Առողջ ապրելակերպ (Healthy Lifestyle)

2017/06/30

Առողջ ապրելակերպը մարդու ապրելաձևն է, որի նպատակը առողջության ամրացումն ու հիվանդությունների կանխարգելումն է: Սա մարդու կենսագործունեության հայեցակարգ է, որը միտված է առողջության պահպանմանը՝ համապատասխան սննդի, ֆիզիկական պատրաստվածության, բարոյահոգեբանական տրամադրվածության և վնասակար սովորություններից հրաժարվելու միջոցով:

 

Առողջ ապրելակերպը մարդու կյանքի տարբեր ոլորտների զարգացման նախապայմանն է, ինչպես նաև ակտիվ երկարակեցության և սոցիալական գործառույթների իրականացման եղանակը:

 

Այս կենսաձևի հրատապությունը պայմանավորված է մարդու օրգանիզմի վրա ծանրաբեռնվածության մեծացմամբ: Պատճառներն են՝ հասարակական կյանքի բարդացումը, տեխնոգեն, էկոլոգիական, հոգեբանական, քաղաքական և ռազմական տիպի ռիսկերի ավելացումը, որոնք բացասական ազդեցություն ունեն մարդու առողջության վրա:

 

Կենսաբանական տեսնակյունից առողջ ապրելակերպը պարունակում է մի շարք տարրեր` առողջ սովորությունների դաստիարակում դեռ վաղ մանկությունից, վնասակար սովորություններից հրաժարում, չափավոր և մարդու ֆիզիոլոգիական առանձնահատկություններին համապատասխանող սննդի ընդունում, ֆիզիկական ակտիվություն, օրգանիզմի հիգիենա և, իհարկե՛, օրգանիզմի կոփում:

 

Առողջ ապրելակերպի պահպանման համար խորհուրդ է տրվում հետևել տասը պարզ ցուցումներին, որոնք առողջ ապրելակերպի հիմքն են: Այս խորհուրդներին հետևելով հնարավոր է երկարացնել և առավել հաճելի դարձնել կյանքը:

 

  1. Մտավոր վարժություններով և օտար լեզուներ սովորելով` մենք վարժեցնում ենք մեր ուղեղը: Այդ կերպ դանդաղում է մտավոր ունակությունների տարիքային դեգրադացիան. ակտիվանում է սրտի աշխատանքը, արյան շրջանառությունը և նյութափոխանակությունը:

  2. Աշխատանքն առողջ ապրելակերպի կարևոր տարրերից է: Գտեք ձեզ համապատասխանող աշխատանք, որը հաճույք կպատճառի: Ի դեպ, գիտնականները պնդում են, որ սա նաև օգնում է ավելի երիտասարդ տեսք ունենալ:

  3. Սնվել չափավոր: Սովորական դարձած 2500 կալորիայի փոխարեն օգտագործեք 1500 կալորիա, սակայն կարիք չկա ծայրահեղության մեջ ընկնել և թերսնվել:

  4. Սննդակարգը պետք է համապատասխանի տարիքին: Օրինակ ընկույզի օգտագործումը երեսունն անց կանանց օգնում է դանդաղեցնել առաջին կնճիռների առաջացումը: Հիսունից հետո մարդու օրգանիզմին անհրաժեշտ է մագնեզիում, որը օգտակար է սրտի և ոսկրերի համար, իսկ ծովամթերքի օգտագործումը կօգնի պաշտպանել սիրտը և արյունատար անոթները:

  5. Յուրաքանչյուր հարցի շուրջ ձեր կարծիքն ունեցեք: Գիտակցված կյանքը կօգնի որքան հնարավոր է քիչ ընկնել դեպրեսիայի մեջ կամ ճնշվածություն գալ:

  6. Երիտասարադությունը պահպանելու հարցում անփոխարինելի են սերն ու քնքշանքը: Իմունային համակարգի ամրացմանը կօգնի էնդորֆինը` երջանկության հորմոնը, որը մարդու օրգանիզմում արտադրվում է սիրահարության ժամանակ: Այնպես որ` գտեք ձեր կեսին:

  7. Խորհուրդ է տրվում քնել զով ննջարանում (17-18 ջերմաստիճան): Սա նպաստում է երիտասարդության պահպանմանը:

  8. Ակտիվ կյանք։ Գիտնականներն ապացուցել են, որ օրական սպորտով զբաղվելու 8 րոպեն երկարացնում է կյանքը:

  9. Երբեմն ձեզ ազատություն տվեք: Չնայած առողջ ապրելակերպի ցուցումներին` երբեմն ինքներդ ձեզ թույլ տվեք շեղվել կանոններից:

  10. Հարկ չկա մշտապես ճնշել բարկությունը: Տարաբնույթ հիվանդությունների, անգամ չարորակ ուռուցքների ենթակա են այն մարդիկ, ովքեր անդադար ինքնաքննադատությամբ են զբաղվում և չեն արտահայտում իրենց բարկությունը կամ անհամաձայնությունը տարբեր երևույթների նկատմամբ:

 

Այս խորհուրդները մշակվել են բժիշկների, հոգեբանների, սննդաբանների միջազգային թիմի կողմից, և անփոխարինելի են առողջ ապրելակերպին անցում կատարելիս: