Ձեր բոլոր ուրոլոգիական հարցերի պատասխանները urolog.am կայքում

2017/07/04

Համացանցում որևէ հարցի մասին տեղեկատվություն գտնելն այսօր բավական հեշտ է. ինֆորմացիան շատ է, ամենուր և բազմատեսակ…: Սակայն ինչ վերաբերում է առողջությանը, միայն տեղեկատվության հասանելիությունը բավարար չէ, հարկավոր է որ այն լինի նաև ճշգրիտ, հավաստի, և որ ամենացանկալին է՝ հաղորդվի անձամբ բժշկի կողմից:

 

Doctors.am-ը զրուցեց բժիշկ-ուրոլոգ Ռաֆֆի Ջանեցյան հետ:

 

-Բժիշկ Ջանեցյան, ներկայացրեք, խնդրում եմ, ինչպես միտք ծագեց ստեղծել www.Urolog.am կայքը:Պրակտիկ բժշկի համար, մասնագիտության գործունեությանը զուգահեռ, արդյո՞ք դժվար չէ զբաղվել կայքի ադմինիստրատիվ աշխատանքով:

 

-Որպես ուրոլոգ, միշտ ցանկություն եմ ունեցել նախաձեռնել նման կայքի ստեղծումը, և արդեն շուրջ երեք տարի է գործում է Urolog.am կայքը: Կայքը վարում եմ ինքս, ինչը, ինչպես նկատեցիք, բավական բարդ է համադրել մասնագիտական գործունեության հետ, քանի որ տեղադրվող հոդվածները պատրաստում եմ ինքս, այցելուների կողմից հարցերին կրկին ես եմ պատասխանում:

 

Կայքը ստեղծելու միտքը ծագեց այն ժամանակ, երբ զգացի, որ տեղեկատվական դաշտը, հատկապես մասնագիտական և ուրոլոգիական, կարիք ուներ լրացման, արդիական թեմաների արծարծման, հոդվածների, որոնք ընթերցողին կարող են օգնել թե՛ խորհուրդներով, թե՛ իրենց խնդրին առավել մանրամասն ծանոթանալու իմաստով: Այն առաջին և դեռևս միակ հայալեզու ուրոլոգիական կայքն է:

 

-Իսկ ովքե՞ր են Ձեր ընթերցողները:

 

-Ի ուրախություն պետք է ասեմ, որ բացի հայաստանցի ընթերցողները, լսարանը մեծ է նաև արտերկրում, և սփյուռքի մեր հայրենակիցները ևս հետևում են կայքում տեղադրվող հոդվածներին, քանի որ այն երկրներում որտեղ ապրում են, գուցե լեզվական պատնեշը խոչընդոտում է բժշկի դիմել և ամբողջությամբ ներկայացնել խնդիրը: Այս կերպ նրանք կարողանում են գտնել գոնե նվազագույն տեղեկատվություն իրենց խնդրի մասին:

 

-Այսինքն, Urolog.am կայքը համացանցային բազմազանության մեջ կարող ենք համարել վստահելի աղբյուր, երբ թեման ներկայացնում է անմիջապես բժիշկը: Իսկ իրականացնու՞մ եք արդյոք մոնիթորինգ, թե մարդիկ հատկապես ո՞ր թեմաներով հոդվածներ են ցանկանում կարդալ: Ո՞ր խնդիրներն են այսօր արդի:

 

-Այո, իհարկե: Կայքի գործունեության կարևորագույն նպատակներից է արդիականությունը: Իմ մասնագիտական փորձն ինձ հուշում է, թե մարդկանց ինչն է առավել հետաքրքրում, ինչի մասին կուզեին կարդալ, դա հասկանում եմ նաև ինձ ուղղված նամակներից: Այս կերպ հավաքագրում եմ այն թեմաները, որոնք պետք է լուսաբանել հոդվածների միջոցով:

 

-Դուք՝ որպես ուրոլոգ, ունե՞ք նեղ մասնագիտացում: Ի՞նչ խնդիրներով, գանգատներով կարելի է Ձեզ դիմել:

 

-Զբաղվում եմ ընդհանուր ուրոլոգիական բոլոր խնդիրներով, դրանց՝ ինչպես թերապևտիկ, այնպես էլ վիրաբուժական բուժմամբ, մասնագիտացումս տղամարդու անպտղության խնդիրներն են, շագանակագեղձի հիվանդությունները, միզաքարային հիվանդությունը, սեռական դիսֆունկցիան, միզուղիների բորբոքումները, ինֆեկցիաները…։

 

-Տղամարդկանց մոտ ուրոլոգիական խնդիրներ մեծամասամբ առաջանում են հասուն տարիքում՝ 40-50 տարեկանից հետո, սակայն կայքի ընթերցողները, կարծում ենք, առավելապես երիտասարդներ են: Ի՞նչ ուրոլոգիական խնդիրներ կան, որ վերաբերում են երիտասարդ տղամարդկանց:

 

-Իհարկե, ինֆորմացիոն տեխնոլոգիաների այս ժամանակաշրջանում, համացանցից օգվում են հիմնականում երիտասարդները կամ միջին տարիքի մարդիկ, սակայն, ի զարմանս պետք է ասեմ, որ ունեցել եմ նույնիսկ 76 տարեկան հիվանդ, ով իր շագանակագեղձի խնդրին բավական լավ ծանոթացել էր հենց կայքի միջոցով:
Երիտասարդ տարիքային խմբի տղամարդկանց ավելի հետաքրքրում են միզուղիների բորբոքումները, սեռական ինֆեկցիաները, էրեկտիլ դիսֆունկցիան, սերմնաժայթքման խանգարումները, երբեմն նաև անպտղության խնդիրները: Միջին տարիքի՝ 45-50 տարիքի տղամարդիկ առավել հաճախ դիմում են սեռական ցանկության նվազման, շագանակագեղձի հետ կապված հիվանդություններով: Կանանց, որոշակի տարիքից հետո,  ավելի հաճախ հետաքրքրում են անմիզապահության, օրգազմի բացակայության խնդիրները, միզաքարային, բորբոքային հիվանդություններ և այլն:
Իմ կայքի այցելուները հիմնականում 25-55 տարեկան անձինք են: Հետաքրքրական է, որ կին-այցելուների թիվն էլ բավական մեծ է: Սա վկայում է այն մասին, որ կանայք ցանկանում են տեղեկացված լինել ինչպես սեփական, այնպես էլ իրենց զուգընկերների խնդիրների մասին, ցուցաբերել հետևողական մոտեցում: Սա, իհարկե, ողջունելի փաստ է:

 

-Կայքը ի՞նչ հաճախականությամբ է թարմացվում: Հաճա՞խ են տեղադրվում նոր հոդվածներ՝ արդի և հետաքրքիր թեմաներով:


-Սա մի փոքր ցավալի հարց է ինձ համար: Լինում է ժամանակահատված, երբ մեծ քանակությամբ նոր հոդվածներ եմ գրում և կայքում տեղադրում, պատահում է նաև, որ պրակտիկ գործունեության ծանրաբեռնվածությամբ պայմանավորված երբեմն ոչ այնքան ակտիվ եմ լինում: Սակայն կայքի այցելուների, իմ պացիենտների հարցերը և բազմաթիվ նամակները ինձ հաճախ «ստիպում են» գործի անցնել և թարմ ու արդիական հոդվածներ գրել:
Ուրախությամբ պիտի իմ ընթերցողին տեղեկացնեմ, որ շուտով նախատեսում եմ դրական փոփոխություններ կայքի աշխատանքի հարցում և նոր հոդվածների համալրում:

-Կարո՞ղ ենք ասել, որ ուրոլոգիական բոլոր հարցերը, որ կարող են առաջանալ անձի մոտ, սպառիչ պատասխան կգտնեն Ձեր կայքում:

 

-Գիտե՞ք, հետաքրքիր մի փաստ եմ նկատել, շատ հաճախ, երբ պացիենտը հետազոտությոան ընթացքում հարց է ուղղում ինձ, ներկայացնելուց հետո հղում եմ տալիս կայքին, որպեսզի նա այնտեղ կարդա իրեն անհրաժեշտ լրացուցիչ ինֆորմացիան:

Հնարավորին չափով փորձում եմ բավարար պատասխան տալ նամակագիրներին, սակայն ինքս, որպես մասնագետ , իհարկե ճիշտ չեմ համարում հեռակա բուժում նշանակել և հիմք ընդունել միայն անձի նկարագրած գանգատները: Սակայն կա մեկ այլ ճշմարտություն ևս. բժշկի կողմից տրված մեկ ճիշտ խորհուրդն անգամ կարող է ճիշտ ուղղություն ցույց տալ մարդուն:

 

-Եղե՞լ են նման դեպքեր և շնորհակալական նամակներ ընթերցողների կողմից:

 

-Իհարկե: Պատահում է, որ գրում են հեռու շրջանների բնակիչներ, զինվորներ, ում տվյալ պահին գուցե և հասանելի չէ բուժօգնությունը: Այս դեպքում փորձում եմ հնարավորության սահմանում անել հնարավորը՝ մարդուն ճիշտ ուղղորդելու համար: Իսկ շնորհակալական նամակներ հաճախ եմ ստանում և անչափ ուրախ եմ, որ կարող եմ օգտակար լինել իմ ընթերցողին:

 

-Նշված դեպքերում բուժօգնությունը հասանելի չէ, և այդ է պատճառը, որ մարդը չի դիմում բժշկի: Սակայն ի՞նչ կասեք այն բարդույթները, որ կային նախկինում՝ ուրոլոգի դիմելու հարցում, այժմ ևս առկա են, թե՞ դրական միտում կա:

 

-Ես համարում եմ, որ կա ակնհայտ առաջընթաց այս հարցում: Անդրադառնալով Urolog.am-ին, կարող եմ ասել, որ իմ առջև դրված է հենց վերոնշյալ գիտակցության բարձրացման և կյանքի որակի լավացման խնդիրը: Համոզված եմ, որ մարդը չպետք է ապրի իրեն տանջող պրոբլեմով:
Այսօր մեծաթիվ են միզարձակման, սերմնաժայթքման, վերարտադրողական խնդիրները, այդ պատճառով հարկավոր է բարձրացնել հասարակության գիտակցական մակարդակը, որպեսզի խնդրի դեպքում մարդիկ դիմեն համապատասխան մասնագետի:

 

-Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կա որոշ հիվանդությունների զարգացման աճ՝ քաղաքակրթությամբ պայմանավորված: Ինչպե՞ս է այս երևույթն անդրադառնում ուրոլոգիայի վրա, և ո՞րը կլինի Ձեր խորհուրդն ընթերցողին:

 

-Ինձ համար՝ որպես մասնագետ, սա կարևոր հարց է, և այդ պատճառով էլ իմ կայքում ունեմ առանձնացված բաժին՝ «Առողջ ապրելակերպ»:
Ավելորդ քաշ, ծխախոտի, ալկոհոլի չարաշահում, շաքարային դիաբետ, ֆիզիկապես ոչ ակտիվ ապրելակերպ. սրանք համաշխարհային լրջագույն խնդիրներ են, որոնցից, ցավոք, մեր երկիրը ևս հետ չի մնում: Այս խնդիրները կարող են առաջացնել և՛ անպտղություն, և՛ սեռական տարբեր խանգարումներ, միզարձակման խանգարումներ, ընդհուպ օնկոլոգիական հիվանդություններ:
Կարևորում եմ այս ամենի մասին տեղեկացնել ինչպես պացիենտներին, այնպես էլ իմ ընթերցողին:
Այսօր անչափ կարևոր է լինել տեղեկացված: Բոլորին հորդորում եմ բաց չթողնել այդ հնարավորությունը և տեղեկատվություն փնտրել միայն վստահելի աղբյուրներից: Շնորհակալ եմ թեմայի լուսաբանման և հարցազրույցի համար:

 

Հեղ.՝ Ամալյա Գրիգորյան
Սկզբնաղբյուրը՝ Doctors.am
29, ապրիլի, 2016