Խլամիդիա (Chlamydia Trachomatis)

2017/06/27

Խլամիդիան տարածված հիվանդություն է եւ դասվում է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների շարքին: Հիվանդության տարածման ուղիները սեռական հարաբերություններն են: Այն կարող է նաեւ ծննդաբերության ժամանակ մորից փոխանցվել նորածին երեխային: Խլամիդիան կարող է լինել առանց ախտանիշների, եւ դա կոչվում է «համր» ձեւ: Կանանց մոտ սկզբնական շրջանում այս բակտերիան ախտահարում է միզուկն ու արգանդի վզիկը, նկատվում են հեշտոցային արտադրություն եւ միզելուց` այրոցի զգացողություն: Այնուհետեւ, երբ ինֆեկցիան տարածվում է դեպի ֆալոպյան խողովակներ, կնոջ մոտ առաջանում են որովայնի ստորին հատվածների եւ մեջքի ցավեր, ջերմություն, սրտխառնոց, ցավոտ սեռական հարաբերություն և այլն: Տղամարդկանց մոտ խլամիդիայի նշաններն են՝ առնանդամից արտադրություն, միզելուց այրոցի զգացողություն, ինչպես նաեւ ամորձիների ցավ եւ այտուցվածություն:

 

Ախտորոշման համար անհրաժեշտ է կատարել մի շարք լաբորատոր հետազոտություններ: Խլամիդիան համարվում է վտանգավոր հիվանդություն եւ շատ լուրջ հետեւանքներ կարող է ունենալ կնոջ եւ տղամարդու սեռական ու վերարտադրողական ֆունկցիաների վրա: Կնոջ մոտ առաջացնում է կոնքի բորբոքային հիվանդություն, որի հետեւանքով ախտահարվում են ֆալոպյան խողովակները, խանգարվում է ձվաբջիջների անցումն արգանդի խոռոչ: Տղամարդկանց մոտ խլամիդիան առաջացնում է մակամորձու սուր բորբոքում եւ անպտղություն, նաեւ` հոդերի ախտահարում: Հղիների մոտ խլամիդիան նույնպես ունի վտանգավոր հետեւանքներ: Այսպես. նորածինների մոտ կարող է զարգանալ կոնյուկտիվիտ, աչքի բորբոքում , որի հետեւանքով՝ նույնիսկ` կուրություն, իսկ խլամիդիային թոքաբորբը նորածին երեխայի համար կարող է լինել մահաբեր: Ընդհանրապես, խլամիդիան հղի կանանց մոտ առաջացնում է վաղաժամ ծննդաբերություն, արյունահոսություն կամ պտղի թերսնուցում:

 

Խլամիդիայի բուժումն անհրաժեշտ է կատարել ախտանիշների առկայության եւ ախտորոշման հաստատման պարագայում: Կանխարգելման համար հարկավոր է օգտագործել պահպանակներ եւ վարել սեռական կյանք մեկ զուգընկերոջ հետ: