Միզաքարային հիվանդություն

2017/06/28

Միզաքարային հիվանդությունը տարածված է ամբողջ աշխարհում: Որոշ տվյալներով՝ բնակչության մոտավորապես 10%-ը կյանքի ընթացքում ունեցել է երիկամաքարային հիվանդության գոնե մեկ էպիզոդ: Երիկամի քարերն առաջանում են մեզի մեջ առկա բյուրեղներից Դրանք նման են խիտ լուծույթում ի հայտ եկող աղի կամ շաքարի բյուրեղներին: Միզաքարային հիվանդության առաջին եւ հիմնական ախտանշանը ցավն է` երիկամաքարային խիթը: Այն առաջանում է գոտկային շրջանում եւ կարող է ճառագայթել դեպի որովայնի ստորին հատվածներ: Երիկամային խիթի ցավն ունի հանկարծակի սկիզբ եւ ալիքանման ընթացք: Ցավը կարող է ուղեկցվել սրտխառնոցով ու փսխումով, արյունամիզությամբ, հաճախամիզությումբ և այլն:

 

 

Ախտորոշման համար կարեւոր են սոնոգրաֆիկ եւ ռենտգենաբանական քննությունները: Բուժման համար պետք է նկատի ունենալ մի շարք հանգամանքներ: Դրանք են` քարի չափը, տեսակը, տեղակայումը, ռենտգենյան ճառագայթների թափանցելիությունը, հիվանդի ախտանիշները, բարձր ջերմության, դողի եւ սարսուռի առկայությունը:

 

Բուժման տարբերակներն են՝ դեղորայքային, ինչը նպաստում է քարի արտամիզմանը, որի ընթացքում պետք է սահմանել հսկողություն և հետևել քարի տեղաշարժի ընթացքին ու հիվանդի վիճակին: Շատ տարածված եղանակ է քարի հեռակա փշրումը (լիթոտրիպսիա): Հիվանդը լիթոտրիպտորի միջոցով ստանում է հարվածային ալիքներ, որոնք ուղղվում են քարի վրա ու փշրում այն: Այս եղանակոի կիրառման դեպքում հիվանդն ազատվում է երիկամի քարերից շատ արագ եւ կարճ ժամանակում: Կան նաեւ բուժման էնդոսկոպիկ եւ բաց վիրահատական եղանակներ: Քարի արտամիզումից կամ փշրումից հետո շատ կարեւոր է նաեւ երիկամի քարի բաղադրությունը պարզելը` համապատասխան դեղորայքային բուժում եւ սննդակարգ նշանակելու, նաեւ հիվանդության կրկնությունից խուսափելու համար:

 


Հարկ է նշել, որ, ընդհանուր առմամբ, եթե չկան նյութափոխանակության խանգարումներ, միզաքարային հիվանդության բուժման ու կանխարգելման գործոընթացում անհրաժեշտ է հետեւել մի շարք խորհուրդների: Դրանք են.

 

  • հեղուկի ընդունման օրվա նվազագույն քանակը` 2.5 լիտր,
  • կերակրի աղի քանակի սահմանափակում,
  • կարմիր մսի չափավոր օգտագործում,
  • չափավոր օքսալատային սնունդ ( թեյ, գետնանուշ, ճակնդեղ, սպանախ և այլն),
  • մեծ քանակի ցիտրատների ընդունում (կիտրոն, նարինջ և այլն),
  • զտած շաքարների օգտագործման սահմանափակում,
  • սննդակարգում ձկան յուղի ներառում: