Ամորձու ոլորում (Testicular torsion)

2017/06/26

Ամորձու ոլորումն իր առանցքի` սերմնալարի շուրջ, բերում է ամորձու արյան շրջանառության խանգարման, հանկարծակի ցավի և այտուցի: Այն կարող է տեղի ունենալ տրավմայի, ֆիզիկական ակտիվության կամ քնի ժամանակ:

 

Ամորձու ոլորումը կարիք ունի հրատապ վիրահատական միջամտության: Վաղ ախտորոշման և վիրահատության դեպքում հնարավոր է ամորձու պահպանումը, իսկ վիրահատության ուշացումն առաջացնում է ամորձու նեկրոզ և ֆունկցիայի կորուստ: Տվյալ դեպքում հեռացվում է ախտահարված ամորձին:

 

Այս հիվանդությունը հանդիպում է հատկապես պատանի և երիտասարդ հասակում, բայց կարող է նաև պատահել ցանկացած տարիքում: Մինչև 25 տարեկան տղաների 1/4000 մոտ հանդիպում է այս հիվանդությունը:

 

Ախտանշաններ.

 

  • ամորձու հանկարծակի սուր ցավեր,
  • ամորձու տեղակայումըն ավելի բարձր, քան սովորական դիրքը,
  • ամորձու այտուց և պնդություն,
  • սրտխառնոց և փսխում,
  • որովայնային ցավեր:

 

Ռիսկային գործոններ.

 

  • Տարիք: Այս հիվանդությունը հաճախ հանդիպում է 10-25 տարեկան հասակում:
  • Նախկինում ամորձու ոլորման դեպք: Այս հիվանդությունը կարող է կրկնվել , հատկապես այն դեպքում, երբ առաջին անգամ ոլորումըն ուղղվել է առանց վիրահատական միջամտության և ամորձու ֆիքսման:
  • Կլիմա: Փոշտի ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունը (հատկապես ձմռան` տաքից սառը) կարող է պատճառ դառնալ ամորձու ոլորմանը:

 

Ախտորոշումը.

 

  • մանրամասն անամնեզ` հիվանդության սկզբի , ախտանշանների, հավանական պատճառի և այլն,
  • փոշտի օբյեկտիվ քննություն,
  • փոշտի սոնոգրաֆիա և, անհրաժեշտության դեպքում, նաև արյան անոթների հոսքի դոպլեր հետազոտություն,
  • վիրահատություն: Երբեմն կասկածելի դեպքերում պետք է դիմել վիրահատության` հիվանդության ախտորոշման և բուժման նպատակով: Հատկապես ամորձու ֆունկցիայի կորստի վտանգի դեպքում այս միջոցը լավագույնն է: Երբեմն հաջողվում է ոլորված ամորձին ուղղել և այն վերականգնում է իր ֆունկցիան: Այս դեպքում ամորձին ֆիքսվում է փոշտի պատին: Ամորձու մեռուկի (նեկրոզ) դեպքում այն հեռացվում է:

 

Հիշե՛լ

 

  • Ամորձու հանկարծակի սուր ցավերի դեպքում դիմել ուրոլոգի խորհրդատվությանը:
  • Ամորձու ոլորման առաջին 6 ժամերի ընթացքում ամորձու ֆունկցիան հնարավոր է պահպանել 90 տոկոսով:
  • Ոլորումից 12 ժամ անց ամորձու ֆունկցիան պահպավնում է 50 տոկոսով:
  • 24 ժամ անց ամորձու ֆունկցիան կարող է պահպանվել միայն 10 տոկոս դեպքերում:
  • Վիրահատությունից հետո մի քանի շաբաթ խորհուրդ չի տրվում ֆիզիկական և սեռական ակտիվություն: