Սերմնաժայթքման խանգարումներ (Ejaculation Disorders)

2017/06/22

Սերմնաժայթքման խանգարումները տղամարդու սեռական ֆունկցիայի խանգարումներից են, միաժամանակ՝ տղամարդկանց անպտղության կարեւոր պատճառներից մեկը: Սերմնաժայթքման խանգարումները լինում են մի քանի տեսակ.

 

Անէակուլացիա (սերմի լրիվ բացակայություն)


Սերմնաժայթքման այս խանգարման դեպքում սերմը չի անցնում սերմնաբշտերից եւ շագանակագեղձից դեպի միզուկ: Այս վիճակը կարող է կապված լինել ողնաշարի վնասվածքների, պարկինսոնյան հիվանդության, պատանեկան շաքարախտի, որոշ դեղերի (հակագերճնշումային, հակադեպրեսանտներ) եւ ալկոհոլի չարաշահման հետ:

 

Անօրգազմիա (օրգազմի բացակայություն)

 

Անօրգազմիայի վիճակը կարող է հասցնել անէակուլացիայի: Այս երկու վիճակները սերտորեն փոխկապված են: Պատճառները մեծավ մասամբ հոգեբանական են:

 

Ուշացած սերմնաժայթքում

 

Սա այն վիճակն է, երբ անհրաժեշտ է էրեկտիլ առնանդամին ավելորդ ստիմուլացիա` սերմնաժայթքում եւ օրգազմ ունենալու համար: Այս դեպքում հանդիպում է նաեւ անօրգազմիան (օրգազմի բացակայություն): Լինում է ողնաշարի ոչ լրիվ ախտահարումների, առնանդամի նյարդի վնասումների, նաեւ դեղորայքի կողմնակի ազդեցությունների հետեւանքով:

 

Ետընթաց սերմնաժայթքում

 

Ետընթաց սերմնաժաթքման ժամանակ սերմը հոսում է դեպի միզապարկ, եւ տղամարդը սերմնաժայթքում չի ունենում: Սա կարող է ուղեկցվել օրգազմի զգացողության նվազմամբ: Պատճառներն են՝ ողնաշարի վնասվածքները, պատանեկան շաքարախտը, հաստ եւ ուղիղ աղիքի վիրահատությունները, միզուկի խցանումները, շագանակագեղձի վիրահատությունները, դեղորայքի կողմնակի ազդեցությունները:

 

Ասթենիկ սերմնաժայթքում

 

Սա թուլացած, ընդհատվող սերմնաժայթքումն է. հիմնական պատճառները միզուկի նեղացումներն են:

 

Վաղաժամ սերմնաժայթքում

 

Վաղաժամ սերմնաժայթքումը զսպելու անկարողությունն է՝ կարճատեւ պենետրացիայից հետո: Այս երևույթը կարող է պատահել առանց սեռական հարաբերության, այսինքն, նույնիսկ տեսողական գրգռման հետեւանքով: Այն կարող է ի հայտ գալ օրգանական կամ հոգեկան պատճառներով, լինում է ժառանգական կամ ձեռքբերովի, զուգընկերոջից` կախյալ, կամ՝ ոչ: Հատկապես ուշադրության արժանի է միզասեռական բորբոքումների հետեւանքով առաջացած վաղաժամ սերմնաժայթքումը:

 

Ցավոտ սերմնաժայթքում

 

Սա մեծավ մասամբ ձեռքբերովի հիվանդություն է եւ կարող է առաջացնել սեռական ֆունկցիայի տարբեր աստիճանի խանգարումներ: Պատճառներն են՝ սերմնածորանի խցանումները, պրոստատիտը, միզուկի բորբոքումները եւ հոգեբանական գործոնները:

Վերոնշյալ հիվանդությունների ախտորոշման համար անհրաժեշտ է մանրազննին վերհուշ հավաքել, կատարել մի շարք լաբորատոր քննություններ: Բուժման համար կիրառվում է պատճառագիտական, ախտանշային, գործիքային եւ դեղորայքային բուժում: Սերմնաժայթքման խանգարումների բուժումն ապահովում է տղամարդու սեռական եւ վերարտադրողական ֆունկցիաները, հետեւաբար՝ տղամարդու ու ընտանիքի առողջության գրավականն է: