Ցիստիտի ախտանշանները կնոջ մոտ

2018/03/27

Հարց

 

38 տարեկան կին եմ: Գանգատվում եմ  հաճախակի միզարձակումից եւ միզապարկի ցավերից: Արդյոք սա ցիստի՞տ է եւ ինչպե՞ս պետք է բուժել:

 

Պատասխան

 

Միզուղիների բորբոքումների ախտանիշներն են՝ հաճախակի, ցավոտ եւ այրոցով ուղեկցվող միզարձակումը, միզապարկի եւ միզուկի շրջանի ցավերը: Կարեւոր ախտանիշ է համարվում այն, որ հիվանդն անզուսպ միզարձակման ցանկությամբ հանդերձ` քիչ քանակությամբ է միզում: Մեզի գույնը կարող է լինել սպիտակավուն: Եթե այս ախտանիշներին գումարվում են նաեւ բարձր ջերմությունն ու գոտկային հատվածի ցավերը, դա վկայում է երիկամի բորբոքային գործընթացի մեջ ընդգրկման մասին (պիելոնեֆրիտ): Ձեզ անհրաժեշտ է կատարել մեզի ընդհանուր քննություն եւ ցանքս` պարզելու այն միկրոօրգանիզմների տեսակն ու քանակը, որոնք առաջացնում են տվյալ բորբոքումը եւ ընտրելու համապատասխան հակաբիոտիկը: Պետք է նաեւ ուշադրություն դարձնել անձնական եւ սեռական կյանքի հիգիենային, ավելացնել հեղուկի ընդունումը եւ գտնվել ուրոլոգի հսկողության տակ: