Շագանակագեղձի հիվանդություններ

2017/07/04

Doctors.am-ի հյուրասրահը հյուրընկալել է “Ուրոլոգիայի կենտրոնի” և “Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի” ուրոլոգ`

Ռաֆֆի Հակոբի Ջանեցյանին

 

-  Բժիշկները պնդում են, որ շագանակագեղձը տղամարդու երկրորդ սիրտն է. ի՞նչ կարևորագույն ֆունկցիաներ ունի այն տղամարդու օրգանիզմում:

 

– Շագանակագեղձը տղամարդու միզասեռական գեղձամկանային օրգան է: Այն գ նվում է միզապարկից ներքև. նրա մեջ են բացվում սերմնատար խողովակները, նրա միջոցով անցնում է մեզը: Այն ունի միզապահության ֆունկցիա, քանի որ նրա սահմաններում` վերևից և ներքևից, գտնվում են երկու միզային փականները, որոնք պատասխանատու են այդ ֆունկցիայի համար: Որպես գեղձ` նա արատադրում է արտազատուկ, որն ապահովում է սերմնաբջիջների լողալու և շարժունակության միջավայրը: Այդ արտազատուկի հիմնային միջավայրի շնորհիվ սերմնաբջիջը հաղթահարում է  հեշտոցի թթվային պատնեշը և տեղափոխվում արգանդի խոռոչ: Շագանակագեղձի արտազատուկն ունի նաև մանրեասպան հատկություն: Իսկ որպես մկան՝ նրա կծկմամբ տեղի է ունենում սերմաժայթքումը: Նաև կարևոր է նշել, որ սեռական ֆունկցիայի խանգարումները կարող են անմիջական կապ ունենալ շագանակագեղձի հիվանդությունների հետ, քանի որ գեղձի մակերեսով են անցնում առնանդամի անոթներն ու նյարդերը: Մի խոսքով, իսկապես տղամարդու “երկրորդ սիրտն” է, և հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել շագանակագեղձի ոռողջության վրա:

 

– Ո՞ր տարիքից է աճում շագանակագեղձի հետ կապված խնդիրներ ունենալու ռիսկը:

 

– Շագանակագեղձի հետ կապված  խնդիրներ առաջանում են երիտասարդական հասակից մինչև խորը ծերություն: Մեծահասակների խնդիրները կապված են շագանակագեղձի գերաճի կամ քաղցկեղի ախտանշանների հետ, իսկ երիտասարդներինը` շագանակագեղձի բորբոքման` պրոստատիտի հետ: Պրոստատիտի պատճառները տարբեր են` սեռական կյանքի հիգիենայի կանոններին չհետևելը, սեռավարակները, բազմաթիվ զուգընկերներ, տարբեր տեսակի սեռական կապերը և այլն:

 

– Բացի սեռավարակներից, ուրիշ ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ շագանակագեղձի բորբոքման համար:

 

– Սեռական կյանքի բացակայությունը կամ անկանոնությունը, նստակյաց  կենսակերպը, գիրությունն ու ճարպակալումը, ալկոհոլի և սուր համեմունքների չարաշահումը նույնպես կարող են բորբոքման պատճառ հանդիսանալ: Պատահական սեռական հարաբերություննեը կարող են շագանակագեղձի քրոնիկական ախտահարման պատճառ դառնալ:

 

– Շագանակագեղձի ադենոման հայտնի է ՝ որպես  տարածված և հաճախ հանդիպող խնդիր.լուսաբանեք խնդրեմ՝ ի՞նչ է այն:

 

– Շագանակագեղձի ադենոման  բարորակ գոյացություն է, որն աճում է գեղձի մեջ՝ առաջացնելով միզուղիների խցանում և միզարձակման խանգարումներ: Նրա առաջացման պատճառներն անհայտ են, սակայն հորմոնային գործոնը համարվում է ամենատարածվածը:

 

– Որո՞նք են  հիմնական գանգատները շագանակագեղձի ադենոմայի դեպքում:

 

– Առաջին ախտանշանը  դժվարամիզությունն է, այնուհետև` հաճախամիզությունը, գիշերամիզությունը, ընդհատվող և նվազ շիթով միզարձակությունը, միզապարկի ոչ լրիվ դատարկման զգացողությունը և այլն: Հիվանդության փուլը որոշվում է հարցաշարի միջոցով, որը կոչվում է շագանակագեղձի ախտանշանների միջազգայինին ինդեքս: Վերջինիս հիման վրա որոշվում է հիվանդի վարման տարբերակը` հսկողություն, դեղորայքային բուժում կամ վիրահատություն: Երբեմն հիվանդները հարմարվում են իրենց գիշերային հաճախակի միզարձակությանը, և դա համարում  նորմալ երևույթ: Մինչդեռ առողջ մարդը չպետք է քնից զարթնի միզելու համար:

 

– Իսկ ո՞րն է  շագանակագեղձի ադենոմային  “բնորոշ” տարիքը:

 

– Սովորաբար այն հանդիպում է 45-ն անց տղամարդկանց մոտ: Լինում են նաև բացառիկ դեպքեր: Իմ մասնագիտական փորձի ընթացքում շագանակագեղձի ադենոմա ախտորոշմամբ ամենաերիտասարդ հիվանդը եղել է` 32տարեկան, իսկ ամենատարեցը` 91:

 

– Ինչպե՞ս է տարբերակվում շագանակագեղձի ադենոման չարորակ ուռուցքից, այսինքն քաղցկեղից:

 

– Ադենոմայի դեպքում գոյացությունն ունի բարորակ ընթացք. հետևանքները կարող են ազդել մարդու կյանքի որակի վրա: Բացի ադենոմայի հետևանքով առաջացած միզարձակման և խցանման ախտանշաններից, կարող են առաջանալ այլ բարդություններ` միզապարկի քարեր, շագանակագեղձի և վերին միզուղիների սուր բորբոքումները, սուր միզակապություն, միզապարկի ատոնիա:  Իսկ քաղցկեղի դեպքում ախտանշանները գրեթե նույնն են, սակայն հարկավոր է կատարել լրացուցիչ հետազոտություններ: Հատկապես ուշադրություն պետք է դարձնել ռիսկային խմբի հիվանդներին` ընտանեկան պատմություն ունեցողներին, գերերին, ծխողներին:

 

– Ի՞նչ հետազոտություններ են պահանջվում:

 

– Մինչև հետազոտությունների մասին խոսելն ուզում եմ շեշտել, որ շագանակագեղձի խնդիրներով և բուժմամբ պետք է զբաղվի բացառապես ուրոլոգը, քանի որ նա գիտակ է այդ օրգանի բոլոր խնդիրների մասին: Իսկ այլ “մասնագետների” սխալները կարող են կործանարար և վտանգավոր լինել մարդու առողջության համար: Օրինակ, այլ մասնագետների ուշադրությունից կարող է վրիպել շագանակագեղձի քաղցկեղը: Անդրադառնալով հետազոտություններին՝ հարկավոր է կատարել սոնոգրաֆիկ, ուրոդինամիկ և լաբորատոր հետազոտություններ, ուղիղ աղիքային մատնային քննություն, ՊՍԱ, երբեմն տրանսուռեկտալ սոնոգրաֆիա:

 

– Ե՞րբ է  կատարվում քաղցկեղի վերջնական ախտորոշումը:

 

– Շագանակագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշումը կատարվում է ներուղիղաղիքային բիոպսիայի միջոցով, որն իրականացվում է սոնոգրաֆիկ հսկողության ներքո: Գեղձի յուրաքանչյուր բլթից վերցվում են հյուսվածքային կտորներ հետազոտման համար: Այս մոտեցումը նպաստում է քաղցկեղի վաղ ախտորոշմանը: Ինչպես այլ օրգանների, այնպես էլ շագանակագեղձի քաղցկեղի դեպքում պարզ է, որ վաղ  ախտորոշումն ապահովում է հիվանդի երկարակեցությունը և քաղցկեղի տարածման կանխումը:

 

 Ինչպիսի՞ բուժական և  վիրահատական միջամտություններ են կատարվում շագանակագեղձի բորբոքումների, ադենոմայի և քաղցկեղի դեպքում:

 

– Պրոստատիտի բուժման համար կիրառվում են հակաբորբոքային, հակաբակտերիալ, ֆիզիոթերապևվտիկ, վիտամինային բուժումներ: Շագանակագեղձի ադենոմայի թեթև և միջին ախտահարումների ժամանակ կատարվում է դեղորայքային բուժում: Համապատասխան դեղորայքի խումբը կոչվում է ալֆա- պաշարիչներ, որոնք ունեն միզապարկի վզիկի և շագանակագեղձի հարթ մկանաթելերը թուլացնող, հետևաբար  միզարձակությունը լավացնող հատկություն: Նրանք չեն դադարեցնում շագանակագեղձի գերաճը, այլ նվազեցնում  են հիվանդի գանգատները: Ադենոմայի արտահայտված ախտահարումների դեպքում կատարվում է վիրահատական բուժում: Ամենատարածված վիրահատական եղանակը ներմիզուկային մասնատումն է, որի ժամանակ հեռացվում են շագանակագեղձի ադենոմատոզ հանգույցները՝ էնդոսկոպիկ եղանակով: Որոշ դեպքերում կիրառվում են նաև բաց վիրահատությունը:

 

Ինչ վերաբերում է շագանակագեղձի քաղցկեղին,ապա նշեմ, որ շագանակագեղձում սահմանափակված և տեղային տարածվածության քաղցկեղի դեպքում կիրառվում է վիրահատական, ճառագայթային և հորմոնալ բուժում: Իսկ մետաստատիկ քաղցկեղի դեպքում` հորմոնալ բուժում և քիմիաթերապիա:

 

 Ինչ խորհուրդ կտաք տղամարդկանց՝ շագանակագեղձի հետ կապված առողջական խնդիրներից խուսափելու համար:

 

– Տղամարդիկ պետք է ուշադիր լինեն իրենց միզասեռական համակարգի խնդիրներին, քանի որ դրանով պայմանավորված է իրենց կյանքի որակը: Նաև հորդորում եմ կանանց ավելի ուշադիր լինել իրենց ամուսինների նկատմամբ՝ անհրաժեշտության դեպքում ուղղորդելով նրանց ուրոլոգի խորհրդատվությանը: Հաճախ Հայաստանում տղամարդիկ անտեսում են իրենց առողջությունը` ոչ բավարար տեղեկատվություն ունենալու պատճառով: Հետևաբար կարևորում եմ  տղամարդկանց առողջության գիտակցման մակարդակի բարձրացումը՝ գիտելիքների և տեղեկատվություն տրամադրելու միջոցով: Այս նպատակով ձեռնարկել եմ ուրոլոգիական մասնագիտական նոր կայքի ստեղծումը: www.urolog.am անդրադառնում է տղամարդու առողջության, և, հատկապես, միզասեռական և վերարտադրողական խնդիրներին: Այս կայքը հնարավորություն է տալիս ցանկացած այցելուի գիտահանրամատչելի տեղեկատվություն ստանալու՝ ուրոլոգիական ամենատարբեր խնդիրների և հիվանդությունների վերաբերյալ, հարցեր ուղղելու իրենց հուզող և կաշկանդող թեմաներով, և ստանալու մատչելի պատասխաններ: Շնորհակալ եմ www.urolog.am այցելուներին` դրական արձագանքների և խրախուսական խոսքերի համար: Շնորհակալություն նաև Ձեզ:

 

Հարցազրույցը’ Լուսինե Քոչարյանի
Աղբյուրը’ Doctors.am