Պրիապիզմ (Priapism)

2018/07/06

Պրիապիզմի նկարագրությունը


Պրիապիզմը սեռական գրգռման հետ կապ չունեցող երկարատև, սովորաբար, ցավոտ էրեկցիան է: Այս տերմինն առաջացել է հունական Պրիապ աստծո անունից, որի սեռական անդամը մշտապես գտնվում էր գրգռված վիճակում: Միշտ սեռական հարաբերության պատրաստ Պրիապին հունական դիցաբանության մեջ վերագրվել է պտղաբերության աստծո դերը:

Պրիապիզմի տեսակները


Գոյություն ունի պրիապիզմի երկու տեսակ՝ թույլ արյունամատակարարմամբ (իշեմիկ) և լավ արյունամատակարարմամբ (ոչ իշեմիկ): Իշեմիկ պրիապիզմը կարող է զարգանալ մանգաղաձև բջջային սակավարյունության, լեյկոզի, հակակոագուլյանտներ (արյան մակարդելիությունը իջեցնող դեղեր) ընդունելու, ողնուղեղի ախտահարման, ճարպային էմբոլիայի, սեռական անդամի չարորակ բորբոքման, ավտոնոմ նեյրոպաթիայի հետևանքով, ինչպես նաև որոշ դեղերի ազդեցության արդյունքում: Հաճախ իշեմիկ պրիապիզմի առաջացման պատճառներն անհայտ են մնում:

Լավ արյունամատակարարմամբ պրիապիզմը հիմնականում զարգանում է սեռական անդամի, շեքի վնասվածքի հետևանքով, որի ժամանակ հաղորդակցություն է առաջանում սեռական անդամի զարկերակի և խորշիկավոր մարմինների միջև: Արդյունքում առնանդամը բարձր ճնշման տակ արյունալեցվում է, ապա այդ արյունը չի հասցնում ետ վերադառնալ, տեղի է ունենում էրեկցիա:

Ինչպե՞ս է արտահայտվում պրիապիզմը


Պրիապիզմի հիմնական դրսևորումը սեռական ցանկության հետ կապ չունեցող ակամա էրեկցիան է: Հաճախ պրիապիզմն ուղեկցվում է սեռական անդամի շրջանի ցավերով: Ի տարբերություն իսկական էրեկցիայի, պրիապիզմի ժամանակ խորշիկավոր մարմինները կարծրանում են, մինչդեռ սեռական անդամի գլխիկը փափուկ է մնում:

Պրիապիզմը կարող է առաջանալ որոշ դեղորայքի ընդունման հետևանքով (սեռական անկարողությունը բուժող կասկածելի միջոցներ, հակադեպրեսանտներ): Պրիապիզմին բնորոշ է 3 օր և ավելի տևողությամբ ցավոտ էրեկցիա, հյուսվածքների սկլերոզ, որը հանգեցնում է սեռական անկարողության, սեռական անդամի չափերի 3-4 անգամ փոքրացման:
Վտանգավո՞ր է արդյոք պրիապիզմը
 
Պրիապիզմի հիմնական վտանգը սեռական անդամի հյուսվածքների արյունամատակարարման խանգարումն է, մեռուկացումը, որը կարող է առնանդամի անդամահատման պատճառ դառնալ: Իշեմիկ (թույլ արյունամատակարարմամբ) պրիապիզմի դեպքում վնասման հետևանքով որոշ ժամանակ անց դիտվում է շարակցական հյուսվածքի աճ` ֆիբրոզ, ինչը բերում է սեռական անկարողության:

Պրիապիզմի հայտնաբերման դեպքում պետք է ՇՏԱՊ ԴԻՄԵԼ ԲԺՇԿԻ: Լավ արյունամատակարարմամբ պրիապիզմի դեպքում վիճակը սուր է: Այն պահանջում է անհետաձգելի վիրահատական միջամտություն: Պրիապիզմի տևողության երկարացման հետ կտրուկ աճում է հաջորդող էրեկտիլ դիսֆունկցիայի առաջացման հավանականությունը:

Պրիապիզմի բուժումը


Պրիապիզմի բուժումն սկսվում է զննմամբ, գանգատների պարզաբանմամբ, ինչպես նաև որոշակի առանձնահատկություններով: Ախտորոշումից հետո կարելի է սկսել բուժումը: Թույլ արյունամատակարարմամբ (իշեմիկ) պրիապիզմի ժամանակ անհրաժեշտ է պարզել առաջացման իրական պատճառները և հնարավորին ազդել նրանց վրա: Տվյալ դեպքում պրիապիզմի անմիջական բուժումը սկսվում է ոչ վիրահատական միջոցներով: Այսպես, խորշիկավոր մարմիններից մեկի մեջ մտցնում են ասեղ, վերցնում են ոչ մեծ քանակությամբ արյուն և ուղարկում հետազոտության: Խորշիկավոր մարմինների մեջ ֆիզիոլոգիական լուծույթ է ներարկվում: Այս գործողությունը կրկնում են այնքան ժամանակ, մինչև արյունը դառնում է ալ գույնի: Դրանից հետո ներարկում են պրիապիզմի երևույթները հանող հատուկ դեղ:

Այս մարտավարությունը գործում է նաև լավ արյունամատակարարմամբ պրիապիզմի ժամանակ: Գործողությունների անարդյունավետության դեպքում վիրահատական միջամտություն է պահանջվում, որի ժամանակ հաղորդակցություն է ստեղծվում սեռական անդամի խորշիկավոր մարմինների և գլխիկի կամ ենթամաշկային երակային համակարգի միջև, իսկ խորշիկավոր մարմիններից արյունը հեռացվում է լրացուցիչ ճանապարհով: