Շագանակագեղձի բարորակ գերաճ (Benign Prostatic Hyperplasia)

2017/06/20

Շագանակագեղձը շագանակաձև օրգան է, որն գտվնում է տղամարդկանց միզապարկի ներքևի և միզուկի սկզբնամասում: Նրա առաջնային սահմանը ցայլոսկրն է, իսկ հետինը` ուղիղ աղիքը: Շագանակագեղձը պարունակում է բազմաթիվ գեղձեր, որոնք արտադրում են արտազատուկ: Վերջինս կազմում է սերմնահեղուկի մոտավորապես 95%-ը:

Տարիքի հետ կարող է առաջանալ շագանակագեղձի գերաճ:


Այս հիվանդությունը առավել հաճախ հանդիպում է 50 տարեկանն անց տղամարդկանց մոտ: Շագանակագեղձի ադենոմայի պատճառներն անհայտ են: Դժվարամիզությունը համարվում է հիվանդության առաջին ախտանշանը: Հաճախամիզությունը, գիշերային միզարձակությունը, մնացորդային մեզի առկայությունը, ինչպես նաև միզուղիների հաճախակի բորբոքումները համարվում են տվյալ հիվանդության ախտանիշները: Սկզբնական շրջանում միզապարկի մկանների կծկման ուժեղացման հաշվին հաղթահարվում է շագանակագեձի գերաճի առաջացրած դիմադրությունը, սակայն, ժամանակի ընթացքում այդ մկանների կծկման ուժի նվազման հետ, առաջանում է միզելու անկարողության` սուր միզակապություն:


Ուշադրության արժանի է այն, որ վերոնշյալ ախտանշանների արտահայտված բնույթը կախված չէ շագանակագեղձի գերաճի աստիճանից: Երբեմն փոքր գերաճը կարող է առաջացնել ավելի արտահայտված գանգատներ (նույնիսկ` միզակապություն), քան` մեծ գերաճը:


Հետևաբար, սկզբանական ախտանշանների ի հայտ գալու ժամանակ անհրաժեշտ է դիմել ուրոլոգի խորհրդատվության` կանխելու բոլոր հնարավոր բարդությունները: Այդ բարդությունների շարքին են դասվում միզապարկում քարերի առաջացումը, շագանակագեղձի և վերին միզուղիների սուր բորբոքումները, սուր միզակապությունը, միզապարկի ատոնիան (միզապարկի մկանների կծկողունակության բացակայություն) և ալն: Ուրոլոգիական հետազոտություններն ընդգրկում են արյան և մեզի հետազոտությունը, պրոստատիկ սպեցիֆիկ անտիգենի որոշումը (PSA), սոնոգրագիան, ներուղիղաղիքային մատնային զննումը (Transrectal digital examination), միզարձակման արագության որոշումը (Uroflowmetry) և այլն…:

 

Բուժում

 

  • Սպասողական “wachfull waiting”: Երբ հիվանդը տեղյակ է իր հիվանդության մասին, գտնվում է ուրոլոգի հսկողության ներքո, կատարվում են ամենամյա հետազոտություններ` պարզելու ախտանշանների սրացման աստիճանը (դժվարամիզություն, մնացորդային մեզ, միզուղիների բորբոքումներ, արյունամիզության առկայություն և այլն): Քանի որ շագանակագեղձի գերաճը զարգացող հիվանդություն է, հետևաբար, ախտանշանները հաճախ ավելի են սրանում և կարիք է լինում անցնել այլ բուժման միջոցների:

  • Դեղորայքային: Այս դեղորայքի խումբը կոչվում է ալֆա- պաշարիչներ` (Prazosin, Doxazosin, Tamsulosin, Terazosin, Alfuzosin ), որոնք ունեն միզապարկի վզիկի և շագանակագեղձի հարթ մկանաթելերը թուլացնող, հետևաբար,  միզարձակությունը լավացնող հատկություն: Նրանք չեն դադարեցնում շագանակագեղձի գերաճը, այլ ժամանակավորապես լավացնում է հիվանդի վիճակը: Նրանց կողմանակի ազդեցություններից են հետադարձ սերմանժայթքումը (Retrograde Ejaculation) և արյան զարկերակային ճնշումն իջեցնող (Hypotensive) հատկությունը:

  • Թերմաբուժում (Thermotherapy): Կոչվում է նաև ներմիզուկային միկրոալիքային թերմաբուժում (Transurethral microwave thermotherapy):

  • Լազերային բուժում (laser): Լազերային ճառաgայթային էներգիայի օգնությամբ կատարվում է շագանակագեղձի վապորիզացիա: Մեթոդի առավելությունն այն է, որ ընթանում է առանց արյան կորստի, իսկ թերությունը` հաճախամիզությունն ու միզապարկի գրգռումն է:

  • Շագանակագեղձի ներմիզապարկային մասնատում (TURP): Շագանակագեղձի ադենոմայի վիրահատությունների մոտավորապես 90%-ը կազմում է շագանակագեղձի ներմիզապարկային մասնատումը: Այն փակ եղանակով է իրականացվում (միզուկի միջոցով), տևում է շուրջ 1.5 ժամ: Համարվում է շագանակագեղձի բարորակ հիպարպլազիայի (BPH) բուժման “Ոսկյա Ստանդարդ” մեթոդը: Ցավազրկման ներքո կատարվում է միզուկի և միզապարկի դիտում (urethrocytsoscopy) և, այնուհետև` մասնատում (resection), ադենոմայի փոքր կտորները հեռացվում են, տեղադրվում է ֆոլեյ կատետր, կատարվում է միզապարկի լվացում իրիգացիոն հեղուկի միջոցով, այնուհետև երեք օր անց հեռացնում է կատետրը  և հիվանդը միզում է բնական ճանապարհով` ազատվելով բոլոր ախտանշաններից:



  • Բաց ադենոմէկտոմիա (Open Prostatectomy): Այս վիրահատությունը ցուցված է հատկապես շագանակագեղձի մեծ գերաճի դեպքում, որի ժամանակ միզապարկի միջոցով հեռացվում է շագանակագեղձի ադենոման, նունպես տեղադրվում է միզային կատետր,  որը հեռացվում է 5-7 օրը, և հիվանդը միզում է բնական ճանապարհով:



  • Այլ մեթոդներ:  Փուչիկով լայնացում (Baloon Dilataion), բարձր հաճախականության գերձայնային (High Frequency Untrasound (HIFU), ներմիզուկային ասեղային աբլացիա (Transurethral needle ablation of the prostate (TUNA), ներմիզուկային վապորիզացիա (Transurethral vaporization of the prostate (TUVP), պրոստատի ստենտ (Prostatic Stents), լազերային վիրահատություն (Green laser):

  • Սննդակարգ և բուսաբուժություն (Diet and Herbs): Օգտակար են այն բույսերը, որոնք պարունակում են Saw Palmetto (seranoa repens), Soy Isoflavones, Pygeum Africanum: Օգտակար են նաև վիտամին C-ն, ցինկը, վիտամին E-ն, ձկնեղենը, թարմ մրգերն ու կանաչեղենը; Վնասակար են` ածխաջրատները, ալկոհոլը, արագ սնունդը, ռաֆինացված շաքարեղենը, կենդանական ճարպերը, կաֆեինը, կծու ուտեստները:

Կախված հիվանդության աստիճանից, հիվանդի մոտ առկա ախտանիշներից ու ընդհանուր վիճակից, նախապատվություն է տրվում բուժման մեկ կամ մյուս տարբերակին: