Ինչպե՞ս խուսափել շագանակագեղձի հետ կապված խնդիրներից

2018/08/03

Շագանակագեղձը միզասեռական օրգան է, հետևաբար, ախտահարվելիս ազդեցություն ունի միզային, սեռական և վերարտադրողական համակարգերի վրա։

 

Շագանակագեղձի ամենատարածված հիվանդություններն են.


•   Շագանակագեղձի ադենոմա
•  Շագանակագեղձի քաղցկեղ
•  Շագանակագեղձի բորբոքում կամ պրոստատիտ


Շագանակագեղձի հիվանդությունների ախտանշաններն են.


•    Հաճախամիզություն
•    Գիշերային հաճախամիզություն
•    Դժվարամիզություն
•    Միզարձակման շիթի նվազում
•    Միզարձակման ընդհատում
•    Ցավոտ միզարձակություն
•    Արյունամիզություն
•    հեմատոսպերմիա (արյուն սերմի մեջ),
•    Էրեկցիայի խանգարում կամ դժվարացում
•    Ցավոտ կամ տհաճ սերմնաժայթքում,
•    Ցավեր՝ մեջքի ստորին հատվածի, վերցայլքային կամ շեքի շրջաններում:


Այսպես, պրոստատիտը շագանակագեղձի բորբոքումն է, որն ուղեկցվում է նաեւ ստորին միզուղիների բորբոքումով: Առավել հաճախ հանդիպում է երիտասարդ կամ միջին տարիքի տղամարդկանց մոտ:

Ախտանշաններն են` միզապարկի եւ շեքի շրջանում անհարմարավետության զգացումը, ցավերն ու տհաճ զգացողությունը սերմնաժայթքման ժամանակ, երբեմն նաև` էրեկտիլ դիսֆուկցիա:


Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիան կամ ադենոման հանդիպում է 50 տարեկանն անց տղամարդկանց մոտ եւ արտահայտվում է դժվարամիզությամբ ու միզարձակման արագության նվազմամբ:


Շագանակագեղձի քաղցկեղը շատ տարածված ուռքուցք է և հանդիպում է յուրաքանչյուր 6-րդ տղամարդու մոտ։ Այն դասվում է դանդաղ աճող ուռուցքների շարքին: Այս հիվանդության ռիսկի գործոններ են՝ ժառանգականությունը, արական սեռական հորմոնները, սննդակարգում մեծ քանակությամբ ճարպերի առկայությունը եւ այլն: Հիվանդության ախտածագման մեջ ժառանգականությունն ունի դեր։ Ի տարբերություն շատ այլ ուռուցքների, այս դեպքում վաղ ախտորոշումը եւ բուժումը հանգեցնում է հիվանդի գրեթե լիարժեք ապաքինման:


Այս իմաստով տղամարդու կյանքի որակը եւ առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ է հատկապես 45 տարեկանից հետո տարին մեկ անգամ դիմել ուրոլոգիական խորհրդատվության, որի ժամանակ կատարվում է շագանակագեղձի մատնային քննություն, պրոստատիկ սպեցիֆիկ անտիգեն (օնկոմարկեր) թեստ, ՈՒՁ հետազոտություն և, անհրաժեշտության դեպքում, շագանակագեղձի բիոփսիա: Քաղցկեղի ռիսկի գործոններից են` մեծ տարիքը, ժառանգականությունը, միջավայրի թունավոր և քիմիական նյութերի առկայությունը, ծխախոտը, գիրությունը և այլն: Ուշադրության արժանի է հատկապես ընտանեկան պատմությունը, որի պարագայում ռիսկային գործոնը կրկնապատկվում է: Արական սեռական հորմոնը` տեստոստերոնը, նույնպես ունի ուռուցքային աճը խթանող ազդեցություն: Սեռավարակները եւս մեծացնում են շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Սեռական ակտիվության և քաղցկեղային հիվանդության կապին վերաբերող հաստատված տվյալներ չկան:


Ընդհանուր առմամբ, շագանակագեղձի հիվանդություններից խուսափելու համար պետք է սահմանափակել ճարպային սնունդը (հատկապես կենդանական ճարպերը), օգտագործել շատ բանջարեղեն և պտուղ, ձկնեղեն, խուսափել քնելուց առաջ մեծ քանակի հեղուկի օգտագործումից, չհետաձգել միզարձակությունը, խուսափել գերսառեցումից կամ գերտաքացումից, սահմանափակել սուրճի, սուր համեմունքների և ալկոհոլի օգտագործումը, վարել ակտիվ, կանոնավոր սեռական կյանք և ակտիվ կենսակերպ։


Այս բոլոր միջոցառումներն ուղղված են պրոստատի հիվանդությունների կանխմանը, հետեւաբար` տղամարդու առողջության պահպանմանը։


Ռաֆֆի Ջանեցյան, ուրոլոգ