Միզուկում` օտար մարմիններ

2018/06/11

Միզուկում (միզատար խողովակում) օտար մարմիններ հիմնականում հանդիպում են տղամարդկանց մոտ (ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների մոտ): Դրանց ներթափանցումը միզուկ իրականացվում է արտաքին բացվածքի կամ, ընդհակառակը, միզապարկի միջոցով:  
 
Հիմնականում տառապում են երիտասարդ տղամարդիկ  (սեռական բնույթի խաղերի ժամանակ): Օտար մարմինը շարժումների կամ այն ինքնուրույն հանելու փորձերի ժամանակ կարող է միզուկով տեղաշարժվել դեպի միզապարկ, ինչն առաջացնում է լորձաթաղանթի լրացուցիչ վնասում և բորբոքում:
 
Չնայած նրան, որ դեպքերի մեծամասնությունը բաժին է հասնում երիտասարդ տղամարդկանց, տարեցները ևս կարող են առնչվել նման խնդրի հետ, քանի որ երբեմն բուժական նպատակով միզատար խողովակ մոմիկներ են դրվում, որոնք կարող են քիմիական այրվածք և բորբոքում  առաջացնել:

Միզուկում օտար մարմնի առկայության ախտանիշներ են միզարձակման ժամանակ կամ մշտական ցավը, արյան առկայությունը և հիվանդի կողմից միզուկի մեջ օտար մարմին մտցնելու փաստը: Նման դեպքերում անցանկալի հետևանքներից է լորձաթաղանթի այտուցը, միզարձակման դժվարացումը կամ հաճախացումը: Հազվադեպ կարող է սուր միզակապություն զարգանալ:

Այս վնասվածքները հաճախ ուղեկցվում են վարակով, առաջանում է արյունային արտադրություն, իսկ լորձաթաղանթի մշտական վնասման հետևանքով ուրետրիտ է զարգանում:

Միզուկում օտար մարմնի վտանգավոր հետևանքներից է նրա տեղաշարժը և հայտնվելը միզատար խողովակի շագանակագեղձային հատվածում, քանի որ բորբոքումն իր զարգացման ընթացքում կարող է տարածվել շագանակագեղձի (առաջացնելով պրոստատիտ) կամ միզապարկի վրա (առաջացնելով ցիստիտ):


Ախտորոշում


Միզուկի օտար մարմինը կարելի է հայտնաբերել արտաքին շոշափման կամ ուղիղաղիքային հետազոտության ժամանակ: Օտար մարմնի հստակ տեղակայումը որոշվում է հատուկ մետաղական լայնիչի օգնությամբ, որն առավելագույն զգուշությամբ մտցվում է հիվանդի միզուկի մեջ (որպեսզի բացառվի օտար մարմնի հրումը միզապարկի մեջ):  


Լրացուցիչ, սակայն ոչ պակաս կարևոր ախտորոշիչ եղանակ է կոնքի ռենտգեն հետազոտությունը: Վերջնական ախտորոշումը հաստատվում է ուրեթրոսկոպիայի և ուրեթրոգրաֆիայի միջոցով: Վերջիններիս միջոցով նաև պարզվում է միզատար խողովակի լորձաթաղանթի վիճակը:


Բուժումը


Միզուկից օտար մարմինների հեռացումը ոչ միշտ է վիրահատական միջամտություն պահանջում: Մեծավ մասամբ հաջողվում է այն հեռացնել ոչ վիրահատական հատուկ եղանակներով: Բուժական ռազմավարությունն ուղղակիորեն պայմանավորված է օտար մարմնի ծավալով, ձևով և շարժունակությամբ: