Շագանակագեղձի քաղցկեղ (Prostate Cancer)
Շագանակագեղձի քաղցկեղն ամենատարածվածն է տղամարդկանց մոտ, իսկ քաղցկեղից մահացության վիճակագրության`սանդղակում երկրորդն է: Այն հանդիպում է 40 տարեկանից հետո: Քաղցկեղի պատճառները բազմաթիվ են: Ռիսկի գործոններից են` մեծ տարիքը, ժառանգականությունը, միջավայրի թունավոր և քիմիական նյութերի առկայությունը, ծխախոտը, գիրությունը և այլն: Ուշադրության արժանի է հատկապես ընտանեկան պատմությունը, որի պարագայում ռիսկային գործոնը կրկնապատկվում է: Առական սեռական հորմոնը` տեստոստերոնը, նույնպես ունի ուռուցքային աճը խթանող ազդեցություն: Կան տվյալներ, որոնք վկայում են, որ սեռավարակների մոտ մեծացնում է շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Հաստատված տվյալներ չկան սեռական ակտիվության և քաղցկեղային հիվանդության կապի միջև:
Ախտանշանները
Հիվանդությունը սկզբնական շրջանում կարող է լինել անախտանիշ: Այնուհետև ի հայտ է գալիս շագանակագեղձի պինդ հանգույց, որը կարող է շոշափվել ուղիղ-աղիքային մատնային քննության միջոցով: Առաջանում են նաև դժվարամիզություն, հաճախամիզություն, արյունամիզություն: Այս գանգատները հանդիպում են նաև շագանակագեղձի բարորակ գերաճի ժամանակ, սակայն որոշիչ է արյան քննությամբ` շագանակագեղձի սպեցիֆիկ անտիգենի հայտնաբերումն արյան մեջ: Այս քննությունը համարվում է ուռուցքային ցուցիչ:
Սկրինինգ քննությունները (screening tests)
Սկրինինգ քննությունների նպատակն է քաղցկեղի հայտնաբերումը վաղ շրջանում: Այս հետազոտության շրջանակում շեղումներ հայտնաբերվելու դեպքում տվյալ հիվանդի ախտորոշումը համարվում է կասկածելի` մինչև դրա հաստատելը ախտաբանա-հիստոլոգիական հետազոտությամբ: Այս քննություններն են` շագանակագեղի սպեցիֆիկ անտիգենն (prostate specific antigen (PSA) ու ուղիղաղիքային մատնային քննությունը (digital rectal examination): ՊՍԱ-ի տվյալը չպետք է գերազանցի 4 նգ/մլ-ը: Շագանակագեղձի մեծ ադենոմաների, բորբոքումների, մատնային քննությունից և սերմնաժայթքումից հետո կարող են լինել ՊՍԱ-ի կեղծ դրական պատասխաններ:
Ախտորոշում
Վերջնական ախտորոշումը կատարվում է ներուղիղաղիքային ուլտրաձայնային բիոփսիայի միջոցով: Բիոփսիան ցուցված է հատկապես բարձր ՊՍԱ-ի և դրական կասկածելի մատնային քննության արդյունքում: Բիոփսիան կատարվում է առանց ցավազրկման, որի ժամանակ շագանակագեղձի յուրաքանչյուր բլթից վերցվում է 6-10 կտոր` հյուսվածքային հետազոտության նպատակով:
Հիվանդության ստադիաները
Ստադիայի որոշումը միտված է հայտնաբերելու քաղցկեղի տարածվածության հավանականությունն օրգանիզմում: Այս նպատակով կատարվում են մի շարք հետազոտություններ, որոնցից են` կրծքավանդակի ռենտգենյան քննությունը, համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան, երբեմն նաև` ցիստոսկոպիան: Գոյություն ունեն 4 ստադիաներ.
- 1-ին ստադիա. քաղցկեղը չի շոշափվում մատնային քննության ժամանակ և այն պատահականորեն հայտնաբերվում է շագանակագեղձի գերաճի ներմիզուկային մասնատման ժամանակ:
- 2-րդ ստադիա: Քաղցկեղը շոշափվում է մատնային քննության ժամանակ, քաղցկեղի տարածման նշաններ չկան, ՊՍԱ-ն բարձր է, և այն ախտորոշվում է բիոփսիայի միջոցով:
- 3-րդ ստադիա: Քաղցկեղն ախտահարում է հարևան օրգանները:
- 4-րդ ստադիա: Քաղցկեղն ախտահարում է լիմֆատիկ հանգույցները և այլ հեռավոր օրգաններ:
Բուժման տարբերակները
Շագանակագեղձի քաղցկեղը լինում է.
- սահմանափակ օրգանի մեջ (organ-confined),
- տեղային տարածվածությամբ (locally advanced),
- մետաստատիկ (metastatic):
Օրգան-սահմանափակված և տեղային տարածվածության քաղցկեղի պարագայում ցուցված է վիրահատական, ճառագայթային և հորմոնալ բուժումը, կրիոթերապիան, և դրանց համակցումը: Մետաստատիկ քաղցկեղի ժամանակ ցուցված է հորմոնալ բուժումը և քիմիաթերապիան:
Վիրահատական բուժմամբ կատարվում է շագանակագեղձի արմատական բուժում, երբ հեռացվում է շագանակագեղձը, սերմնաբշտերը, սերմնածորանները: Այս վիրահատության բարդություններց են իմպոտենցիան և անմիզապահությունը, որոնք որոշ դեպքերում կարող են կանխվել վիրահատական մոդիֆիկացիաների շնորհիվ: Այս վիրահատությունը կատարվում է բաց, լապարոսկոպիկ և ռոբոտիկ եղանակներով: