Սեքսն ու սրտամկանի ինֆարկտը (Sex and myocardial infarction)

2017/07/03

Սրտամկանի ինֆարկտից կամ անոթային շունթավորումներից հետո քննարկման առարկա է դառնում սեռական հարաբերության ապահով և անվտանգ լինելու հարցը: Շատ հիվանդներ կրկնակի ինֆարկտի վտանգի պատճառով վախենում են սեռական հարաբերություն ունենալուց: Իսկ ոմանք խուսափում են հավանական ցավերից` հատկապես անոթային շունթավորումից հետո: Շատ դեպքերում և՛ բժիշկները, և՛ հիվանդները չեն անդրադառնում այս խնդրին` տարբեր պատճառներով: Արդյունքում, մարդու սեռական կյանքին վերաբերող բազմաթիվ կարևոր հարցեր մնում են անպատասխան:

 

Իսկ արդյո՞ք մեծ է սրտամկանի ինֆարկտի առաջացման ռիսկը սեռական հարաբերության ժամանակ: Սրտամկանի ինֆարկտների 1%-ն առաջանում է սեռական հարաբերության ժամանակ: Այս ռիսկը մեծանում է հատկապես այն հիվանդների մոտ, ովքեր չունեն պսակաձև զարկերակային հիվանդություն (coronary arterial disease): Նստակյաց կյանքը մեծացնում է ինֆարկտի հավանականությունը: Ընդհակառակը, կանոնավոր սեռական կյանքն, ընդհանուր առմամբ, նվազեցնում է այս ռիսկը:

 

Սեռական հարաբերության ժամանակ մահվան ցուցանիշը կազմում է 0.5-1.7%: Ըստ Ամերիկյան սրտաբանների ասոցիացիայի տվյալների` «մահացածների 82-93%-ը կազմում են տղամարդիկ, որոնցից 75%-ի մոտ մահը տեղի է ունեցել արտաամուսնական սեռական հարաբերության ժամանակ, ավելի երիտասարդ զուգընկերոջ, ալկոհոլի և սննդի չարաշահման պայմաններում»:

 

Սրտի անոթային շունթավորումից կամ ստենտավորումից հետո, ե՞րբ կարելի է սկսել սեռական հարաբերություն ունենալ: Ստենտավորումից մոտավորապես 1 շաբաթ անց թույլատրվում է ունենալ սեռական հարաբերություն, երբ ստենտի անցկացման վերքն արդեն լավացել է: Իսկ սրտի բաց վիրահատություններից հետո (coronary artery bypass surgery), սովորաբար, պահանջվում է  6-8 շաբաթ:

 

Ոչ կայուն անգինա (unstable angina pectoris), խորացող սրտային անբավարարություն, առիթմիաներն ու սրտանոթային ծանր վիճակները հակացուցում են սեքսի համար և կարող են լինել վտանգավոր: Սեռական հարաբերության ժամանակ այդպիսի գանգատների ի հայտ գալու դեպքում պետք է դադարեցնել այն:

 

Ի՞նչ մտապահել «սեքսի և սրտի» մասին

 

  1. Սրտի ծանրաբեռնվածության քննություն պետք է կատարել այն հիվանդներին, որոնց մոտ առկա են սրտանոթային հիվանդության ախտանշաններ սեքսի ժամանակ:

  2. Սեռական հարաբերություն թույլատրվում է, երբ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ (քայլել, հեծանիվ վարել և այլն) չի դիտվում սրտի շրջանում ցավեր, շնչարգելություն, էլեկտրասրտագրության փոփոխություն, առիթմիաներ և արյան ճնշման բարձրացում:

  3. Կանոնավոր ֆիզիկական վարժանքներն ու ակտիվ կենսակերպը կարող են նվազեցնել սրտանոթային բարդությունները սեքսի ժամանակ:

  4. Որոշ սրտային դեղեր (օրինակ` բետապաշարիչներ), որոնք կիրառվում են ինֆարկտից հետո, կարող են առաջացնել սեռական դիսֆունկցիա:

  5. Էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման համար կիրառվող որոշ դեղերի (վիագրա, լեվիտրա, սիալիս և այլն) նշանակումը հակացուցված է նիտրատ (նիտրոգլիցերին) ընդունող սրտային հիվանդներին: