Ինտիմ կյանքը հիսունից հետո. մի՞ֆ, թե` իրականություն

2017/07/03

Ներկայում կա թյուր կարծիք, որ հիսունից հետո սեռական կյանքի վարումը վնասում է առողջությանը կամ, պատկերավոր ասած, սպառում է օրգանիզմը։ Հիսունն անց տղամարդկանց մեկ երրորդը ենթադրում է, որ մշտական ինտիմ կյանքը վնասում է իրենց առողջական վիճակին: Սա ամենատարածված միֆն է տարեց մարդկանց սեքսուալության մասին։ Երկրորդ տեղում, թերևս, իրենց կարծիքով իրենց իսկ կողակցի աչքերում ոչ բավարար հմայիչ լինելու կամ սեքսուալ ցանկություն առաջացնելու անկարողությունն է:

 

Փորձը ցույց է տալիս, որ մեր հասարակությունում նույնպես ինտիմ կյանքը բացառապես երիտասարդ և միջին տարիքի մարդկանց «արտոնությունն» են համարում:

 

Սակայն սեքսոլոգների հետազոտություններն ու դիտարկումները ցույց են տալիս տրամագծորեն հակառակ պատկեր։ Այսպես, հիսունից բարձր տարիքային խմբի ներկայացուցիչների մեծ մասը գուցե և ոչ ակտիվ, բայց կանոնավոր ինտիմ կյանքով է ապրում: Ինտիմ հարաբերությունների հաճախականությունն ամուսնական և սիրային զույգերի մոտ հիսունից վաթսուն տարեկան հասակում միջինը շաբաթական մեկ անգամ է, իսկ հաջորդ տասնամյակում` տաս օրը մեկ անգամ: Իրականում այս տարիքային խմբի տղամարդկանց մոտավորապես մեկ երրորդն ինտիմ հարաբերություններ է ունենում շաբաթական երկու անգամ:

 

Ժամանակակից հետազոտողները պարզել են, որ տղամարդկանց ընդհանուր թվի մեկ չորրորդի մոտ սեքսուալ ակտիվությունը հիսունից հետո զգալիորեն ավելի մեծ է, քան 30-40 տարիքում: Սա բացատրվում է նրանով, որ հիսունից հետո վերանում են սեռական կյանքի որոշ խնդիրներ և անհանգստություններ, որոնք հատկապես զույգերի միջև կան ավելի երիտասարդ հասակում։

 

Հետաքրքրական են այժմյան հետազոտությունների արդյունքները հիսունն անց կանանց ինտիմ կանքի վերաբերյալ: Զարգացած երկրներում հետազոտությանը մասնակցած կանանց ավելի քան 30%-ը նշել է, որ իրենց հետաքրքրությունն ինտիմ կյանքի նկատմամբ մեծացել է, իսկ զգացողությունները դարձել են ավելի բուռն:

 

Ինչ վերաբերում է նույն տարիքային խմբի տղամարդկանց. սեռական հորմոնը` տեստոստերոնը, արտադրվում է բավարար չափով մինչև ավելի ուշ տարիքային շեմ, քան կանանց մոտ` էսթրոգենը: Սակայն տարիքին զուգընթաց նվազում են սեռական օրգանների զգայնությունն ու սերմնահեղուկի քանակը: Արդյունքում սեռական գրգռվածությունն ավելի դանդաղ է հասունանում, բայց ավելի երկար է տևում, քան երիտասարդ հասակում:

 

Հարկ է նշել նաև, որ կանանց մոտ կլիմաքսից հետո էսթրոգենի և պրոգեստերոնի արտադրությունը նվազում է, տեղի են ունենում փոփոխություններ նաև սեռական օրգաններում, սակայն սեռական զգացողությունը հիմնականում չի փոփոխվում։

 

Հայտնի է նաև մի հետաքրքրական փաստ, երիտասարդ և միջին տարիքում տղամարդկանց մաքսիմալ սեռական ցանկության չափաբաժինն ընկնում է առավոտյան ժամերին, իսկ կանանց` երեկոյան: Այս հակասությունը պայմանավորված է սեռական հորմոնների արտադրությամբ. տղամարդկանց մոտ այն իր գագաթնակետին է հասնում առավոտյան, կանանց մոտ` ուշ երեկոյան: Իսկ ահա քառասունհինգից հետո այս տարբերությունն աստիճանաբար կրճատվում է: Հետևաբար, այն, ինչ ամուսնական զույգի մոտ քսան տարի առաջ հակասությունների և անգամ վեճի առիթ էր, այժմ գոհունակության և հաճույքի պատճառ է: