա տղամարդու և կնոջ սեռական օրգանների կողմից արտազատվող նյութ է, որի բաղադրության մեջ մտնում են՝ էպիթելիալ բջիջներ, ճարպայուղեր և մաշկի խոնավությունը։

Սմեգման բնորոշ է և՛ տղամարդուն և՛ կնոջ։ Տղամարդկանց մոտ այն հանդիպում է առնանդամի գլխիկի և թլիփի, իսկ կանանց՝ հեշտոցամուտքի, ծլիկի և փոքր շրթերի շրջանում։

Տղա երեխաների մոտ նույնպես կարող է հանդիպել սմեգման և նրա ախտահարման նշաններից են՝ ցավը, կարմրությունը, բորբոքումն ու վերջապես՝ ֆիմոզը։ Հետևաբար նախասեռահասուն շրջանում տղաների թլփատման գլխավոր պատճառներից է համարվում սմեգմայի պատճառով առաջացած բորբոքային հիվանդությունը։

Սմեգմայի առաջացման պատճառները հիմնականում կապված են անձնական և սեռական կյանքի հիգիենայի հետ։Սմեգմա (smegma)

Սմեգմային բնորոշ է հոտը, քանի որ նրա միջավայրը շատ հարմար է միկրոբների աճի համար։
Տղամարդկանց մոտ քիչ քանակի սմեգման ունի խոնավացնեղ և սեռական հարաբերությունը հեշտացնեղ, իսկ շատը՝ առնանդամի գլխիկի ու թլիփի ախտահարման (բալանիտ կամ բալանոպոստիտ) պատճառ։ Սմեգման կարող է դժվարացնել նաև թլիփի տեղաշարժը՝ առաջացնելով տղամարդու համար ցավոտ ու անհարմար սեռական հարաբերություն։

Իսկ կանանց մոտ սմեգմայի առկայությունը կարող է բերել ծլիկի ցավոտության։

Սմեգմայի կանխարգելման համար հարկավոր է հետևել անձնական և սեռական հիգիենայի կանոններին և ամեն օր ջրով լվանալ սեռական օրգանները։

Սմեգման ինքնին վտանգ չի ներկայացնում, սակայն հատկապես չթլփատված տղամարդկանց մոտ նախ բերում է հոտի և դիսկոմֆորտի առաջացմանը, այնուհետև կարող է մեծացնել առնանդամի գլխիկի քաղցկեղի հավանականությունը։

Սերմնահեղուկի վրա ազդող գործոնները

Սերմնահեղուկի վրա ազդող գործոնները

(Factors influencing sperm quality)

Սերմնահեղուկի որակի վրա ազդող գործոնները բազմաթիվ են։ Այդ գործոնները առանձին կամ միասին կարող են բերել Տղամարդու անպտղության (Male Infertility)։ Այս գործոնների բացասական ազդեցության վերաբերյալ հավաստի տվյալների դժվար է հանդիպել, սակայն կան մի շարք ուսումնասիրություններ, որոնք առանձնացրել են միջավայրի և ապրելակերպի գործոնները, որոնք կարող են բերել սերմնաբջիջների քանակական և որակական փոփոխությունների։

Սերմնաբջիջ (spermatozoid)

Սերմնահեղուկի վրա ազդող բացասական գործոնները։

  1. Քիմիա: Բժիշկները պնդում են, որ ստերոիդները վատ են անդրադառնում սերմնահեղուկի որակի վրա, քանի որ նվազեցնում են սերմնահեղուկի շարժունությունը:
  2. Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ: Օրինակ` տղամարդկանց մոտ խլամիդիոզը 33%-ով նվազեցնում է երեխա ունենալու հավանականութունը:
  3. Էկոլոգիա: Յուտայի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ օդի աղտոտվածությունը նվազեցնում է սերմնահեղուկի շարժունությունը։
  4. Գերտաքացում: Բժիշկները տղամարդկանց խորհուրդ չեն տալիս աշխատել նոութբուքը ծնկներին դրած, կրել նեղ ներքնազգետ: Նստած դիրքով երկար ժամանակ մնալը` հատկապես մեքենա վարելիս, ևս հանգեցնում է գերտաքացման:
  5. Ինտելեկտ: Նյու-Մեքսիկոյի համալսարանի գիտնական Ջեֆրի Միլլերի հետազոտության համաձայն` ինտելեկտութալ առումով զարգացած տղամարդիկ գրանցել են նույնքան լավ արդյունքներ նաև իրենց սերմնահեղուկի հետազոտությունների արդյունքում: Զարմանալի է, բայց փաստացի կա ուղիղ կապ ինտելեկտւալ ունակությունների և սերմնահեղուկի որակի միջև:
  6. Սնունդ: Վիտամին C-ի և B12-ի, ինչպես նաև ցինկի պակասը վատ է անդրադառնում սպերմայի ակտիվության վրա:
  7. Ավելորդ քաշ: Հետազոտությունները վկայում են, որ ավելորդ քաշ ունեցող տղամարդկանց օրգանիզմում կան ավելի շատ աննորմալ սպերմատոզոիդներ, քան ավելորդ նորմալ քաշով տղամարդկանց մոտ: Այնուամենայնիվ սերմնահեղուկի շարժունության և կոնցենտրացիայի վրա ավելորդ քաշն ազդեցություն չունի:
  8. Վնասվածքներ: Ֆիզիկական ակտիվության որոշ ձևեր բացասական կերպով են ադնդրադառնում սերմնահեղուկի վրա: Լեռնային հեծանվավազքն, օրինակ, մշտապես ուղեկցվում է ամորձիների թույլ վնասվածքներով:
  9. Բջջային հեռախոսներ: Կլիվլենդի կլինիկայի մասնագետների անցկացրած ուսումնասիրությունները վկայում են, որ օրական չորս ժամից ավել բջջային հեռախոսի օգտագործումը շատ վատ է անդրադառնում սերմնահեղուկի որակի վրա, ըստ այդմ խորհուրդ չի տրվում հեռախոսը պահել տապատի դիմային գրպաններում:

Սերմնահեղուկի, տղամարդու անպտղության և նմանատիպ նյութերի հղումներ․֊

Սերմնահեղուկի բանկ (Sperm Bank)

Սերմնահեղուկի սառեցում (Sperm cryopreservation)

Սերմնահեղուկի մեջ արյուն լինելու պատճառները (Hematospermia)

Տղամարդու ապրելակերպի ազդեցությունը սերմի որակի և պտղաբերության վրա (Lifestyle and sperm quality)

Վարիկոցելե (Varicocele)

Վարիկոցելե (Varicocele)

Վարիկոցելեն դա սերմնալարի երակների լայնացումն է, որն առաջանում է ամորձիներից մեկի կամ երկուսի շրջանում: Հիմնական գանգատը կարող է լինել դիսկոմֆորտը և բութ ցավերը։ Վարիկոցելեի ախտորոշման պարագայում մեծանում է տղամարդու անպտղության հավանականությունը։ Սակայն վարիկոցելեյով տղամարդկանց մեծ մասի մոտ պարտադիր չէ սերմի որակի փոփոխությունը:

Չկա որևէ միանշանակ պատասխան մասնագետների կողմից այն մասին, թե արդյո՞ք վարիկոցելեի բուժումը վերացնում է անպտղությունը: Եթե տղամարդու վերարտադրողական ֆունկցիայի խանգարումը պայմանավորված է նաև վարիկոցելեով, ապա այս դեպքում լավագույն տարբերակը դա ուրոլոգի հետ քննարկելն է, քանի որ մասնագետը ամենատեղեկացվածն է այս խնդրի մանրամասնություններին: Եթե կա բուժման անհրաժեշտություն, ապա այն միայն վիրահատական  է:

Ի՞նչ է վարիկոցելեն:

Վարիկոցելե (Varicocele)

Վարիկոցելե (Varicocele)

Սա իրենից ներկայացնում է որդանման լայնացած երակների խումբ ամորձապարկում` տեղակայված մեկ կամ երկու ամորձիների վերին և կողմնային հատվածներում: Անոթների լայնացումը շարունակվում է աճուկային խողովակում՝ սերմնալարի ամբողջ երկարությամբ։

Ո՞վ է տառապում վարիկոցելեով:

15-25 տարեկան տարիքային խմբի 7 տղամարդկանցից 1֊ը ունի վարկոցելե: Դեպքերի 50%-ում հանդիպում է ձախ կողմում, մնացածը` երկու կողմերում միաժամանակ, հազվադեպ` աջ կողմում: Ինչո՞ւ են գերակշռում ձախակողմյան դեպքերը: Պատճառը ձախակողմյան երակների՝ երիկամային երակի մեջ բացվելու հանգամանքն է։

Որո՞նք են վարիկոցելեի ախտանիշները:

Վարիկոցելեն սկազբնական շրջանում հիմնականում անախտանիշ է։ Այնուհետև հիվանդների մոտ նկատվում է դիսկոմֆորտ, ծանրության զգացողություն և բութ ցավեր։ Երբեմն վերոնշյալ զգացողությունները առաջանում են օրվա ավարտին, հատկապես եթե հիվանդը ողջ օրը ոտքի վրա է եղել: Լայնացած երակները երբեմն շաշափվում են անզեն աչքով կամ լարվածությունից հետո, իսկ երբեմն էլ՝ գործիքային հետազոտության միջոցով:

Ի՞նչն է առաջացնում վարիկոցելե:

Շատ դեպքերում, անոթների լայնացման պատճառը երակների փականային անբարարությունն է։ Այս ժամանակ փականները թույլ են տալիս արյան հետհոսք, արդյունքում լայնանում են երակները և առաջանում է վարիկոցելե։
Մեծահասակների մոտ վարիկոցելեն հազվադեպ է զարգանում, իսկ եթե առկա է ապա այն կարող է լինել խոշոր երակների ճնշման կամ խցանման արդյունք։ Հատկապես երիկամի ուռուցքի ժամանակ կարող է հանդիպել տվյալ ախտանշանը։

Արդյո՞ք վարիկոցելեն վտանգավոր է:

Որպես կանոն ոչ: Անհանգստության կարիք կա, երբ առկա է ձախ ամորձու և ոտքի շրջանի ցավ։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վարիկոցելեով տառապող տղամարդկանց մոտ անպտղության բարձր ցուցանիշ է նկատվում: Պատճառը ամբողջությամբ պարզ չէ: Կա կարծիք, որ արյան կանգի պատճառով բարձրանում է ամորձապարկի ջերմաստիճանը։ Արդյունքում վատանում է սերմնաբջիջների քանակն ու որակը։ Վարիկոցելեի առկայությունը տղամարդու անպտղության պայման չէ, սակայն դրա հավանականությունը մեծացնող գործոն է։
Վարիկոցելեի առկայությունը դեռահաս տղաների մոտ կարող է բերել ամորձու չափերի փոքրացմանը (ատրոֆիա): Հետևաբար այս տարիքում պետք է գտնվել բժշկի հսկողության ներքո և բուժվել՝ խուսափելու համար ամորձու ֆունկցիայի կորստից և հետագայում անպտղությունից։

Ո՞րն է բուժումը:

Վիրահատական բուժման բացարձակ ցուցումներն են՝ ամորձու ատրոֆիայի վտանգը, ցավային ախտանիշը և անպտղությունը։ Մնացած դեպքերում կարելի է սպասել, սակայն միաժամանակ գտնվելով ուրոլոգի հսկողության ներքո։ Երբեմն վիրահատական միջամտությունից հետո դիտվում է վարիկոցելեի կրկնություն։

Ամփոփում։

Վարիկոցելեն համարվում է տղամարդկանց անպտղության հիմնական պատճառներից մեկը, որի ախտորոշման և բուժման նկատմամբ պետք է ուշադիր լինել, հատկապես խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ երկընտրանքի հարց է առաջանում՝ վիրահատել կամ ոչ։ Ուրոլոգը իրազեկ և պատասխանատու մասնագետն է այս խնդրի վերաբերյալ։

Վարիկոցելեի մասին ձեր բոլոր հարցերը կարող եք հղել՝ բժ․ Ռաֆֆի Հ․ Ջանեցյանին

Բոլոր դաշտերը լրացնելը պարտադիր է
Ձեր անուն, ազգանունը
Ձեր էլ. հասցեն
Թեմա
Ձեր հաղորդագրությունը
Մուտքագրեք պատկերված կոդը captcha
 

Տղամարդկանց կլիմաքսի հոգեբանական դրսևորումները

Տղամարդկանց կլիմաքսի հոգեբանական դրսևորումները

Տղամարդու կլիմաքս (Andropause)Հաճախ տղամարդիկ տարիքի հետ չեն նկատում այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում իրենց օրգանիզմում: Այդ փոփոխություններից են՝ հոգնածությունը, նյարդայնությունը, հիշողության թուլացումը, սեռական ակտիվության նվազումը, ևայլն: Արտաքնապես տղամարդկանց կլիմաքսը կարող է արտահատվել մաշկի չորության, կնճիռների առաջացման, դեմքի մազածածկույթի աճի դանդաղեցման տեսքով: Հաճախ են հանդիպում նաև դեպքեր, երբ տղամարդն ավելորդ քաշ է հավաքում որովայնի և գոտկատեղի շրջանների ճարպակալման արդյունքում: Այսպիսով տղամարդկանց մոտ վերանում է նախաձեռնողականություն, ֆիզիկական և մտավոր ակտիվություն ցուցաբերելու ցանկությունն ու կարողությունը, և նրանք դադարում են մանագիտական և հոգևոր աճ գրանցել:

Այս շրջանում, երբ սկսվում են արտահայտվել տղամարդկանց կլիմաքսի հոգեբանական կողմերը, հնարավոր է`

  • նորությունների դժվարությամբ  յուրացում
  • հիշողությանը և ուշադրության կենտրոնացման թուլություն
  • անբացատրելի վախի զգացողություն
  • դեպրեսիաների առաջացում
  • առատ քրտնարտադրություն

Հարկ է նշել, որ սեռական ֆունկցիաները 50-ից հետո որոշակի փոփոխությունների են ենթարկվում, ինչը կարող է սեփական թերարժեքության զգացողության պատճառ հանդիսանալ: Նվազում է նաև սեռական ցանկությունը, առավոտյան էրեկցիան, սեռական ակտի տևողությունը: Որպես կանոն այս տարիքի տղամարդիկ իրենց սեքսուալ հետաքրքրության նվազումը արդարացնում են աշխատանքային ծանրաբեռնվածությամբ, սթրեսներով և ընտանեկան հոգսերով:

Տղամարդկանց կլիմաքսն ու տեստոստերոնը

Տղամակդնաց մեծամասնությունը նախընտրում է ուշադրություն չդարձնել կլիմաքսի վերոնշյալ նախանշաններին, քանի որ համարում են, որ դրանք անխուսափելի տարիքային փոփոխություններ են։ Նրանք հաճախ ամաչում են այս խնդիրների մասին բարձրաձայնել նույնիսկ մտերիմների հետ։ Շատ կարևոր է իմանալ, որ ծերացման արտաքին դրսևորումները օրգանիզմի ներքին վիճակի հայելային արտացոլումն են։ Այս տարիքում հաճախ բարձրանում է խոլեստերինի և շաքարի մակարդակը արյան մեջ, արդյունքում առաջացնելով՝ աթերոսկլերոզ, շաքարային դիաբետ և զարկերակային ճնշումը։ Ընդհանուր արմամբ առաջանում է կենսական օրգանների արյան մատակարարման խանգարում և թթվածնային քաղց։

Ապացուցված է, որ ծերության նախանշանները տղամարդկանց և կանանց մոտ կապված են հորմոնների մակարդակի իջեցման հետ: Տղամարդկանց կարևորագույն հորմոնի՝ տեստոստերոնի նվազումը արյան մեջ հանդիսանում է կլիմաքսի գլխավոր պատճառնը։ Հետևաբար, տեստոստերոնի փոխլրացումը հիմնական բուժման եղանակն է։ Այս բուժումը անհատական է և կարող է ամբողջությամբ լուծել վերոնշյալ խնդիրը հիվանդների մոտ:

Եզրակացնելով, տղամարդկանց կլիմաքսը գոյություն ունեցող, բայց շատ հաճախ անտեսվող իրողություն է, և դրա հաղթահարումը կախված է հարցի վերաբերյալ գրագետ ու գիտակցված մոտեցումից:

Առողջ ապրելակերպ (Healthy Lifestyle)

Առողջ ապրելակերպ (Healthy Lifestyle)

Առողջ ապրելակերպը մարդու ապրելաձևն է, որի նպատակը առողուջության ամրացումն ու հիվանդությունների կանխարգելումն է: Սա մարդու կենսագործունեության հայեցակարգ է, որը միտված է առողջության պահպանմանը՝ համապատասխան սննդի, ֆիզիկական պատրաստվածության, բարոյահոգեբանական տրամադրվածության և վնասակար սովորություններից հրաժարվելու միջոցով:

Առողջ ապրելակերպ (Healthy Lifestyle)

Առողջ ապրելակերպ (Healthy Lifestyle)

Առողջ ապրելակերպը հանդիսանում է մարդու կյանքի տարբեր ոլորտների զարգացման նախապայմանը, ինչպես նաև ակտիվ երկարակեցության և սոցիալական գործառույթների իրականացման եղանակ:

Այս կենսաձևի ակտուալութունը պայմանավորված է մարդու օրգանիզմի վրա ծանրաբեռնվածության մեծացմամբ: Պատճառներն են՝ հասարակական կյանքի բարդացումը, տեխնոգեն, էկոլոգիական, հոգեբանական, քաղաքական և ռազմական տիպի ռիսկերի ավելացումը, որոնք բացասական ազդեցություն ունեն մարդու առողջության վրա:

Կենսաբանական տեսնակյունից առողջ ապրելակերպը պարունակում է մի շարք տարրեր` առողջ սովորությունների դաստիարակում դեռ վաղ մանկությունից, վնասակար սովորություններից հրաժարում, չափավոր և մարդու ֆիզիոլոգիական առանձնահատկություններին համապատասխանող սննդի ընդունում, ֆիզիկական ակտիվություն, օրգանիզմի հիգիյենա և իհարկե օրգանիզմի կոփում:

Առողջ ապրելակերպի պահպանման համար խորհուրդ է տրվում հետևել տաս պարզ ցուցումներին, որոնք առողջ ապրելակերպի հիմքն են հանդիսանում: Այս խորհուրդներին հետևելով հնարավոր է երկարացնել և առավել հաճելի դարձնել կյանքը: Դրանք են`

  1. Մտավոր վարժություններով ևօտար լեզուներ սովորելով` մենք վարժեցնում ենք մեր ուղեղը: Այդ կերպ դանդաղում է մտավոր ունակությունների տարիքային դեգրադացիան. ակտիվանում է սրտի աշխատանքը, արյան շրջանառությունը և նյութափոխանակությունը:
  2. Աշխատանքը առողջ ապրելակերպի կարևոր տարրերից է: Գտեք ձեզ համապատասխանող աշխատանք, որը հաճույք կպատճառի: Ի դեպ, գիտնականները պնդում են, որ սա նաև օգնում է ավելի երիտասարդ տեսք ունենալ:
  3. Սնվել չափավոր: Սովորական դարձած 2500 կալորիայի փոխարեն օգտագործեք 1500 կալորիա, սակայն կարիք չկա ծայրահեղության մեջ ընկնել և թերսնվել:
  4. Սննդակարգը պետք է համապատասխանի տարիքին: Օրինակ ընկույզի օգտագործումը երեսունն անց կանանց օգնում է դանդաղեցնել առաջին կնճիռների առաջացումը: Հիսունից հետո մարդու օրգանիզմին անհրաժեշտ է մագնեզիում, որը օգտակար է սրտի և ոսկորների համար, իսկ ծովամթերքի օգտագործումը կօգնի պաշտպանել սիրտը և արյունատար անոթները:
  5. Յուրաքանչյուր հարցի շուրջ ձեր կարծիքն ունեցեք: Գիտակցված կյանքը կօգնի որքան հնարավոր է քիչ ընկնել դեպրեսիայի գիրկը կամ ճնշվածություն գալ:
  6. Երիտասարադությունը պահպանելու հարցում անփոխարինելի են սերն ու քնքշանքը: Իմունային համակարգի ամրացմանը կօգնի էնդորֆինը` երջանկության հորմոնը, որը մարդու օրգանիզմում արտադրվում է սիրահարության ժամանակ: Այնպես որ` գտեք ձեր կեսին:
  7. Խորհուրդ է տվրվում քնել զով սենյակներում (17-18 ջերմաստիճան): Սա նպաստում է երիտասարդության պահպանմանը:
  8. Ակտիվ կյանք։ Գիտնականներն ապացուցել են, որ օրական սպորտով զբաղվելու 8 րոպեն երկարացնում է կյանքը:
  9. Երբեմն ձեզ ազատություն տվեք: Չնայած առողջ ապրելակերպի ցուցումներին` երբեմն ինքներդ ձեզ թույլ տվեք շեղվել կանոններից:
  10. Հարկ չկա մշտապես ճնշել բարկությունը: Տարաբնույթ հիվանդությունների, անգամ չարորակ ուռուցքների ենթակա են այն մարդիկ, ովքեր անդադար ինքնաքննադատությամբ են զբաղվում և չեն արտահայտում իրենց բարկությունը կամ անհամաձայնությունը տարբեր երևույթների նկատմամբ:

Այս խորհուրդները մշակվել են բժիշկների, հոգեբանների, դիետոլոգների միջազգային թիմի կողմից, և անփոխարինելի են առողջ ապրելակերպին անցում կատարելիս:

Եղեք առողջ:

Սեքսուալ անհամապատասխանություն

Սեքսուալ անհամապատասխանություն

Սեքսուալ անհամապատասխանությունը զույգերի միջև ինտիմ հարաբերությունների խանգարումն է, որն արտահայտվում է սեքսուալ պահանջմունքների անկման և կողակցի հանդեպ ինտիմ ցանկության բացակայության տեսքով:

Այսպիսի անհամապատասխանությունը կարող է արտահայտվել նաև կանանց մոտ սեռական ցանկության իսպառ բացակայությամբ: Այս երևույթի առաջացման հիմնական պատճառներից է զույգերի անձնային կամ ֆիզիկական անհամապատասխանությունը:

Սեռական անհամապատասխանություն

Անձնային անհամապատասխանությունը արտահայտվում է այն դեպքում, երբ զույգերի մոտ առկա են անհատական հակասություններ: Անձնային համապատասխանության վրա մեծ ազդեցություն ունի զույգի զարգացվածության մակարդակը, կրթությունը, ինչպես նաև նյութական, ինտելեկտուալ և մշակութային պահանջները, արժեքներն ու դիրքորոշումները:

Անհատական անհամապատասխանությունը բնութագրվում է զույգերի մոտ էմոցիաներն ու հույզերը կիսելու անկարողությամբ, կողակցի թերարժևորմամբ: Զույգերի միմյանցից օտարումը կարող է բերել նոր “նախասիրությունների”, դավաճանության և վնասակար սովորույթների առաջացմանը: Բացասական էմոցիաները, ատելությունը, վախը կամ անտարբերությունը կողակցի նկատմամբ խոչընդոտում են ինտիմ հարաբերությունների ժամանակ կողակցին ամբողջապես վստահելուն և սեքսուալ հույզերին տրվելուն:

Սակայն երբեմն սեքսուալ անհապատասխանությունը առաջանում է անգամ ներդաշնակ հարաբերություններում: Այսպիսի անհամապատասխանությունը թերևս առավել դժվար հաղթահարելի է: Նման դեպքերում զույգերը սիրում են միմյանց անձնային հատկանիշների համար, սակայն միևնույն ժամանակ չեն կարողանում հաճույք ստանալ ինտիմ հարաբերություններից: Իրենց հերթին զույգերի խնդրահարույց միջանձնային հարաբերությունները ի սկզբանե կարող են զուգակցվել նորմալ սեքսուալ հարաբերություններով, սակայն ժամանակի ընթացքում սեքսուալ հարաբերությունների կոնֆլիկտային ֆոնը հանգեցնում է սեքսուալ ակտիվության անկմանը և բացասաբար է անդրադառնում զույգերի սեռական կյանքի վրա:

Սեքսուալ անհամապատասխանությունը կարող է հանդիսանալ տարբեր սոմատիկ հիվանդությունների և սեռական ֆունկցիաների խանգարման հետևանք, ինչպես տղամարդկանց մոտ՝վաղաժամ սերմնաժայթքումն  ու սեռական դիսֆունկցիան, այնպես էլ կանանց մոտ՝ վագինիզմն ու ֆրիգիդությունը: Սեքսուալ խնդիրների լուծման հետաձգումը կարող է առաջացնել նյարդահոգեբանական տարբեր աշխտանիշներ և միզասեռական համակարգի բորբոքումներ։ Այդ իսկ պատճառով սեքսուալ անհամապատասխանության կանխարգելման համար չափազանց կարևոր է նրա ժամանակին ախտորոշումը և բուժումը:

Որոշ դեպքորում սեքսուալ անհամապատասխանությունը պայմանավորված է զույգերի խառնվածքների, սեքսուալ կյանքի նորմերի, ինտիմ հարաբերությունների, պահանջմունքների վերաբերյալ հայացքների անհաջող համադրությամբ , ինչպես նաև զույգերի հոգեբանական տարբերություններով: Ոչ պակաս կարևոր է նաև կողակցի արտաքին տեսքը, միմիկան, վարքը, որոնք հաճախ սեքսուալ գրավչության անկման պատճառ կարող են դառնալ:

Զույգի մոտ առկա սեքսուալ խնդիրների կարևորությունը զգալիորեն փոքրանում է ճիշտ սեքսուալ վարքի և հոգեբանական համապատասխանության դեպքում: Փոխադարձ սերն ու փոխհասկացությունը միջանձնային և սեքսուալ անհամապատասխանության կանխարգելման կարևորագույն գործոններն են: Կարծիք կա, որ փոխադարձ զգացմունքների բացակայությունը կարող է լրացվել համապատասխան տեխնիկական հնարների օգնությամբ: Այնուամենայնիվ, անհնար է զույգի սեքսուալ կյանքը լիարժեք դարձնել առանց մտերմիկ հեգեբանական կապի, փոխադարձ սիրո և հարգանքի:

Այսպիսի սեքսուալ խանգարումները իրենցից հանդիսանում են սեքսուալ շեղման նախնական ձև, որի կանխարգելման համար պետք է կատարել՝ սեքսոլոգիական և հոգեբանական խորհրդատվություններ, կորեկցիոն աշխատանքներ և ընտանեկան թերապիաներ:

Վերոնշյալը փաստում է սեքսուալ անհամապատասխանության ազդեցության կարևորությունը հարաբերուրությունների զարգացման վրա, իսկ զույգի գիտակցված մոտեցումը առկա խնդրին կարող է հանդիսանալ նրանց հաղթահարման ամենակարևոր գործոնը:

Ինտիմ կյանքը հիսունից հետո, մի՞ֆ թե իրականություն

Ինտիմ կյանքը հիսունից հետո՝ միֆ թե՞ իրականություն

Սեքսը մեծահասակների մոտ

Ներկայումս կա թյուր կարծիք, որ հիսունից հետո սեռական կյանքի վարումը վնաս է հասցնում առողջությանը կամ պատկերավոր ասած սպառում է օրգանիզմը։ Հիսունն անց տղամարդկանց մեկ երրորդը ենթադրում է, որ մշտական ինտիմ կյանքը վնասում է իրենց առողջական վիճակին: Սա ամենատարածված միֆն է տարեց մարդկանց սեքսուալության մասին։ Երկրորդ տեղում, թերևս իրենց կարծիքով իրենց իսկ կողակցի աչքերում ոչ բավարար հմայիչ լինելու կամ սեքսուալ ցանկություն առաջացնելու անկարողությունն է:

Փորձը ցույց է տալիս, որ մեր հասարակությանում նույնպես ինտիմ կյանքը բացառապես երիտասարդ և միջին տարիքի մարդկանց “արտոնությունն” է:

Սակայն, սեքսոլոգների հետազոտություններն ու դիտարկումները ցույց են տալիս տրամագծորեն հակառակ պատկեր։ Այսպես, հիսունից բարձր տարիքային խմբի ներկայացուցիչների մեծ մասը գուցե և ոչ ակտիվ, բայց կանունավոր ինտիմ կյանքով է ապրում: Ինտիմ հարաբերությունների հաճախականությունը ամուսնական և սիրային զույգերի մոտ հիսունից վաթսուն տարեկան հասակում միջինը շաբաթական մեկ անգամ է, իսկ հաջորդ տասնամյակում` տաս օրը մեկ անգամ: Սակայն այս տարիքային խմբի տղամարդկանց մոտավորապես մեկ երրորդը ինտիմ հարաբերություններ է ունենում շաբաթական երկու անգամ:

Ժամանակակից հետազոտողները պարզել են, որ տղամարդկանց ընդհանուր թվի մեկ չորրորդի սեքսուալ ակտիվությունը հիսունից հետո զգալիորեն ավելի մեծ է, քան 30-40 տարիքում: Սա բացատրվում է նրանով, որ հիսունից հետո վերանում են սեռական կյանքի որոշ խնդիրներ և անհանգստություններ, որոնք հատկապես զույգերի միջև կան ավելի երիտասարդ հասակում։

Հետաքրքրական են այժմյան հետազոտությունների արդյունքները հիսունն անց կանանց ինտիմ կանքի վերաբերյալ: Զարգացած երկրներում հետազոտությանը մասնակցած կանանց ավելի քան 30%-ը նշել են, որ իրենց հետաքրքրությունը ինտիմ կյանքի նկատմամբ մեծացել է, իսկ զգացողությունները դարձել են ավելի բուռն:

Ինչ վերաբերում է նույն տարիքային խմբի տղամարդկանց. սեռական հորմոնը` տեստոստերոնը արտադրվում է բավարար չափով մինչև ավելի ուշ տարիքային շեմ,քան կանանց մոտ էստրոգենը: Սակայն տարիքի հետ զուգընթաց նվազում են՝ սեռական օրգանների զգայնությունն ու սերմնահեղուկի քանակը: Արդյունքում սեռական գրգռվածությունն ավելի դանդաղ է հասունանում, սակայն ավելի երկար է տևում, քան երիտասարդ հասակում:

Հարկ է նշել նաև, որ կանանց մոտ կլիմաքսից հետո էստրոգենի և պրոգեստերոնի արտադրությունը նվազում է, տեղի են ունենում փոփոխություններ նաև սեռական օրգաններում, սակայն սեռական զգացողությունը հիմնականում չի փոփոխվում։

Հայտնի է նաև մի հետաքրքրական փաստ, երիտասարդ և միջին տարիքում տղամարդկանց մաքսիմալ սեռական ցանկության չափաբաժինն ընկնում է առավոտյան ժամերին, իսկ կանանց` երեկոյան: Այս հակասությունը պայմանավորված է սեռական հորմոնների արտադրությամբ, տղամարդկանց մոտ այն իր գագաթնակետին է հասնում առավոտյան, կանանց մոտ` ուշ երեկոյան, իսկ ահա քառասունհինգից հետո այս տարբերությունը աստիճանաբար կրճատվում է: Հետևաբար, այն ինչ ամուսնական զույգի մոտ քսան տարի առաջ հակասությունների և անգամ վեճի առիթ էր, այժմ գոհունակության և հաճույքի պատճառ․․․: