Ցիտոլոգիան` ուրոլոգիայում (Cytology in urology)

2017/06/30

Կլինիկական ցիտոլոգիան գիտություն է, որը բջիջներն ուսումնասիրում է միկրոսկոպի միջոցով և ախտորոշում օրգանիզմի տարաբնույթ հիվանդություններն ու ախտահարումները: Բջջաբանական հետազոտության համար նյութ են ծառայում օրգանիզմի հեղուկները (օրինակ` արյուն, մեզ, ողնուղեղային հեղուկ և այլն), բարակ ասեղային սպիրացիայի եղանակով ստացած նմուշները, ինչպես նաև նմուշներ, որոնք ստացվում են մարմնի համապատասխան մասերը լվանալով, քերելով կամ դաջվածքի միջոցով (օրինակ` արգանդի պարանոցի քսուկը– Pap smear): Ցիտոլոգիայի համար անհրաժեշտ բջիջներն օրգանիզմից վերցնելը տեխնիկապես շատ դյուրին է, չի առաջացնում որևէ անհարմարություն հիվանդի համար, քիչ ծախսատար է և ախտորոշումը տրվում է կարճ ժամկետում: Վերջիններս համարվում են բջջաբանական մեթոդի առավելություն հյուսվածաբանականի համեմատ:

 

Բջջաբանական հետազոտությունն ուրոլոգիայում կիրառվում է միզուղիների բորբոքային հիվանդությունների, նախաքաղցկեղային վիճակների և քաղցկեղի ախտորոշման ժամանակ:

 

Մեզի ցիտոլոգիան համարվում է համատարած ախտորոշիչ հետազոտոթյուն` միզապարկի քաղցկեղի սկրինինգի և հիվանդների հետագա մոնիտորինգի գործնթացում: Այս մեթոդը համալրվում է այլ ախտորոշիչ մեթոդներով` ուլտրաձայնային հետազոտություն, համակարգչային տոմոգրաֆիա, իմունոհիստոքիմիա, մոլեկուլյար տեխնոլոգիաներ և այլն: Այս մեթոդների համակցումն ապահովում է ախտորոշման բարձր արդյունավետություն:

 

Մեզի ցիտոլոգիայի զգայունությունն ու սպեցիֆիկությունը բարձր աստիճանի ուրոթելիալ կարցինոմաների (HGUC) համար կազմում է համապատասխանաբար` 97% և 96%: Սակայն ցածր աստիճանի ուրոթելիալ կարցինոմաների (LGUC) ժամանակ զգայունությունը նվազում է` կազմելով 30-60%: Թեստի բացասական արդյունքները չեն բացառում ուռուցքի առկայությունը, իսկ դրական արդյունքները պահանջում են լրացուցիչ հետազոտություններ: Դրական ցիտոլոգիական եզրակացության ժամանակ (երբ հայտնաբերվում են քաղցկեղային բջիջներ) ցիստոսկոպիկ նորմալ միզապարկը և բիոփսիայի բացասական արդյունքը չեն բացառում քաղցկեղի հավանականությունը:

 

Ճշգրիտ արդյունքներ ստանալու համար շատ կարևոր է ցիտոլոգին ներկայացնել համապատասխան կլինիկական տեղեկատվություն (օրինակ` կատարած միջամտությունների, բուժման, մեզի ստացման եղանակի վերաբերյալ և այլն): Ցիտոլոգիական քննության համար նպատակահարմար է կատարել օրվա երկրորդ միզարձակման մեզի միջին բաժինը: Մեզը վերցվում է մաքուր տարայի մեջ` 1:1 հարաբերությամբ, ավելացվում է սպիրտ (բջիջների լավ պահպանման համար) և հնարավորին շուտ տեղափոխվում է լաբորատորիա: Մեզը կարող է վերցվել նաև միզապարկի ցիստոսկոպիայի ընթացքում, սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ միջամտություններից հետո կեղծ բացասական արդյունքները հասնում են մոտավորապես 50%-ի: Բարձր զգայունություն ապահովելու համար անհրաժեշտ է թեստը կրկնել 3 անգամ:

 

Այսպիսով, ցիտոլոգիան ուրոլոգիայում կարևոր և արդյունավետ հետազոտություն է, որը կարող է տալ արժքավոր տեղեկություն միզուղիների հնարավոր ուռուցքային ախտահարման մասին:

 

Անժելա Օհանյան, ցիտոլոգ
Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոն