Ուրեապլազմա (Ureaplasma)

2017/06/27

Միզուկը միզապարկից մինչեւ արտաքին բացվածք հատվածն է: Միզուկաբորբ առաջանում է մի շարք վարակների պատճառով: Լինում են գոնոկոկային եւ ոչ գոնոկոկային միզուկաբորբեր: Ոչ գոնոկոկային միզուկաբորբերի եւ քրոնիկ պրոստատիտների ախտածագման մեջ մեծ տեղ է զբաղեցնում ուրեապլազման: Այն, սեռական ճանապարհով թափանցելով միզուկ, առաջացնում է այրոց եւ արտադրություն: Ժամանակի ընթացքում միկրոբը կարող է բարձրանալ շագանակագեղձ` առաջացնելով քրոնիկ պրոստատիտ: Հիվանդության ավելի երկար ընթացքի դեպքում ուրեապլազման կարող է ազդել նաեւ տղամարդու վերարտադրողական ֆունկցիայի վրա: Ուրեապլազման, կպչելով սերմնաբջիջների գլխիկին եւ միջին հատվածին, սահմանափակում է սերմնաբջիջների շարժունակությունը: Որոշ տվյալներով՝ տղամարդկանց անպտղության 12% դեպքերում  պատճառը ոչ գոնոկոկային ինֆեկցիաներն են, հատկապես ուրեապլազմային ուրեատրիտը եւ պրոստատիտը: Կանանց մոտ ուրեապլազմայի հետեւանքով կարող են առաջանալ նույնանման գանգատներ. միզելուց՝ այրոցի զգացողություն, հաճախամիզություն եւ անհարմարավետություն: Երբեմն այս հիվանդությունը ընթանում է նաեւ անախտանիշ:

 

Անհրաժեշտ է ցանկացած պարագայում ախտորոշել հիվանդությունը, քանզի հատկապես երիտասարդների մոտ կարեւոր է ուրեապլազմայի վաղաժամ հայտնաբերումն ու բուժումը, որը կանխում է հիվանդության քրոնիկ ընթացքին անցնելը, հետեւաբար եւ՝ սերմնաբջիջների ախտահարումը:

 

Զգուշությունը պատահական սեռական հարաբերությունից՝ առողջության պահպանման լավագույն միջոցն է: