Կանանց սեռական դիսֆունկցիա (Female sexual dysfunction)

2017/06/26

Շատ է խոսվում տղամարդկանց սեռական թուլության մասին: Սակայն նույնքան կարեւոր է նաեւ անդրադառնալ կանանց սեռական խանգարումներին: Արեւմտյան հասարակություններում նույնպես կա որոշակի ամաչկոտություն սեռական խնդիրների վերաբերյալ: Սակայն ամենուրեք սեռական խնդիրներն ունեն կարեւոր ազդեցություն ո՛չ միայն զույգերի ինտիմ կյանքի, ընտանիքի, աշխատանքի, այլ նաեւ մարդկանց փոխհարաբերությունների վրա: Սեքսուալությունը համակարգային գործընթաց է, որը պայմանավորված է նեյրոգեն, անոթային եւ էնդոկրին համակարգերի գործունեությամբ:

 

Ի՞նչ նշաններով են արտահայտվում սեռական խանգարումները

Կանանց սեռական դիսֆունկցիան արտահայտվում է սեռական ցանկության եւ ակտիվության նվազումով կամ բացակայությամբ, սեռական հարաբերության ցավոտությամբ, հեշտանքի (լիբիդո) խանգարումներով եւ այլն: Արեւմտյան վերջին վիճակագրական տվյալները հաստատում են, որ կանանց մոտավորապես 40%-ն ունեն սեռական խնդիրներ:

 

Որո՞նք են այս խանգարումների պատճառները:

Կան երկու կարեւոր գործոններ. ֆիզիոլոգիական եւ հոգեբանական: Ֆիզիոլոգիական գործոնը կապված է հորմոնալ (էսթրոգեններ) բալանսի խանգարման, անոթային եւ նյարդային հիվանդությունների հետ, իսկ հոգեբանականը` ինքնագնահատականի, մարմնի գեղեցկության, զուգընկերոջ հետ հարաբերությունների, դեպրեսիայի, սեռական եւ ընտանեկան դաստիարակության հետ: Պետք է նշել նաեւ, որ հակադեպրեսանտների, հակահիպերտենզիվ (արյան զարկերակային ճնշումն իջեցնող) եւ որոշ այլ դեղերի կիրառումը բացասական ազդեցություն ունի սեռական կյանքի վրա:

 

Բուժման կարեւոր կետերն են. սեռական կյանքի մասին բավարար գիտելիքներ ստանալ, սեռական կյանքին ավելի լուրջ ու ծրագրավորված մոտենալ, հոգեբանական բարդույթներն ու խնդիրները հաղթահարել, օրգանիզմի հորմոնալ բալանսը պահպանել և այլն: Ամեն դեպքում, բուժման բոլոր մեթոդներն ուղղված են վերականգնելու կանանց սեռական առողջությունը: Իսկ վերջինիս պահպանումը կարեւոր է ընտանեկան երջանկության եւ ամրապնդման համար: