Կանանց միզուղիների բորբոքումներ (Urinary tract infections in women)

2017/06/27

Միզուղիների բորբոքումները շատ տարածված են կանանց մոտ: Կանանց մոտավորապես 60%-ը կյանքի ընթացքում հիվանդանում է միզուղիների բորբոքումով: Այս բորոքումների հիմնական պատճառն աղիքային ցուպիկն է (E.coli): Բորբոքման պատճ կարող են լինել նաև այլ միկրոբներ, ինչպիսին են՝ աղիքային բակտերինաներն ու կոկերը (Enterobacteriaceae, Enterococcus, Klebsiella) և այլն:

 

Ըստ ԱՄՆ-ի ներկայացրած վիճակակագրական տվյալների` միզուղիների բորբոքումների կապակցությամբ տարեկան կատարվում է.

 

  • 7 մլն բժշկական խորհրդատվություն,
  • 1 մլն շտապ օգնության դեպք,
  • 100.000 հոսպիտալիզացիա:

Բակտերիուրիա (Bacteriuria)

 

Բակտերիուրիան բակտերիաների առկայությունն է մեզի մեջ: Բակտերիուրիան դասակարգվում է հետևյալ կերպ.

 

  • ≥103 ուրոպաթոգեն միկրոբներ/մլ (մեզի միջին բաժնի մեջ)-չբարդացած ցիստիտ,
  • ≥104 ուրոպաթոգեն միկրոբներ/մլ (մեզի միջին բաժնի մեջ)- չբարդացած պիելոնեֆրիտ,
  • ≥105 ուրոպաթոգեն միկրոբներ/մլ (մեզի միջին բաժնի մեջ)-միզուղիների բարդացած ինֆեկցիաներ:

 

Պատճառները.

 

  • Հիգիենա: Հետանցքի սխալ մաքրումը՝ հետևից առջև ուղղությամբ:

  • Միզուկ: Կանանց միզուկի տեղակայումն ու կարճությունը նպաստավոր պայմաններ է ստեղծում ինֆեկցիաների ներթափանցմանն ուղիղ աղիքից դեպի հեշտոց, այնուհետև` միզուղիներ: Երբեմն պատճառ կարող է լինել նաև միզուկի անմիջական գրգռումն ու վնասումը սեռական հարաբերության ժամանակ:

  • Սեռական կյանք: Կան մի շարք սեռավարակներ, որոնք առաջացնում են միզուկաբորբ: Այդ ինֆեկցիաներից են՝ խլամիդիան, ուրեապլազման, գոնոռեան և այլն:

  • Հակաբեղմնավորչ կամ խոնավացնող քսուքների հաճախակի օգտագործումը

  • Հղիություն: Միզուղիների բորբոքումներ առավել հաճախ հանդիպում են հղիության ընթացքում, որոնք երբեմն ընթանում են անախտանիշ (անախտանիշ բակտերիուրիա), որոշ դեպքերում նաև` բարդացած ընթացքով (հղիության պիելոնեֆրիտ):

  • Դաշտանադադար: Այս ընթացքում մեծանում է կնոջ ինֆեկցիաների ընկալունակությունը, որը պայամավորված է էսթրոգենների անբավարարությամբ

 

Դասակարգումը.

 

  • ոչ բարդացած ստորին միզուղիների ինֆեկցիաներ կամ ցիստիտ (cystitis),
  • ոչ բարդացած պիելոնեֆրիտ (uncomplicated pyelonephritis),
  • բարդացած միզուղիների ինֆեկցիաներ՝ պիելոնեֆրիտի առկայությամբ կամ` ոչ (complicated UTI’s or pyelonephritis),
  • ուրոսեպսիս(urosepsis),
  • միզուկաբորբ (urethritis):

 

Ախտանշանները.

 

  • անզուսպ միզարձակման ցանկություն,
  • այրոց,
  • հաճախակի և քիչ քանակությամբ միզարձակություն,
  • պղտոր մեզ,
  • արյունամիզություն,
  • մեզից` հոտ,
  • կոնքի և վերցայլքային շրջանի ցավեր,
  • սրտխառնոց, փսխում, դող և բարձր ջերմություն (ինֆեկցիաներով բարդացած դեպքերում):

Բուժումը

 

Հիմնական բուժումը հակաբակտերիալ է: Շատ կարևոր է խուսափել ոչ տեղին և երկարատև անտիբիոտիկներ ընդունելուց՝ հատկապես ոչ բարդացած միզուղիների բորբոքումների բուժման ժամանակ` խուսափելու անտիբիոտիկների նկատմամբ անընկալունակության զարգացումից (antibiotic resistance), ինչը կարող է դժվարացնել հիվանդության բուժման հետագա ընթացքը:

 

Կարևոր է նաև կրկնվող ինֆեկցիաների դեպքում հայտնաբերել հավանական պատճառը, որը կարող է կապված լինել հորմոնային ստատուսի, սեռական հարաբերության, միզաքարային հիվանդության, միզուղիների խցանման և միզապարկի դիսֆունկցիայի հետ:

 

Կանխարգելումը

 

  • Անձնական և սեռական կյանքի հիգիենայի պահպանումը (ուղիղ աղիքի մաքրումը առջևից դեպի հետ, հեշտոցի և ուղիղ աղիքի միջև տարածության լվացումը, սեռական հարաբերությունից առաջ և հետո լվացվելը և այլն):

  • Ժամանակին միզարձակումը (չհետաձգել միզարձակումը և չգերլցնել միզապարկը):

  • Սեռական ակտից առաջ և հետո միզելը:

  • Վիտամին C-ի պարբերաբար ընդունումը:

  • Բամբակյա ներքնազգեստ կրելը (խոնավությունից խուսափելու համար):

  • Լոռամրգի (cranberry) օգտագործումը:

  • Սեռական այն դիրքերից խուսափումը, որի ժամանակ միզուկը կարող է երկար շփվել ու բորբոքվել:

  • Ջրի բավարար ընդունումն օրվա ընթացքում:

  • Ոչ մասնագիտական մոտեցումից խուսափումը և միզուղիների բորբոքումների հայտնաբերման ու բուժման համար ժամանակին ուրոլոգի խորհրդատվության դիմելը:

Ռաֆֆի Ջանեցյան, ուրոլոգ