Միզապարկի քաղցկեղ (Bladder Cancer)

2017/10/23

Միզապարկը մեզի հավաքման օրգան է, որի մեջ բացվում են երկու միզածորանները, իսկ միզուկի միջոցով մեզը դուրս է բերվում արտաքին աշխարհ:

 

Քաղցկեղը համարվում է բջիջների հիվանդություն, որի ընթացքում արտադրվում են մեծ քանակությամբ բջիջներ և աճելով վերածվում են ուռուցքի: Բարորակ ուռուցքային բջիջներն աճում են, սակայն չեն տարածվում, իսկ չարորակները` տարածվում են: Երբեմն առաջնային ուռուցքային բջիջներն ընկնում են արյան կամ ավշային հունի մեջ, և այդ միջոցով ախտահաում այլ օրգաններ: Այս դեպքում առաջանում են երկրորդային ուռուցքային օջախներ:

 

Միզապարկի քաղցկեղը տարածված է հատկապես տղամարդկանց մոտ: Ծխախոտը համարվում է ամենահավանական պատճառը:

 

Միզապարկի քաղցկեղի ախտանշանները

 

Արյունամիզությունն ամենահաճախ հանդիպող ախտանշանն է: Այն կարող է լինել մուգ կարմիր երանգավորումից մինչև բաց վարդագույն: Երբեմն մեզի մեջ կարող են լինել նաև արյան մակարդուկներ, որոնք կարող են խցանել մեզի արտահոսքը և առաջացնել ցավեր: Արյունամիզությոուն կարող է նկատվել մի շարք հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են միզուղիների քարային և բորբոքային հիվանդություննրը, սակայն հարկավոր է հետազոտել հիվանդին` ժխտելու ուռուցքային հիվանդությունը:

 

Հետազոտություններ

 

Առաջնային քննություններից են` սոնոգրաֆիան, արյան և մեզի ընդհանուր, կրծքավանդակի ռենտգեն քննությունները: Այլ հետազոտություններից է էքսկրետոր ուրոգրաֆիան, որի միջոցով կարելի է հայտնաբերել միզուղիների անոմալիաներն ու ընդհանուր վիճակը: Ցիստոսկոպիան ամենակարևոր քննությունն է, որի միջոցով ուրոլոգը զննում է միզապարկը (ցիստոսկոպիա) և ուռուցքի հայտնաբերման դեպքում կատարում բիոփսիա: Ցիստոսկոպիան կատարվում է տեղային ցավազրկման, իսկ բիոփսիան` ընդհանուր ցավազրկման ներքո: Իհարկե՛, ուռուցքի հայտնաբերման դեպքում կատարվում է նաև համակարգչային տոմոգրաֆիա, ոսկրային մետաստազների հայտնաբերման համար` ռադիակտիվ հետազոտություն:

 

Միզապարկի ուռուցքի տեսակները

 

  • Մակերեսային քաղցկեղ (Superficial bladder cancer)
  • Միզապարկի ներթափանցող քաղցկեղ (Infiltrative bladder cancer)

 

 

Մակերեսային քաղցկեղ (Superficial bladder cancer) 

 

Միզապարկի մակերեսային քաղցկեղի դեպքում ուռուցքը տեղակայվում է լորձաթաղանթի և ենթալորձաթաղանթի մակարդակով և աճում է դեպի միզապարկի խոռոչ: Շատերին այն ծանոթ է պապիլոմա անվանումով: Այս ուռուցքի բուժման եղանակն ներմիզուկային մասնատումն է, երբ միզուկի միջոցով անց է կացվում հատուկ գործիք, հեռացվում է ուռուցքը և այրվում նրա մակերեսը: Այնուհետև, կապված ախտաբանահյուսվածաբանական քննության արդյունքներից, ուրոլոգը նշանակում է համապատասխան ներմիզապարկային բուժում (BCG, Doxorubicine, Gemzar և այլն): Հիվանդը պետք է գտնվի ուրոլոգի հսկողության ներքո և ժամանակ առ ժամանակ կատարվի ցիստոսկոպիկ քննություն` ուռուցքի հնարավոր կրկնությունը հայտնաբերելու և համապատասխան բուժում նշանակելու համար:

 

Միզապարկի քաղցկեղի ստադիաները

 

Բուժումը

 

Ներթափանցող քաղցկեղի բուժման համար կիրառվում են վիրահատական (միզապարկի արմատական հեռացում), ճառագայթային և քիմիաթերապիայի բուժման եղանակները: Այս բուժման մեթոդներն իրականացվում են առանձին կամ` համակցված: Դա կախված է հիվանդության աստիճանից, ուռուցքի չափերից, տեղակայումից, հիվանդի տարիքից և ընդհանուր վիճակից: Տղամարդկանց մոտ միզապարկի արմատական հեռացումը ներառում է միզապարկը, շագանակագեղձը, սերմնաբշտերը, միզածորանների վերջնային հատվածները: Կանանց մոտ այն ներառում է միզապարկը, հեշտոցի առաջնային պատը, ֆալոպյան խողովակները, արգանդը և ձվարանները:

 

Տղամարդկանց մոտ միզապարկի արմատական հեռացումը կարող է բերել սեռական ֆունկցիայի խանգարման և հետագայում հարկ կլինի իրականացնել սեռական առողջության վերականգնմանը միտված բուժական և վիրաբուժական միջամտություններ: Հետևաբար հիվանդը պետք է նախապես տեղեկացված լինի այդ մասին:

 

Միզապարկի արմատական հեռացումը ծավալուն վիրահատություն է, որի ընթացքում հեռացվում են կոնքի խոռոչի օրգանների մեծ մասը, սակայն այն համարվում է միզապարկի քաղցկեղի բուժման լավագույն տարբերակը:

 

Միզապարկի փոխարինումը (Bladder Substitution): Միզապարկի ամբողջական հեռացման դեպում մեզի հավաքման համար ստեղծվում է նոր «պահեստարան»: «Նոր միզապարկը» կարող է պատրաստվել բարակ աղու գալարից, որը կարող է միացվել միզուկին (այս դեպքում հիվանդը բնականոն միզում է) կամ լինել բերանակցումով` մաշկի հետ (հիվանդը ինքն է դատարկում մեզը կատետրի օգնությամբ):

 

Ճառագայթային բժշկություն (Radiotherapy): Ճառագայթային բուժումը կիրառվում է նախա- և հետվիրահատական շրջաններում: Ճառագայթային բուժման դոզավորումն ու ժամկետը որոշում է ռադիոլոգ-ուռուցքաբանը: Այս բուժումը նույնպես ունի կողմնակի ազդեցություններ, որոնց թվում են` ընդհանուր հոգնածությունը, լուծը, մաշկի «կարծրացումը» և միզապարկի գրգռման նշանները: Այս երևույթներն ունեն ժամանակավոր բնույթ և անցնում են մի քանի շաբաթվա ընթացքում: Ճառագայթային  բուժումը չի կարելի վերջնական համարել, և հիվանդը կարիք ունի պարբերաբար կատարելու ցիստոսկոպիկ քննության:

 

Քիմիաթերապիա (Chemotherapy): Կիրառվում է ցիտոտոքսիկ դեղորայք, որոնք արյան մեջ ներարկելով` սպանում են համապատասխան ախտահարված օրգանի ուռուցքային բջիջները: Կողմնակի ազդեցություններից են` սրտխառնոցը և փսխումները: Կարող են նկատվել նաև մազաթափություն, բերանի խոռոչում խոցեր, սեռական ցանկության պակաս և այլն:

 

Միզապարկի քացկեղը լուրջ հիվանդություն է և, հետևաբար, կարիք կա քննարկու հիվանդի հետ միասին` բուժման համապատասխան տարբերակի ընտրության համար: Հիվանդի իրավունքն է հարցեր տալ բժշկին իր հիվանդության և բուժման մասին:

 

Ի՞նչ անել

 

  • Արյունամիզության ի հայտ գալու դեպքում դիմել ուրոլոգի և կատարել համապատասխան ու անհրաժեշտ քննություններ:
  • Դադարեցնել ծխախոտի և մեծ քանակությամբ կոֆեինի օգտագործումը: Ծխելը դադարեցնելով, դուք կարող եք կասեցնել միզապարկի քաղցկեղի անցումը մակերեսայինց` խորը ներթափանցող: