Find us on Facebook
TAGS
PSA Sex Գոնոռեա ամորձու և մակամորձու բորբոքում արյունամիզություն բալանիտ բալանոպոստիտ բժիշկ-հիվանդ հարաբերություն գիրություն էրեկտիլ դիսֆունկցիա թլփատում խլամիդիա կանանց սեռական դիսֆունկցիա կնոջ սեռական կյանք միզաքարային հիվանդություն միզուկաբորբ միզուղիների ինֆեկցիաներ շագանակագեղձ շագանակագեղձի ադենոմա շագանակագեղձի արտազատուկ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա շագանակագեղձի բիոպսիա շագանակագեղձի բորբոքում շագանակագեղձի հիվանդություններ շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում TURP շագանակագեղձի քաղցկեղ շաքարային դիաբետ պրոստատիտ սեռական կյանք սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ սեռական մղում սեռական ցանկություն սերմնաժայթքման խանգարումներ սերմնահեղուկ սեքս վաղաժամ սերմնաժայթքում վարիկոցելե տեստոստերոն տղամարդու անպտղություն տղամարդու ապրելակերպ տղամարդու առողջություն տղամարդու սեռական կյանք ցիստիտ օրգազմի բացակայություն ֆիմոզ

Archive for the ‘Հարցազրույցներ (Interviews)’ Category

Սեռավարակներ, նրանց բարդություններն ու կանխարգելումը

Հայաստանում ամենատարածված սեռավարակները, բարդություններն ու կանխարգելումը

Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ բազմաթիվ են: Դրանցից որոշները մարդկությանը հայտնի են դարեր ի վեր, սակայն կան այնպիսինները, որոնք միայն վերջերս են հայտնի դարձել:

Այս հիվանդությունները կարող են լուրջ խնդիր դառնալ սեռական կյանքով ապրող ցանկացած մարդու համար: Բժշկության ու տեխնոլոգիաների զարգացումը, ցավոք, շատ չի օգնել մարդկությանը ապահով սեքսի հարցում, ինչի հետևանքով սեռավարակները շարունակում են տարածվել: Med.tert.am-ը զրուցեց «Ուրոլոգիայի կենտրոն», Նյու Մեդ կլինիկայի բժիշկ-ուրոլոգ՝ Ռաֆֆի Հ. Ջանեցյանի հետ և փորձեց պարզել, թե որ սեռավարակներն են ամենից շատ տարածված ՀՀ-ում, ինչպես կարելի է կանխել դրանց տարածումը և ինչ բարդություններ կարող են առաջանալ ոչ պատշաճ բուժման դեպքում:

Պարոն Ջանեցյան, որո՞նք են Հայաստանում ամենատարածված սեռավարակները և ինչպե՞ս կարելի է կանխել դրանց տարածումը:

  • Սեռավարակների կանխման համար հարկավոր է հետևել սեռական կյանքի հիգիենային, օգտագործել պահպանակներ և առհասարակ ունենալ սեռական հարաբերություններ միայն մեկ զուգընկերջ հետ: Հայաստանում, ինչպես և այլ երկրներում, հիմնականում տարածված են բակտերիալ վարակները, այսինքն խլամիդիան, գոնորեան, ինչու չէ նաև սիֆիլիսը, որն ավելի քիչ է տարածված և այլն: Սրանք բոլորն էլ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ են: Տարածված են նաև սնկային և վիրուսային վարակները, որոնք նույնպես կարող են փոխանցվել սեռական ճանապարհով: Դրանցից են հեպատիտ A-ն, որը նաև փոխանցվում է օրալ ճանապարհով և սեռական արտազատուկի միջոցով, հեպատիտ C-ն, որը նույնպես տարածվում է օրալ ճանապարհով, հեպատիտ B-ն, հերպեսները, մարդկային պապիլոմա վիրուսը և իհարկե Մարդու իմունային անբավարարության վիրուսը(ՄԻԱՎ):

Այսինքն, սեռավարակների տարածումը հիմնականում սեռական ճանապարհով է տեղի ունենում, բայց դրանք կարող են տարածվել նաև բերանի և վնասվածքների միջոցով։ Դուք նշեցիք, որ լինում են առանց ախտանշանների սեռավարակներ: Իսկ կարող եք ավելի մանրամասնել, թե ի՞նչ բարդությունների մասին է խոսքը։

  • Տղամարդկանց մոտ դրանք կարող են առաջացնել շագանակագեղձի քրոնիկ բորբոքում: Սա նշանակում է, որ այդ վարակները, օրգանիզմում հայտնվելով, կարող են ախտահարել շագանակագեղձը: Բացի այդ, դրանք կարող են ախտահարել նաև մակամորձին կամ ամորձին՝ առաջացնելով քրոնիկ, որոշ դեպքերում նաև սուր, օրխիտ՝ մակամորձու կամ ամորձու բորբոքում, ինչի հետևանքով կարող է առաջանալ սերմնատար ուղիների խցանումներ և անպտղություն: Հատկապես վտանգավոր է խլամիդիոզը, որը երկարատև չբուժելու դեպքում նույնպես հանգեցնում է անպտղության:

Այս ամենից կարելի՞ է ենթադրել, որ պարբերաբար բուժզննում անցնելը պարտադիր է, քանի որ նույնիսկ ախտանշանների բացակայության դեպքում վտանգի գործոնը, միևնույն է, բավական բարձր է:

  • Այո, հատկապես խոսքը վերաբերում է այն տղամարդկանց (կամ կանանց), որոնք վարում են ակտիվ սեռական կյանք տարբեր զուգընկերների հետ, ապա անկախ նրանից թե կան ախտանշաններ կամ ոչ, պարտավոր է պարբերաբար կատարել մի շարք հետազոտություններ։ Առանձնահատուկ կարևորություն ունեն ամուսնության շեմին կանգնած երիտասարդ զույգերը։ Մեր կենտրոնում կատարվում են բոլոր այդ հետազոտությունները, զույգերին տրամադրում ենք “առողջության սերտիֆիկատ”։ Բայց, ամեն պարագայում առողջության ամենակարևոր գրավականը ինֆեկցիաների կանխարգելումն ու առողջ ապրելակերպի վարումն է։

Հարցազրույցը վարեց Անահիտ Գյոլեցյանը

http://med.tert.am/am/news/2016/11/04/raffi-janesian/26029

Ռաֆֆի Ջանեցյան։ Ձեր բոլոր ուրոլոգիական հարցերի պատասխանները Urolog.am կայքում

Ռաֆֆի Ջանեցյան։ Ձեր բոլոր ուրոլոգիական հարցերի պատասխանները Urolog.am կայքում

Համացանցում որևէ հարցի մասին տեղեկատվություն գտնելն այսօր բավական հեշտ է. ինֆորմացիան շատ է, ամենուր և բազմատեսակ…: Սակայն ինչ վերաբերում է առողջությանը, միայն տեղեկատվության հասանելիությունը բավարար չէ, հարկավոր է որ այն լինի նաև ճշգրիտ, հավաստի, և որ ամենացանկալին է՝ հաղորդվի անձամբ բժշկի կողմից:

Ռաֆֆի Ջանեցյան, ուրոլոգ

Doctors.am-ը զրուցեց բժիշկ-ուրոլոգ Ռաֆֆի Ջանեցյան հետ:

-Բժիշկ Ջանեցյան, ներկայացրեք, խնդրում եմ, ինչպես միտք ծագեց ստեղծել www.Urolog.am կայքը:Պրակտիկ բժշկի համար, մասնագիտության գործունեությանը զուգահեռ, արդյո՞ք դժվար չէ զբաղվել կայքի ադմինիստրատիվ աշխատանքով:

-Որպես ուրոլոգ, միշտ ցանկություն եմ ունեցել նախաձեռնել նման կայքի ստեղծումը, և արդեն շուրջ երեք տարի է գործում է Urolog.am կայքը: Կայքը վարում եմ ինքս, ինչը, ինչպես նկատեցիք, բավական բարդ է համադրել մասնագիտական գործունեության հետ, քանի որ տեղադրվող հոդվածները պատրաստում եմ ինքս, այցելուների կողմից հարցերին կրկին ես եմ պատասխանում:

Կայքը ստեղծելու միտքը ծագեց այն ժամանակ, երբ զգացի, որ տեղեկատվական դաշտը, հատկապես մասնագիտական և ուրոլոգիական, կարիք ուներ լրացման, արդիական թեմաների արծարծման, հոդվածների, որոնք ընթերցողին կարող են օգնել թե՛ խորհուրդներով, թե՛ իրենց խնդրին առավել մանրամասն ծանոթանալու իմաստով: Այն առաջին և դեռևս միակ հայալեզու ուրոլոգիական կայքն է:

-Իսկ ովքե՞ր են Ձեր ընթերցողները:

-Ի ուրախություն պետք է ասեմ, որ բացի հայաստանցի ընթերցողները, լսարանը մեծ է նաև արտերկրում, և սփյուռքի մեր հայրենակիցները ևս հետևում են կայքում տեղադրվող հոդվածներին, քանի որ այն երկրներում որտեղ ապրում են, գուցե լեզվական պատնեշը խոչընդոտում է բժշկի դիմել և ամբողջությամբ ներկայացնել խնդիրը: Այս կերպ նրանք կարողանում են գտնել գոնե նվազագույն տեղեկատվություն իրենց խնդրի մասին:

-Այսինքն, Urolog.am կայքը համացանցային բազմազանության մեջ կարող ենք համարել վստահելի աղբյուր, երբ թեման ներկայացնում է անմիջապես բժիշկը: Իսկ իրականացնու՞մ եք արդյոք մոնիթորինգ, թե մարդիկ հատկապես ո՞ր թեմաներով հոդվածներ են ցանկանում կարդալ: Ո՞ր խնդիրներն են այսօր արդի:

-Այո, իհարկե: Կայքի գործունեության կարևորագույն նպատակներից է արդիականությունը: Իմ մասնագիտական փորձն ինձ հուշում է, թե մարդկանց ինչն է առավել հետաքրքրում, ինչի մասին կուզեին կարդալ, դա հասկանում եմ նաև ինձ ուղղված նամակներից: Այս կերպ հավաքագրում եմ այն թեմաները, որոնք պետք է լուսաբանել հոդվածների միջոցով:

-Դուք՝ որպես ուրոլոգ, ունե՞ք նեղ մասնագիտացում: Ի՞նչ խնդիրներով, գանգատներով կարելի է Ձեզ դիմել:

-Զբաղվում եմ ընդհանուր ուրոլոգիական բոլոր խնդիրներով, դրանց՝ ինչպես թերապևտիկ, այնպես էլ վիրաբուժական բուժմամբ, մասնագիտացումս տղամարդու անպտղության խնդիրներն են, շագանակագեղձի հիվանդությունները, միզաքարային հիվանդությունը, սեռական դիսֆունկցիան, միզուղիների բորբոքումները, ինֆեկցիաները…։

-Տղամարդկանց մոտ ուրոլոգիական խնդիրներ մեծամասամբ առաջանում են հասուն տարիքում՝ 40-50 տարեկանից հետո, սակայն կայքի ընթերցողները, կարծում ենք, առավելապես երիտասարդներ են: Ի՞նչ ուրոլոգիական խնդիրներ կան, որ վերաբերում են երիտասարդ տղամարդկանց:

-Իհարկե, ինֆորմացիոն տեխնոլոգիաների այս ժամանակաշրջանում, համացանցից օգվում են հիմնականում երիտասարդները կամ միջին տարիքի մարդիկ, սակայն, ի զարմանս պետք է ասեմ, որ ունեցել եմ նույնիսկ 76 տարեկան հիվանդ, ով իր շագանակագեղձի խնդրին բավական լավ ծանոթացել էր հենց կայքի միջոցով:
Երիտասարդ տարիքային խմբի տղամարդկանց ավելի հետաքրքրում են միզուղիների բորբոքումները, սեռական ինֆեկցիաները, էրեկտիլ դիսֆունկցիան, սերմնաժայթքման խանգարումները, երբեմն նաև անպտղության խնդիրները: Միջին տարիքի՝ 45-50 տարիքի տղամարդիկ առավել հաճախ դիմում են սեռական ցանկության նվազման, շագանակագեղձի հետ կապված հիվանդություններով: Կանանց, որոշակի տարիքից հետո,  ավելի հաճախ հետաքրքրում են անմիզապահության, օրգազմի բացակայության խնդիրները, միզաքարային, բորբոքային հիվանդություններ և այլն:
Իմ կայքի այցելուները հիմնականում 25-55 տարեկան անձինք են: Հետաքրքրական է, որ կին-այցելուների թիվն էլ բավական մեծ է: Սա վկայում է այն մասին, որ կանայք ցանկանում են տեղեկացված լինել ինչպես սեփական, այնպես էլ իրենց զուգընկերների խնդիրների մասին, ցուցաբերել հետևողական մոտեցում: Սա, իհարկե, ողջունելի փաստ է:

-Կայքը ի՞նչ հաճախականությամբ է թարմացվում: Հաճա՞խ են տեղադրվում նոր հոդվածներ՝ արդի և հետաքրքիր թեմաներով:
-Սա մի փոքր ցավալի հարց է ինձ համար: Լինում է ժամանակահատված, երբ մեծ քանակությամբ նոր հոդվածներ եմ գրում և կայքում տեղադրում, պատահում է նաև, որ պրակտիկ գործունեության ծանրաբեռնվածությամբ պայմանավորված երբեմն ոչ այնքան ակտիվ եմ լինում: Սակայն կայքի այցելուների, իմ պացիենտների հարցերը և բազմաթիվ նամակները ինձ հաճախ «ստիպում են» գործի անցնել և թարմ ու արդիական հոդվածներ գրել:
Ուրախությամբ պիտի իմ ընթերցողին տեղեկացնեմ, որ շուտով նախատեսում եմ դրական փոփոխություններ կայքի աշխատանքի հարցում և նոր հոդվածների համալրում:

-Կարո՞ղ ենք ասել, որ ուրոլոգիական բոլոր հարցերը, որ կարող են առաջանալ անձի մոտ, սպառիչ պատասխան կգտնեն Ձեր կայքում:

-Գիտե՞ք, հետաքրքիր մի փաստ եմ նկատել, շատ հաճախ, երբ պացիենտը հետազոտությոան ընթացքում հարց է ուղղում ինձ, ներկայացնելուց հետո հղում եմ տալիս կայքին, որպեսզի նա այնտեղ կարդա իրեն անհրաժեշտ լրացուցիչ ինֆորմացիան:

Հնարավորին չափով փորձում եմ բավարար պատասխան տալ նամակագիրներին, սակայն ինքս, որպես մասնագետ , իհարկե ճիշտ չեմ համարում հեռակա բուժում նշանակել և հիմք ընդունել միայն անձի նկարագրած գանգատները: Սակայն կա մեկ այլ ճշմարտություն ևս. բժշկի կողմից տրված մեկ ճիշտ խորհուրդն անգամ կարող է ճիշտ ուղղություն ցույց տալ մարդուն:

-Եղե՞լ են նման դեպքեր և շնորհակալական նամակներ ընթերցողների կողմից:

-Իհարկե: Պատահում է, որ գրում են հեռու շրջանների բնակիչներ, զինվորներ, ում տվյալ պահին գուցե և հասանելի չէ բուժօգնությունը: Այս դեպքում փորձում եմ հնարավորության սահմանում անել հնարավորը՝ մարդուն ճիշտ ուղղորդելու համար: Իսկ շնորհակալական նամակներ հաճախ եմ ստանում և անչափ ուրախ եմ, որ կարող եմ օգտակար լինել իմ ընթերցողին:

-Նշված դեպքերում բուժօգնությունը հասանելի չէ, և այդ է պատճառը, որ մարդը չի դիմում բժշկի: Սակայն ի՞նչ կասեք այն բարդույթները, որ կային նախկինում՝ ուրոլոգի դիմելու հարցում, այժմ ևս առկա են, թե՞ դրական միտում կա:

-Ես համարում եմ, որ կա ակնհայտ առաջընթաց այս հարցում: Անդրադառնալով Urolog.am-ին, կարող եմ ասել, որ իմ առջև դրված է հենց վերոնշյալ գիտակցության բարձրացման և կյանքի որակի լավացման խնդիրը: Համոզված եմ, որ մարդը չպետք է ապրի իրեն տանջող պրոբլեմով:
Այսօր մեծաթիվ են միզարձակման, սերմնաժայթքման, վերարտադրողական խնդիրները, այդ պատճառով հարկավոր է բարձրացնել հասարակության գիտակցական մակարդակը, որպեսզի խնդրի դեպքում մարդիկ դիմեն համապատասխան մասնագետի:

-Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կա որոշ հիվանդությունների զարգացման աճ՝ քաղաքակրթությամբ պայմանավորված: Ինչպե՞ս է այս երևույթն անդրադառնում ուրոլոգիայի վրա, և ո՞րը կլինի Ձեր խորհուրդն ընթերցողին:

-Ինձ համար՝ որպես մասնագետ, սա կարևոր հարց է, և այդ պատճառով էլ իմ կայքում ունեմ առանձնացված բաժին՝ «Առողջ ապրելակերպ»:
Ավելորդ քաշ, ծխախոտի, ալկոհոլի չարաշահում, շաքարային դիաբետ, ֆիզիկապես ոչ ակտիվ ապրելակերպ. սրանք համաշխարհային լրջագույն խնդիրներ են, որոնցից, ցավոք, մեր երկիրը ևս հետ չի մնում: Այս խնդիրները կարող են առաջացնել և՛ անպտղություն, և՛ սեռական տարբեր խանգարումներ, միզարձակման խանգարումներ, ընդհուպ օնկոլոգիական հիվանդություններ:
Կարևորում եմ այս ամենի մասին տեղեկացնել ինչպես պացիենտներին, այնպես էլ իմ ընթերցողին:
Այսօր անչափ կարևոր է լինել տեղեկացված: Բոլորին հորդորում եմ բաց չթողնել այդ հնարավորությունը և տեղեկատվություն փնտրել միայն վստահելի աղբյուրներից: Շնորհակալ եմ թեմայի լուսաբանման և հարցազրույցի համար:

Հեղ.՝ Ամալյա Գրիգորյան
Սկզբնաղբյուրը՝ Doctors.am
29, ապրիլի, 2016

Առնանդամի հիվանդությունները (Penile disorders)

Ռադիոառողջարան (FM106.5): Տղամարդու ամենակարևոր օրգանին՝ առնանդամին սպառնացող հիվանդությունների, դրանց ախտանիշների, բուժման մեթոդների մասին զրուցում ենք urolog.am կայքէջի հիմանդիր, ուրոլոգ Ռաֆֆի Ջանեցյանի հետ:

Ռադիոառողջարան (04․05․2015): Առնանդամի հիվանդությունները (Penile disorders)

Ռաֆֆի Ջանեցյան, ուրոլոգ

Ռաֆֆի Ջանեցյան, ուրոլոգ

 

Ի՞նչ բացասական ազդեցություն ունի վաղաժամ սերմնաժայթքումը՝ կնոջ առողջության վրա։

Ռադիոառողջարան (FM 106.5): Անչափ տարածված խնդիրը՝ վաղաժամ սերմանժայթքմումն ի՞նչ է իրենց ներկայացնում, ի՞նչ ազդեցություն ունի կնոջ սեռական առողջության վրա և ինչպե՞ս կարելի է բուժել, մանրամասնում է Ուրոլոգիայի Կենտրոնի ուրոլոգ՝ Ռաֆֆի Ջանեցյանը:

Ռադիոառոջարան (25.10.2014): Վաղաժամ սերմնաժայթքման ազդեցությունը կնոջ առողջության վրա.

Raffi Janesian, urologist  Ռաֆֆի Հ․ Ջանեցյան, ուրոլոգ

Raffi Janesian, urologist Ռաֆֆի Հ․ Ջանեցյան, ուրոլոգ

Ռադիոառողջարան։ Կանանց միզուղիների բորբոքումները

Ռադիոառողջարան (FM106.5): Միզուղիների բորբոքումները տարածված է հատկապես կանանց շրջանում: Ինչո՞ւ, ինչպե՞ս է ախտորոշվում, ինչպե՞ս բուժվում ու կանխվում: Բոլոր հարցերին պատասխանում է “Ուրոլոգիայի Կենտրոն” ֊ի բժիշկ֊ուրոլոգ՝ Ռաֆֆի Հ․ Ջանեցյանը։

Ռադիոառողջարան (10.11.2014): Կանանց միզուղիների բորբոքումներ

Raffi Janesian, urologist  Ռաֆֆի Հ․ Ջանեցյան, ուրոլոգ

Raffi Janesian, urologist    Ռաֆֆի Հ․ Ջանեցյան, ուրոլոգ

Էնուրեզը՝ որպես հոգեբանական դրսևորում

Էնուրեզը՝ որպես հոգեբանական դրսևորում

էնուրեզ (enuresis)

էնուրեզ (enuresis)

Գիշերային ակամամիզություն կամ էնուրեզ (enuresis) դա ակամա գիշերային միզարձակությունն է: Ամերիկայի Միացյալ Նահանգներում 5 տարեկանից բարձր էնուրեզով տառապող երեխաների թիվը շուրջ 7 միլիոն է: Գիշերային ակամամիզության և դրա բուժման մասին , զրուցեցինք Ուրոլոգիայի կենտրոնի ուրոլոգ՝ Ռաֆֆի Ջանեցյանի հետ:

-Արդյո՞ք կարող ենք ասել, որ էնուրեզը կամ ինչպես ընդունված է ասել գիշերային ակամամիզությունը հիվանդություն է:

-Այո կարող ենք ասել, որ հիվանդություն է, սակայն անհայտ պատճառների հիվանդություն: Հիմնականում ընդունված է ասել, որ այն ժառանգական բնույթ է կրում: Որպես այդպիսին էնուրեզը այդքան էլ ուսումնասիրված չէ, սակայն հայտնի է այն մեծ առնչություն ունի երեխայի հոգեկան ներաշխարհի հետ: Ուշադրության պակասը, ընտանեկան խնդիրները, անհավասար ու խտրական վերաբերմունքը երեխաների նկատմամբ կարող են գիշերային ակամամիզության պատճառներ լինել: Իհարկե պետք է հաշվի առնել նաև որոշ սննդնի օգտագործումը, հեղուկի չարաշահումը և այլ հանգամանքներ, սակայն կրկին պետք նշեմ, որ էնուրեզի հստակ պատճառներ գոյություն չունեն: Էնուրեզը նորմալ կարելի է համարել մինչև 6 տարեկանը, սակայն լինում են նաև դեպքեր, երբ հանդիպում է ավելի բարձր տարիքում:

-Ճիշտ է ՞արդյոք, որ տղաների մոտ ավելի հաճախ է նկատվում գիշերամիզություն, քան աղջիկների:

-Պետք է ասել, որ կոնկրետ այդպիսի հստակ տարբերակում չկա: Գիշերամիզությունը հիմնականում կարող է հանդիպել և տղամների և աղջիկների մոտ, և այն մեծ մասամբ կապված է ժառանգական գործոնի հետ:

-Գիշերամիզությունը արդյո՞ք ուղեղի ֆունկցիոնալ խանգարման հետ կարող է առնչություն ունենալ:

-Միանշանակ ոչ, այն ուղեղի ֆունկցիոնալ խանգարման հետ առհասարական կապված չէ: Շատ դժվար է պատճառի հայտնաբերումը: Հետևաբար անհրաժեշտ է երեխայի հիվանդության մանրամասն տեղեկություն քաղել ծնողներից, կատարել մի շարք քննություններ և երբեմն նույնիսկ՝ իմպերատիվ բուժում և հսկողություն:

-Ինչպիսի ՞ բուժում անհրաժեշտ է հիվանդին:

-Իհարկե այս պրոբլեմը ունի իր լուծումը: Որոշ դեպքերում բուժման ճանապարհը երկար է, սակայն միանշանակ ձեռքերը ծալած պետք չի նստել: Նախ պետք է իմանալ էնուրետիկ երեխայի “թաց” և “չոր” օրերի մասին, ակամամիզության հավանական պատճառի կամ առիթի մասին: Պետք է կատարել շաքարի, արյան և մեզի քննություններ, նաև ուրոդինամիկ հետազոտություններ: Քանի որ էնուրեզը ունի հոգեբանական նշանակություն, հետևաբար պետք է գնահատել երեխայի հոգեբանական վիճակը: Բուժման համար կարևոր է զարգացնել երեխաների մոտ գիշերը զարթնելու ռեֆլեքսը; Նախ դա պետք է անել ծնողների օգնությամբ, այնուհետև ինքնուրույն: Պետք է երեխային տալ հոգեբանական աջակցություն: Բուժումը իրականացվում է նաև դեղորայքի միջոցով: Այսպիսի համալիր մոտեցումը կարող է նպաստել եթե ոչ հիվանդության լիակատար առողջացմանը կարճ ժամանակամիջոցում, գոնե “թաց” օրերի նվազեցմանն ու հույսի արթնացմանը ծնողների մոտ:

Մեզ հետ զրուցում ՝ ուրոլոգ Ռ. Ջանեցյանը հաստատեց, որ երեխայի նկատմամբ ծնողի հարգանքը, սերը և անաչառությունը այս խնդրի լուծումներից են:

Զրույցը վարեց և պատրաստեց՝
Մարիամ Հովունի

Ֆիմոզ՝ խնդի՞ր, թե ծնողների տեղեկատվության պակաս…

Ֆիմոզ՝ խնդի՞ր, թե ծնողների տեղեկատվության պակաս…

Տղամարդկանց մոտ հաճախ հանդիպող հիվանդություններից է ֆիմոզը (phimosis) : Սա դասվում է այն հիվանդությունների շարքին, որը խիստ ուշադրություն է պահանջում: Ի՞նչ է իրենց ներկայացնում Ֆիմոզը, ի՞նչ բարդություններ ունի այն և ի վերջո , որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ այն բուժելու համար այս և այլ հարցերի պատասխաններ մենք փորձեցինք ստանալ ուրոլոգիայի կենտրոնի ուրոլոգ՝ Ռաֆֆի Ջանեցյանի հետ զրույցում:

-Ինչ ՞ է իրենից ներկայացնում “ֆիմոզ” հիվանդությունը:

ֆիմոզը (phimosis)

ֆիմոզ (phimosis)

-Ֆիմոզը` առնանդամի թլիփի հետ գնալու դժվարությունն է, ինչպես նաև այն երևույթը ,երբ առնանդամի գլխիկը ամբողջությամբ չի բացվում: Պետք է նշել նաև, որ այս հիվանդությունը լինում է `բնածին և ձեռքբերովի: Սովորաբար երեխաները ներարգանդային կյանքից սկսյալ մեծամասմաբ ունենում են “կեղծ” ֆիմոզ: Նորածիններին բնորոշ է թլիփի ներքին թերթիկի կպումը առնանդամի գլխիկին: Սովորաբար այս երևույթին ուշադրություն չեն դարձնում ո՛չ մանկաբույժները ո՛չ էլ ծնողները: Ընդհանչապես կոշտ կամ բռնի ձևով չի կարելի թլիփը հետ քաշել, քանի որ դա կարող է բերել մաշկի բորբոքման, կպումների կամ “իսկական” ֆիմոզի զարգացման: Ի դեպ, առհասարակ երեխայի ծնունդից մեկ ամիս անց ցանկալի է,որ երեխային զզնի ուրոլոգը, քանի որ շատ ժամանակ մանկաբույժները այդ խնդրին ուշադրություն չեն դարձնում:

-Նշեցիք “իսկական ֆիմոզ” արտահայտությունը, ի՞նչ  է այն իրենից ներկայացնում:

-Իսկական Ֆիմոզը զարգանում է միայն այն ժամանակ, երբ ոչ ճիշտ խնամքի կամ մոտեցման պատճառով առաջանում են բորբոքում,կպումներ և մաշկի կազմափոխում: Արդյունքում ժամանակի ընթացքում զարգանում է իսկական ֆիմոզ: Հարկ է նշել, որ ֆիմոզն ունի իր աստիճանները, որոնց յուրաքանչյուրի դեպում` կախված տարիքից և բարդության աստիճանից, առաջարկվում է համապատասխան բուժում:

-Տնային պայմաններում կարելի՞ է խնդրի դեմն առնել:

-Այո, եթե իհարկե խոսքը վերաբերվում է երեխաներին, պազապես մայրերը պետք է ճիշտ ժամանակին իմանան խնդրի մասին և կատարեն ուրոլոգի խորհուրդները: Սակայն երբ բացակայում է ուշադրությունն ու հետևողականությունը, ապա բարդությունը հասնում է որոշակի ասատիճանի և բժշկանան միջամտությունը անխուսափելի է դառնում:

-Երկարատև բուժում է պահանջում հիվանդությունը , թե՞ ոչ:

-Նախ պետք է պարզել ֆիմոզի առկայությունը, աստիճանն ու պատճառները: Սովորաբար բորբոքման և ինֆեկցիանրի առկայության դեպքում, պետք է կատարել դեղորայքային բուժում: Երբեմն դեղորայքային բուժման շնորհիվ լիարժեք բուժվում է այս հիվանդությունը, սակայն լինում են նաև կրկնություններ: Դեպքեր էլ կան, որի ժամանակ առաջարկվում է վիրահատական բուժում:

-Ասում են,եթե տղամարդու մոտ գույություն ունի ֆիմոզ, ապա նրա ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը մեծ է: Այդպե՞ս է:

-Ֆիմոզը ՁԻԱՀ-ի պատճառ չի կարող է լինել: Սակայն կա մի փաստ, որ թլփատվածները ավելի քիչ ընկալունակ են սեռական ինֆեկցիաների ձեռքբեռմանը, քան չթլփատվածները: Քանզի խոնավ միջավայրը ինֆեկցիայի փոխանցման համար նպաստավոր է:

Զրույցի վերջում բժիշկ, ուրոլոգ ` Ռաֆֆի Ջանեցյանը մի քանի խորհորդ տվեց.
Երեխաների դեպքում:
• Նախ, ծնողները պետք է դիմեն ուրոլոգի խորհրդատվության ` ֆիմոզի և այլ ուրոլոգիական խնդիրների առկայության դեպքում վաղ ախտորոշման և բուժման նպատակով:
• Հարկավոր է առնանդամի մաշկը լվանալ գոլ ջրով, խուսափել գրգռող օճառների կամ սպունգի օգտագործումից, լվանալուց հետո չորացնել առնանդամը փափուկ շորով, այնուհետև թլիփը առաջ տանել:
• Երեխաներին սովորեցնել վերոնշյալ խնամքի մասին
Մեծերի դեպքում:
• Շատ կարևոր է անձնական և սեռական կյանքի հիգիենայի կանոններին հետևելը:
• Ժամանակին դիմել ուրոլոգի խորհրդատվությանը` բալանոպոստիտների (առնանդամի գլխիկի և թլիփի բորբոքում) բուժման նպատակով:
• Խուսափել սեռավարակներից:

Զրույցը վարեց և ներկայացրեց՝
Մարիամ Հովունի

Ռադիոառողջարան: Տղամարդկանց «երկրորդ սիրտը»

Ռադիոառողջարան (FM106.5): Առողջ տղամարդը ամուր  հայրենիքի գրավականն է: Մենք կարևորում ենք մեր տղամարդկանց առողջությունն ու Ուրուլոգիայի կենտրոնի ուրոլոգ` Ռաֆֆի Ջանեցյանի օգնությամբ բացահայտում առողջ տղամարդ ունենալու գաղտնիքները:

Ռադիոառողջարան (05.06.2014): Տղամարդկանց «Երկրորդ սիրտը»

Ռաֆֆի Հ. Ջանեցյան, ուրոլոգ

Ռաֆֆի Հ. Ջանեցյան, ուրոլոգ

Doctors.am:”Հարցազրույց ուրոլոգ Ռաֆֆի Հակոբի Ջանեցյանի հետ” շագանակագեղձի հիվանդությունների մասին…

“Հարցազրույց ուրոլոգ Ռաֆֆի Հակոբի Ջանեցյանի հետ”

Doctors.am-ի հյուրասրահը հյուրընկալել է “Ուրոլոգիայի կենտրոնի” և “Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի” ուրոլոգ`

Ռաֆֆի Հակոբի Ջանեցյանին

Թեմա-Շագանակագեղձի հիվանդություններ

Ռաֆֆի Հ. Ջանեցյան, ուրոլոգ  Raffi H. Janesian, urologist

Ռաֆֆի Հ. Ջանեցյան, ուրոլոգ – Raffi H. Janesian, urologist

-Բժիշկները պնդում են, որ շագանակագեղձը տղամարդու երկրորդ սիրտն է. ի՞նչ կարևորագույն ֆունկցիաներ ունի այն տղամարդու օրգանիզմում:

– Շագանակագեղձը տղամարդու միզասեռական գեղձամկանային օրգան է: Այն գ նվում է միզապարկից ներքև. նրա մեջ են բացվում սերմնատար խողովակները, նրա միջոցով անցնում է մեզը: Այն ունի միզապահության ֆունկցիա, քանի որ նրա սահմաններում` վերևից և ներքևից, գտնվում են երկու միզային փականները, որոնք պատասխանատու են այդ ֆունկցիայի համար: Որպես գեղձ` նա արատադրում է արտազատուկ, որն ապահովում է սերմնաբջիջների լողալու և շարժունակության միջավայրը: Այդ արտազատուկի հիմնային միջավայրի շնորհիվ սերմնաբջիջը հաղթահարում է  հեշտոցի թթվային պատնեշը և տեղափոխվում արգանդի խոռոչ: Շագանակագեղձի արտազատուկն ունի նաև մանրեասպան հատկություն: Իսկ որպես մկան՝ նրա կծկմամբ տեղի է ունենում սերմաժայթքումը: Նաև կարևոր է նշել, որ սեռական ֆունկցիայի խանգարումները կարող են անմիջական կապ ունենալ շագանակագեղձի հիվանդությունների հետ, քանի որ գեղձի մակերեսով են անցնում առնանդամի անոթներն ու նյարդերը: Մի խոսքով, իսկապես տղամարդու “երկրորդ սիրտն” է, և հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել շագանակագեղձի ոռողջության վրա:

– Ո՞ր տարիքից է աճում շագանակագեղձի հետ կապված խնդիրներ ունենալու ռիսկը:

– Շագանակագեղձի հետ կապված  խնդիրներ առաջանում են երիտասարդական հասակից մինչև խորը ծերություն: Մեծահասակների խնդիրները կապված են շագանակագեղձի գերաճի կամ քաղցկեղի ախտանշանների հետ, իսկ երիտասարդներինը` շագանակագեղձի բորբոքման` պրոստատիտի հետ: Պրոստատիտի պատճառները տարբեր են` սեռական կյանքի հիգիենայի կանոններին չհետևելը, սեռավարակները, բազմաթիվ զուգընկերներ, տարբեր տեսակի սեռական կապերը և այլն:

– Բացի սեռավարակներից, ուրիշ ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ շագանակագեղձի բորբոքման համար:

– Սեռական կյանքի բացակայությունը կամ անկանոնությունը, նստակյաց  կենսակերպը, գիրությունն ու ճարպակալումը, ալկոհոլի և սուր համեմունքների չարաշահումը նույնպես կարող են բորբոքման պատճառ հանդիսանալ: Պատահական սեռական հարաբերություննեը կարող են շագանակագեղձի քրոնիկական ախտահարման պատճառ դառնալ:

– Շագանակագեղձի ադենոման հայտնի է ՝ որպես  տարածված և հաճախ հանդիպող խնդիր.լուսաբանեք խնդրեմ՝ ի՞նչ է այն:

– Շագանակագեղձի ադենոման  բարորակ գոյացություն է, որն աճում է գեղձի մեջ՝ առաջացնելով միզուղիների խցանում և միզարձակման խանգարումներ: Նրա առաջացման պատճառներն անհայտ են, սակայն հորմոնային գործոնը համարվում է ամենատարածվածը:

– Որո՞նք են  հիմնական գանգատները շագանակագեղձի ադենոմայի դեպքում:

– Առաջին ախտանշանը  դժվարամիզությունն է, այնուհետև` հաճախամիզությունը, գիշերամիզությունը, ընդհատվող և նվազ շիթով միզարձակությունը, միզապարկի ոչ լրիվ դատարկման զգացողությունը և այլն: Հիվանդության փուլը որոշվում է հարցաշարի միջոցով, որը կոչվում է շագանակագեղձի ախտանշանների միջազգայինին ինդեքս: Վերջինիս հիման վրա որոշվում է հիվանդի վարման տարբերակը` հսկողություն, դեղորայքային բուժում կամ վիրահատություն: Երբեմն հիվանդները հարմարվում են իրենց գիշերային հաճախակի միզարձակությանը, և դա համարում  նորմալ երևույթ: Մինչդեռ առողջ մարդը չպետք է քնից զարթնի միզելու համար:

– Իսկ ո՞րն է  շագանակագեղձի ադենոմային  “բնորոշ” տարիքը:

– Սովորաբար այն հանդիպում է 45-ն անց տղամարդկանց մոտ: Լինում են նաև բացառիկ դեպքեր: Իմ մասնագիտական փորձի ընթացքում շագանակագեղձի ադենոմա ախտորոշմամբ ամենաերիտասարդ հիվանդը եղել է` 32տարեկան, իսկ ամենատարեցը` 91:

– Ինչպե՞ս է տարբերակվում շագանակագեղձի ադենոման չարորակ ուռուցքից, այսինքն քաղցկեղից:

– Ադենոմայի դեպքում գոյացությունն ունի բարորակ ընթացք. հետևանքները կարող են ազդել մարդու կյանքի որակի վրա: Բացի ադենոմայի հետևանքով առաջացած միզարձակման և խցանման ախտանշաններից, կարող են առաջանալ այլ բարդություններ` միզապարկի քարեր, շագանակագեղձի և վերին միզուղիների սուր բորբոքումները, սուր միզակապություն, միզապարկի ատոնիա:  Իսկ քաղցկեղի դեպքում ախտանշանները գրեթե նույնն են, սակայն հարկավոր է կատարել լրացուցիչ հետազոտություններ: Հատկապես ուշադրություն պետք է դարձնել ռիսկային խմբի հիվանդներին` ընտանեկան պատմություն ունեցողներին, գերերին, ծխողներին:

– Ի՞նչ հետազոտություններ են պահանջվում:

– Մինչև հետազոտությունների մասին խոսելն ուզում եմ շեշտել, որ շագանակագեղձի խնդիրներով և բուժմամբ պետք է զբաղվի բացառապես ուրոլոգը, քանի որ նա գիտակ է այդ օրգանի բոլոր խնդիրների մասին: Իսկ այլ “մասնագետների” սխալները կարող են կործանարար և վտանգավոր լինել մարդու առողջության համար: Օրինակ, այլ մասնագետների ուշադրությունից կարող է վրիպել շագանակագեղձի քաղցկեղը: Անդրադառնալով հետազոտություններին՝ հարկավոր է կատարել սոնոգրաֆիկ, ուրոդինամիկ և լաբորատոր հետազոտություններ, ուղիղ աղիքային մատնային քննություն, ՊՍԱ, երբեմն տրանսուռեկտալ սոնոգրաֆիա:

– Ե՞րբ է  կատարվում քաղցկեղի վերջնական ախտորոշումը:

– Շագանակագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշումը կատարվում է ներուղիղաղիքային բիոպսիայի միջոցով, որն իրականացվում է սոնոգրաֆիկ հսկողության ներքո: Գեղձի յուրաքանչյուր բլթից վերցվում են հյուսվածքային կտորներ հետազոտման համար: Այս մոտեցումը նպաստում է քաղցկեղի վաղ ախտորոշմանը: Ինչպես այլ օրգանների, այնպես էլ շագանակագեղձի քաղցկեղի դեպքում պարզ է, որ վաղ  ախտորոշումն ապահովում է հիվանդի երկարակեցությունը և քաղցկեղի տարածման կանխումը:

Ինչպիսի՞ բուժական և  վիրահատական միջամտություններ են կատարվում շագանակագեղձի բորբոքումների, ադենոմայի և քաղցկեղի դեպքում:

– Պրոստատիտի բուժման համար կիրառվում են հակաբորբոքային, հակաբակտերիալ, ֆիզիոթերապևվտիկ, վիտամինային բուժումներ: Շագանակագեղձի ադենոմայի թեթև և միջին ախտահարումների ժամանակ կատարվում է դեղորայքային բուժում: Համապատասխան դեղորայքի խումբը կոչվում է ալֆա- պաշարիչներ, որոնք ունեն միզապարկի վզիկի և շագանակագեղձի հարթ մկանաթելերը թուլացնող, հետևաբար  միզարձակությունը լավացնող հատկություն: Նրանք չեն դադարեցնում շագանակագեղձի գերաճը, այլ նվազեցնում  են հիվանդի գանգատները: Ադենոմայի արտահայտված ախտահարումների դեպքում կատարվում է վիրահատական բուժում: Ամենատարածված վիրահատական եղանակը ներմիզուկային մասնատումն է, որի ժամանակ հեռացվում են շագանակագեղձի ադենոմատոզ հանգույցները՝ էնդոսկոպիկ եղանակով: Որոշ դեպքերում կիրառվում են նաև բաց վիրահատությունը:

Ինչ վերաբերում է շագանակագեղձի քաղցկեղին,ապա նշեմ, որ շագանակագեղձում սահմանափակված և տեղային տարածվածության քաղցկեղի դեպքում կիրառվում է վիրահատական, ճառագայթային և հորմոնալ բուժում: Իսկ մետաստատիկ քաղցկեղի դեպքում` հորմոնալ բուժում և քիմիաթերապիա:

Ինչ խորհուրդ կտաք տղամարդկանց՝ շագանակագեղձի հետ կապված առողջական խնդիրներից խուսափելու համար:

– Տղամարդիկ պետք է ուշադիր լինեն իրենց միզասեռական համակարգի խնդիրներին, քանի որ դրանով պայմանավորված է իրենց կյանքի որակը: Նաև հորդորում եմ կանանց ավելի ուշադիր լինել իրենց ամուսինների նկատմամբ՝ անհրաժեշտության դեպքում ուղղորդելով նրանց ուրոլոգի խորհրդատվությանը: Հաճախ Հայաստանում տղամարդիկ անտեսում են իրենց առողջությունը` ոչ բավարար տեղեկատվություն ունենալու պատճառով: Հետևաբար կարևորում եմ  տղամարդկանց առողջության գիտակցման մակարդակի բարձրացումը՝ գիտելիքների և տեղեկատվություն տրամադրելու միջոցով: Այս նպատակով ձեռնարկել եմ ուրոլոգիական մասնագիտական նոր կայքի ստեղծումը: www.urolog.am անդրադառնում է տղամարդու առողջության, և, հատկապես, միզասեռական և վերարտադրողական խնդիրներին: Այս կայքը հնարավորություն է տալիս ցանկացած այցելուի գիտահանրամատչելի տեղեկատվություն ստանալու՝ ուրոլոգիական ամենատարբեր խնդիրների և հիվանդությունների վերաբերյալ, հարցեր ուղղելու իրենց հուզող և կաշկանդող թեմաներով, և ստանալու մատչելի պատասխաններ: Շնորհակալ եմ www.urolog.am այցելուներին` դրական արձագանքների և խրախուսական խոսքերի համար: Շնորհակալություն նաև Ձեզ:

Հարցազրույցը’ Լուսինե Քոչարյանի
Աղբյուրը’ Doctors.am

24 .05.2013

Հարցազրույց` բժշկության և ուրոլոգիայի մասին…

Սեփական առողջությամբ հետաքրքրվելու միտում է նկատվում.

Ռաֆֆի Հ. Ջանեցյան, ուրոլոգ

Ռաֆֆի Հ. Ջանեցյան, ուրոլոգ

Ռաֆֆի ՋԱՆԵՑՅԱՆՆ արդեն 12 տարի է` աշխատում է որպես ուրոլոգ: Հայաստանի անկախության առաջին տարիներին նա Սիրիայից հայրենադարձվեց Հայաստան` հայրենիքում ապրելու և աշխատելու հաստատակամությամբ: Նա մասնագիտացել է ուրոլոգիայի ոլորտում և վերապատրաստվել Բոստոնի համալսարանական կլինիկայում` պրոֆեսոր Ռիչարդ Բաբայանի ղեկավարությամբ: Այժմ աշխատում է մայրաքաղաքի Ուրոլոգիայի կենտրոնում:
Հայաստանում բժշկության, մասնավորապես ուրոլոգիայի ոլորտում առկա բացերի ու ձեռքբերումների մասին զրուցեցինք` բժիշկ Ռաֆֆի Ջանեցյանի հետ:
– Պարոն Ջանեցյան, ուրոլոգիան Հայաստանում զարգացման ի՞նչ մակարդակում է:  
– Վստահորեն կարող եմ ասել, որ Հայաստանում վերջին 15 տարիներին ուրոլոգիան մեծ թափով զարգացել է շնորհիվ այն բանի, որ մեծ թվով տեղացի բժիշկներ վերապատրաստվել են արտասահմանյան լավագույն կլինիկաներում: Բացի դա` այնտեղից մասնագետներ ժամանեցին Հայաստան` մեր բժիշկներին զինելով ուրոլոգիայի վերջին ձեռքբերումներով, տեսական և գործնական գիտելիքներով, ինչպես նաև բժշկական սարքավորումներով:
Ուրոլոգիան բժշկության կարևոր օղակներից մեկն է, քանի որ այն առնչվում է մարդու կենսական օրգաններին` միզասեռական և վերարտադրողական համակարգերին: Հետևաբար ուրոլոգիան կարելի է համարել  կյանքի որակի բարելավմանը ծառայող մասնագիտություն:
– Մեր հասարակությունը որքանո՞վ է տեղեկացված բժշկագիտության այս ոլորտի մասին: Շատերի գիտակցության մեջ դեռևս իշխում է այն կարծրատիպը, թե ուրոլոգիան զբաղվում է միայն տղամարդկանց միզասեռական հիվանդություններով, իսկ ուրոլոգը բուժում է` միայն տղամարդկանց: 
–  Իրավացի եք` վերոնշյալ թյուր կարծիքը տարածված է: Իրականում ուրոլոգիան տղամարդկանց և կանանց առողջության վերաբերող մասնագիտություն է, իսկ գինեկոլոգիան` միայն կանանց վերաբերող: Ուրոլոգիան զբաղվում է հավասարապես թե արական, թե իգական սեռերի միզասեռական համակարգի բուժմամբ և վիրաբուժությամբ, ինչպես նաև տղամարդկանց վերարտադրողական խնդիրներով: Օրինակ` ընդհանուր են երիկամների, միզածորանների ու միզապարկի, միզաքարային, բորբոքային և ուռուցքային հիվանդությունները: Ուրոլոգը բուժում է նաև տղամարդկանց սեռական օրգանների հիվանդությունները և անպտղությունը: Սա ուզում եմ շեշտել, քանի որ ցավոք բավական տարածում է գտել այն երևույթը, որ որոշ գինեկոլոգներ հանձն են առնում բուժել տղամարդկանց սեռական խանգարումներն ու անպտղությունը: Այս երևույթը հղի է ծանր հետևանքներով, քանզի սպառնում է հիվանդի առողջությանը և հակասում է բժշկական էթիկայի կանոններին: Ամեն մարդ պետք է զբաղվի իր մասնագիտությամբ:
– Գուցե տեղեկացվածության պակա՞սն է մարդկանց շփոթության մեջ գցում: Շատ կանայք, օրինակ, չգիտեն, որ միզօրգանների ախտահարման դեպքում պետք է դիմել ոչ թե գինեկոլոգին, այլ նեղ մասնագետին` ուրոլոգին:  
– Եթե ուրոլոգիական խնդիր է` պետք է ուրոլոգին դիմել: Իհարկե, երբեմն կարիք է լինում, որ մասնագետները համագործակցեն (ուրոլոգ, գինեկոլոգ, պրոկտոլոգ…), ինչն ապահովում է հիվանդի ճիշտ ախտորոշումն ու բուժումը: Լինում են դեպքեր, երբ հիվանդը սխալ կողմնորոշվելով` դիմում է ուրիշ մասնագետի, նա էլ համապատասխան մասնագետի ուղեգրելու փոխարեն` փորձում է ինքը բուժել:
– Ուրոլոգիական ո՞ր հիվանդություններն են մեր երկրում առավել տարածված ու խնդրահարույց:  
– Դրա վերաբերյալ վիճակագրական ստույգ տվյալներ չկան: Սակայն ինչպես աշխարհի բոլոր երկրներում` շատ տարածված են բորբոքային հիվանդությունները, սեռավարակները (որոնք սեքսուալ հեղափոխության, զուգընկերներին հաճախակի փոփոխելու, սեռական ազատ հարաբերությունների կանխատեսելի հետևանք են), տղամարդկանց անպտղությունը, իսկ քաղցկեղային հիվանդություններից առավել տարածված է  միզապարկի քաղցկեղը, այն հատկապես տարածված է ծխող տղամարդկանց շրջանում: Կան նաև այլ հիվանդություններ` շագանակագեղձի ադենոմա, պրոստատիտ: Տարածված է նաև միզաքարային հիվանդությունը, քանի որ Հայաստանը համարվում այս հիվանդության էնդեմիկ օջախներից:
– 15 տարի առաջվա հետ համեմատած` ուրոլոգիական հիվանդությունների բուժման եղանակներն արդիականացվե՞լ են, թե դեռևս կիրառվում են ավանդական միջոցները:
– Այսօր Հայաստանում կիրառվում են ախտորոշման, բուժման և վիրաբուժական նորագույն մեթոդները: Երիկամաքարային հիվանդության բուժման համար օգտագործվում է հեռակա քարափշրումը: Էնդոսկոպիկ ուրոլոգիան նույնպես զարգացած է: Համաշխարհային բժշկագիտությունն արագ զարգանում է, բուժական և վիրաբուժական նոր մեթոդներ են ի հայտ գալիս, որոնք առավել արդյունավետ ու անվնաս են: Ուստի պետք է քայլել ամեն նորության հետ, որը կնպաստի մեր աշխատանքին ու կբարձրացնի դրա արդյունավետությունը:
– Հիվանդությունները բուժելուց բացի կարևոր է նաև դրանք կանխարգելելը: Իսկ դրա համար հարկավոր է մարդկանց տեղեկացնել այդ հիվանդությունների և դրանց պատճառների մասին: Արդյո՞ք դա ևս բժիշկների առաքելությունը չէ: 
– Իսկապես, բժիշկը բուժելուց բացի պարտավոր է նաև հասարակությանը տեղեկացնել հիվանդությունների, դրանց պատճառների և կանխարգելման մասին: Հենց այդ նպատակով վերջերս իմ նախաձեռնությամբ և հեղինակությամբ ստեղծվեց www.urolog.am կայքը: Կայքի նպատակներից գլխավորը մարդկանց հայերենով մասնագիտական մատչելի և ճշգրիտ տեղեկություն հաղորդելն է` տղամարդու և կնոջ ընդհանուր առողջության և մասնավորապես` միզասեռական և վերարտադրողական խնդիրների առաջացման պատճառների ու կանխարգելման մասին: Բանն այն է, որ համացանցում հայերենով ուրոլոգիական հիվանդությունների մասին քիչ տեղեկություններ կան, որոնց հնարավոր լինի վստահել և առաջնորդվել դրանցով: Ես փորձել եմ լրացնել այդ բացը: Նյութերն ու հոդվածները պարբերաբար նորացվում են: Կայքը գովազդի նպատակ չունի, զուտ տեղեկատվական է: Այցելուների համար հնարավորություն է ստեղծվել հարց ու պատասխանի միջոցով այս կամ այն հիվանդության մասին տեղեկություններ ստանալ: Այն նորաբաց լինելով` մեծ հետաքրքրություն է առաջացրել և շատ այցելուներ ունի: Ընթերցողներ կան նաև ԱՄՆ-ից, Եվրոպայից, որտեղ հայկական համայնքը մեծ է: Նման կայքի առկայությունը կարևոր է նաև Հայաստանի հեռավոր շրջանների բնակիչների համար, քանի որ շատ գյուղերում հիվանդանոցներ կամ մասնագետներ չկան և մարդիկ երբեմն մենմենակ են մնում իրենց խնդիրների հետ, չեն կարողանում երկար տարածություն կտրել` բժշկի խորհրդատվություն ստանալու համար: Իսկ այս դեպքում նրանք կարող են կայքի միջոցով իմանալ իրենց հիվանդության մասին, և որոշ դեպքերում խորհուրդներ ստանալ:
– Հայ մարդը որքանո՞վ է ուշադիր սեփական առողջության նկատմամբ:
– Մեծ մասամբ սպասում են` դանակը ոսկորին հասնի, նոր դիմեն բժշկի: Բայց աստիճանաբար հասարակության մեջ սեփական առողջությամբ հետաքրքրվելու միտում է նկատվում, մարդիկ ավելի ուշադիր են դառնում: Բացի դա` իմ գործունեության ընթացքում նկատել եմ, որ տղամարդիկ ուշադիր են իրենց կանանց առողջության նկատմամբ և հաճախ նրանց դրդմամբ և ուղեկցությամբ են կանայք բժշկի հաճախում: Շատ լավ կլիներ, եթե կանայք նույնպես հոգատար և ուշադիր լինեին իրենց ամուսինների առողջության նկատմամբ, քանի որ առողջությունն ամուր ընտանիքի հիմքն է: Urolog.am կայքի այցելուների մեջ շատ են կանայք, և ես հակված եմ մտածելու, որ նրանք ոչ միայն իրենց համար են փորձում ինչ-որ տեղեկություն գտնել, այլև փորձում են հասկանալ տղամարդու ուրոլոգիական խնդիրները: Դա նրանց կօգնի ամուսիններին հետագայում ճիշտ կողմնորոշել: Իհարկե, սա ուրախալի փաստ է:
– Ձեր կարծիքով բժշկի համար ո՞րն է հաջողության հասելու նախապայմանը:  
– Առաջին հերթին` աշխատասիրությունը: Եթե ուզում ենք լավ երկիր կառուցել` պետք է շատ աշխատենք: Մինչդեռ վերջին տարիներին Ռուսաստանի օրինակով մեր կառավարությունը տոնական և ոչ աշխատանքային օրերի քանակն ավելացնում է: Այսպիսի երկար արձակուրդներ այլ երկրներում չկան: Սա վատ սովորություն է, մարդկանց կարող է վարժեցնել անգործության, ծուլության: Կյանքի բոլոր բնագավառներում, առավել ևս բժշկության մեջ, հարկավոր են աշխատանք, ձգտում, նպատակասլացություն: Շատ լավ է հարուստ երկրում ապրելը, բայց այդ բաղձալի երկիրը մենք պետք է կառուցենք, և ոչ թե ուրիշը: Սա պետք է մեր գլխավոր առաքելությունը լինի:

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Աղբյուր`http://www.sobesednik.am/am/health/4085-2013-06-09-06-30-28