Ինչպե՞ս է կատարվում շագանակագեղձի ներմիզուկային մասնատումը (TURP)

2017/07/04

Հարց

 

Ես 58 տարեկան տղամարդ եմ, միզարձակման խանգարման կապակցությամբ ինձ մոտ ախտորոշվել է շագանակագեղձի ադենոմա և առաջարկվել ներմիզուկային մասնատում (ՏՈՒՌ)։ Կարող ե՞ք մանրամասնորեն նկարագրել այդ վիրահատության, հետվիրահատական ընթացքի և բարդությունների մասին։

 

Պատասխան

 

Շագանակագեղձի ադենոմայի բուժման ամենաարդյունավետ եղանակն է համարվում ներմիզուկային մասնատումը կամ տրանսուրետրալ ռեզեկցիան։ Այս վիրահատությունը կատարվում է ողնուղեղային անզգայացման ներքո (հիվանդն արթուն է և գոտկատեղից ներքև ցավազրկված է), երբ հատուկ գործիք է անցկացվում միզուկի միջոցով մինչև միզապարկ ու կատարվում է ցիստոսկոպիա։ Այնուհետև գործիքը փոխարինվում է ռեզեկտոսկոպով (այն գործիքը, որի միջոցով կատարվում է վիրահատությունը), և կատարվում է շագանակագեղձի գերաճած հյուսվածքի մասնատում։ Ադենոմայի կտորները հեռացվում են միզապարկի լվացման միջոցով, կատարվում է նաև արյունահոսող անոթների կուագուլիացիա (այրում)։ Սովորաբար, այս վիրահատության ընթացքը տևում է 1-1.5 ժամ, վերջում տեղադրվում է եռաճյուղ ուրետրալ ֆոլեյ կաթետր (խողովակ, որի միջոցով մի կողմից միզապարկը լվացվում է ստերիլ հեղուկով ու մյուս կողմից դուրս բերվում այն)։ Վերջինս հեռացվում է, երբ հիվանդի մեզը մաքրվում է, դա սովորաբար լինում հետվիրահատական 2-3-րդ օրերին, այնուհետև հիվանդը միզում է բնական ճանապարհով, որոշվում է մնացորդային մեզը, և տրվում են համապատասխան խորհուրդներ։

 

Շագանակագեղձի ներմիզուկային մասնատման բացարձակ հակացուցումները կարող են կապված լինել ուղեկցող ծանր հիվանդությունների հետ (սիրտ֊անոթային, թոքային, արյան մակարդելիության խանգարումներ, քրոնիկ երիկամային անբավարարություն, շաքարային դիաբետ և այլն)։ Վիրահատական ցուցումներն են՝ ստորմիզապարկային խցանումները (հատկապես շագանակագեղձի բարորակ գերաճը), շագամակագեղձի ադենոմայով պայմանավորված միզուղիների բորբոքումները, արյունամիզությունը, միզակապությունը, միզապարկի քարերը, ինչպես նաև միզապարկի և երիկամների ախտահարումը։

 

Որպես հետևանք, մեծ մասամբ հետվիրահատական շռջանում հիվանդների մոտ կարող է դիտվել հետադարձ սերմնաժայթքում, իսկ հազվադեպ բարդություններից են միզապարկի վզիկի սկլերոզը, միզուկի նեղացումները, էրեկտիլ դիսֆունկցիան, արյունահոսությունը և այլն։

 

Շագանակագեղձի ներմիզուկային մասնատում (TURP)