Ինչքա՞ն ջուր խմել օրական

2017/06/28

Սովորաբար, միզապարկի ախտաբանությամբ (ցիստիտ, անմիզապահություն) տառապող հիվանդները խուսափում են հեղուկի ընդունումից`միզարձակությունների քանակը պակասեցնելու նպատակով: Իհարկե, տեղյակ չլինելով, որ քիչ քանակության մեզը փոքրացնում է միզապարկի ծավալը, ավելի զգայուն և ընկալունակ է  դարձնում  այն միկրոբների և բորբոքումների նկատմամբ, հետևաբար, քիչ ջուր խմելը կարող է հիվանդի վիճակն ավելի վատթարացնել:

 

Ուրոլոգիական հիվանդությունների բարդություններից խուսափելու համար (միզաքարային հիվանդություն, միզուղիների բորբոքումներ և այլն) պետք է պահպանել օրվա հեղուկի բալանսը: Այն պետք է կազմի տղամարդկանց համար` 3-3.5 լիտր, իսկ կանանց համար` 2-2.5 լիտր: Երբեմն դժվար է այդպիսի սովորություն ձևավորելը, այդ դեպքում դա պետք է անել աստիճանաբար: Ցանկալի չէ խմել կոֆեին պարունակող ըմբելիքներ, քանի որ դրանք գրգռում են միզապարկը և խթանում միզագոյացումը: Կոֆեին են պարունակում սուրճը, թեյը, էներգետիկ ըմպելիքները, կոկա-կոլան, շոկոլադը և այլն: Ալկոհոլային խմիչքները նույնպես գրգռիչ ազդեցություն ունեն միզապարկի վրա:

 

Պետք է խմել բնական ջուր, մրգային կամ տարբեր բուսական թեյեր: Կարևոր է օրական խմել մեկ փոքր բաժակի չափով լոռամրգի հյութ (craneberry juice)` կանխելու միզուղիների բորբոքումները: Խորհուրդ է տրվում հետևել մեզի գույնին. մուգ լինելու դեպքում` ավելացնել հեղուկի քանակը: