Գոնոռեա (Gonorrhea)

2017/06/27

Գոնոռեան (սուսանակ, իսկ խոսակցական` տրիպեր) համարվում է վեներական հիվանդություն, որի հարուցիչները գոնոկոկերն են: Փոխանցման ուղին սեռական հարաբերություններն են: Վարակի ճանապարհը, բացի սեռական կապից, կարող են լինել նաև կենցաղային վարակված պարագաները:

 

Գոնոռեան հիմնականում առաջացնում է միզուկաբորբ, սակայն կարող է առաջացնել նաև բերանի, աչքի և ուղիղ աղիքի լորձաթաղանթի բորբոքումներ:

 

Հիվանդության գաղտնի շրջանը տեւում է մինչեւ 3-5 օր, այնուհետև միզուկի շրջանում առաջանում է ցավ, քոր, անհարմարավետություն, ցավոտ միզարձակություն, որին հաջորդում է թարախային արտադրությունը:

 

Գոնոռեայի բուժումը պետք է սկսել անհապաղ, քանի որ չբուժելու դեպքում առաջանում են մի շարք բարդություններ` պրոստատիտ, մակամորձու և սերմնաբշտերի բորբոքում, ինչպես նաև` անպտղություն: Հեռակա բարդություններից են նաև միզուկի նեղացումները:

 

Շատ կարևոր է ուշադրություն դարձնել կանանց մոտ գոնոռեայի ընթացքին, քանի որ հեշտոցային արտադրոթւյունը, քորն ու այրոցը կարող են աննկատ բնույթ կրել և դադարել որոշ ժամանակ անց: Հետևաբար, գոնոռեայի անցումը քրոնիկական բնույթի կարող է առաջացնել արգանդի խոռոչի և փողերի բորբոքային հիվանդություն, փողային անանցանելություն և անպտղություն:

 

Բուժումը պետք է շարունակել արտադրությունը դադարելուց հետո էլ, քանի որ բուժման ընդհատումը կարող է հանգեցնել հիվանդության անցումը քրոնիկականի բնույթի:

 

Գոնոռեայի նկատմամաբ ձեռբերովի իմունիտետ չի զարգանում: Կանխելու համար հարկավոր է խուսափել պատահական սեռական հարաբերություններից և օգտագործել պահպանակներ: