Լիբիդո (Libido)

2017/07/03

Լիբիդո (libido) նշանակում է հակում, ցանկություն, սեռական մերձեցման ձգտում: Ըստ Ֆրեյդի, տեղայնանում է մարմնի տարբեր գոտիներում, որոշելով հոգեսեքսուալ զարգացման փուլերը: Սերտ կապված լինելով գիտակցության հետ, լիբիդոն նաև անհատական երկարատև էվոլյուցիոն գործընթաց է ապրում, աստիճանաբար բարդանալով և կատարելագործվելով: Առանձնացնում են լիբիդոյի ձևավորման մի քանի փուլ:

 

Պատկերացման փուլ: Ամբողջապես կապված է երեխայի գիտակցության ձևավորման հետ, զուրկ է զգացմունքային նրբերանգից և լիբիդոյի հետ տվյալ ժամանակահատվածում ոչ մի կապ չունի (այդ պատճառով այն անվանում են նաև մինչլիբիդոյական): Այս փուլում երեխան գիտակցում է, որ իրեն շրջապատող բոլոր մարդիկ բաժանվում են ոչ միայն աղջիկների և տղաների, այլ ավելի լայնածավալ խմբերի` կանանց և տղամարդկանց (մայրիկ և հայրիկ, տատիկ և պապիկ, մորաքույր, հորաքույր, քեռի, հորեղբայր): Երեխան աստիճանաբար գիտակցում է տարբեր սեռերի փաստը և իրեն դասում է երկուսից մեկին: Աղջիկների մոտ առաջանում են սեքսուալ վարքի էլեմենտներ` խաղում է տիկնիկներով, դուստրեր-մայրեր, տուն-տունիկ և այլն:

 

Ռոմանտիկ փուլ: Պատանիների մոտ բնորոշվում է երևակայություններով, որտեղ կատարվում են երևակայելի հերոսություններ առաջին սիրահարվածության իդեալականացված առարկայի պատվին: Աղջիկների մոտ պարզորոշ նկատվում է սեփական անձին ուշադրություն դարձնելու, դուր գալու ձգտումը, նորից ի հայտ են գալիս երևակայություններ, որոնց հիմնական բովանդակությունն անշահախնդիր հոգատարությունն է քաջ և հիանալի ՙասպետի՚ կողմից: Հարազատների կողմից կենցաղային խրատներով այս պատրանքները ի չիք դարձնելը կամ պատանու կողմից տարածությունը կրճատելու փորձերն ընկալվում են որպես կոպիտ միջամտություն և անարգանք: Այս փուլի բնորոշ գծերն են զգացմունքների շիկացումը` քաղցր ողբերգության տարրերով, ինքնահրաժարմամբ և ինքնազոհությամբ, ապրածի բացառիկության համոզմունքով (ոչ-ոք, ոչ մի անգամ այսպիսի ողբերգություն չի ապրել): Լիբիդոյի ձևավորման մեջ այս փուլի նշանակությունը ֆիզիոլոգիական բնազդի վեհացումն է` մինչև իսկական մարդկային սերը: Ի տարբերություն պատանու լիբիդոյի սրընթաց սեքսուալ զարգացման, ռոմանտիկ փուլն աղջիկների մոտ դեռ երկար ժամանակ պահպանվում է, սերտ միաձուլվելով էրոտիկ տարրերի հետ:

 

Էրոտիկ փուլ: Արտահայտվում է քնքշության և գգվանքների ձգտմամբ (բառերով և շոշափելով): Այս փուլը, որը կանանց սեքսուալության երկարատև որոշիչն է, տղամարդկանց մոտ բավականին արագ փոխվում է սեքսուալ լիցքաթափման պահանջի: Աղջիկների մոտ աստիճանաբար առաջանում է հուզիչ հետաքրքրություն էրոտիկ իրավիճակների հանդեպ, երևակայությունն ավելի զգայական բնույթի է վերածվում, այս փուլում առավել ընդգծված է շոշափելու էրոտիկան, մարմնի գեղեցկության կատարելությունը, ձգտումը դառնալ սիրահետման առարկա: Առաջին սիրահարվածության ապրումները էրոտիկ փուլը լրացնում են վառ և անմոռանալի զգացմունքներով և հույսերով, որոնցից շատերը վիճակված չէ իրականացնել:

 

Սեքսուալ փուլ: Անցնում է առանձնահատուկ հույզերի ֆոնի վրա, որոնք, առաջանալով սեռական հասունացման շրջանում, հետագայում պահպանվում են արտաքին սեկրեցիայի մշտական ազդակներով: Այս դրսևորումները, սովորաբար, բարձրացնում են անհատական ֆիզիոլոգիական նորմերը (այսպես կոչված` պատանեկան հիպերսեքսուալություն), ուղեկցվում են անկառավարելի երևույթներով` սեքսուալ թեմայի հանդեպ հետաքրքրասիրություն, ինքնաբերաբար ստացվող էրեկցիաների` ընգծված սեռական գրգռվածությամբ, գիշերային երազախաբությամբ և ձեռնաշարժությամբ (օնանիզմ), ինչը երբեմն պատանիների մոտ առաջացնում է հոգեկան բախում` ձևավորված բարոյա-էթիկական սահմանումների և սեփական «ես»-ի գնահատականի միջև: Կանանց մոտ այս փուլը բնորոշվում է մտերմության ձգտման առաջացմամբ ու օրգազմ ապրելու ընդունակությամբ և սկսվում է, որպես կանոն, սեռական կանոնավոր կյանք սկսելու հետ միասին: Կանանց մոտ այս բուռն զարգացումն ուղեկցվում է նաև էրոտիկ լիբիդոյի ավելի վաղ և ինտենսիվ առաջացմամբ, բայց առանց կանոնավոր սեռական կյանքի կամ մաստուրբացիայի, սեքսուալ լիբիդոն ի հայտ է գալիս հազվադեպ: Ըստ հետազոտությունների, կանանց 22%-ի մոտ ամբողջ կյանքում չի եղել սեքսուալ լիբիդո, ընդ որում մեծ մասամբ դա կապված է սեռական սխալ դաստիարակության արդյունքում սեռական զգացմունքի ճնշման կամ սեքսուալ զուգընկերոջ անիրազեկության հետ: Հասուն սեքսուալության փուլը բնորոշվում է ներդաշնակ փոխհարաբերություններով` հասկացողության, բարձր-ռոմանտիկ, էրոտիկ և սեքսուալ զգացմունքային տարրերի և բարոյա-էթիկական արժեքների անհատի կողմնորոշմամբ:

 

Հասունանալով, տղամարդը ձեռք է բերում սեքսուալ վարքի վերահսկողության ընդունակություն, և հակառակ սեքսուալ փուլի, հաջողությամբ ճնշում է սեքսուալ ցանկությունը, երբ այդ ցանկությունն առաջանում է ոչ տեղին կամ ժամանակին, ինչպես նաև հակասում է նրա անձնական բարոյա-էթիկական սկզբունքներին: Կանանց մեծ մասին բնորոշ է սեռական ցանկության փուլային ինտենսիվությունը, ընդ որում, կանանց մեծ մասի մոտ լիբիդոյի բարձրացումը զուգակցվում է դաշտանային ցիկլին: