Մեկ շաբաթ ամենօրյա սերմնաժայթքումը բարձրացնում է սերմնահեղուկի որակը
Ավստրալիացի գիտնականը հայտնաբերել է, որ մեկ շաբաթվա ընթացքում ամենօրյա սերմնաժայթքումը բերում է սերմնահեղուկի որակի բարձրացման, այդպիսով, լավացնելով տղամարդու բեղմնավորման հատկությունը:
Sydney IVF ընկերության մանկաբարձ-էնդոկրինոլոգ Դավիթ Գրինինգի հետազոտությանը մասնակցեց 118 տղամարդ, որոնց սպերմատոզոիդներում առկա էր արատավոր ԴՆԹ-ի բարձր մակարդակ: Այդ մակարդակը կազմում էր 15-98% (միջինը 34%):
Փորձի մասնակիցներին առաջարկվեց մեկ շաբաթվա ընթացքում ամեն օր սերմնաժայթքում ունենալ, ընդ որում, առանց որևէ դեղորայք ընդունելու և կենսակերպ փոփոխելու: Դրանից հետո նրանց սերմնահեղուկն ուղարկվեց կրկնակի հետազոտության:
Արատավոր ԴՆԹ-ի միջին մակարդակը նմուշներում նվազել էր մինչև 26%: Միաժամանակ, կամավորների 80%-ի մոտ դիտվեց սերմնահեղուկի որակի լավացում, մինչդեռ մնացածների մոտ այն վատթարացել էր: Փորձը ցույց տվեց նաև, որ, չնայած սերմնաժայթքման ժամանակ արտազատվող սերմնահեղուկի ծավալի որոշակի նվազեցմանը, նրանում սպերմատոզոիդների շարժունակությունը բարձրացել էր, ինչը մեծացնում է բեղմնավորման հավանականությունը:
Գրինինգը ենթադրեց, որ կանոնավոր սեռական ակտիվության ժամանակ սերմնահեղուկի որակը բարձրանում է, քանի որ ամորձիների սերմնատար խողովակներում երկարատև մնացած սպերմատոզոիդների ԴՆԹ-ն ենթարկվում է ազատ ռադիկալների վնասակար ազդեցությանը:
Ուսումնասիրության արդյունքների հիման վրա գիտնականն այն զույգերին, ովքեր ցանկանում են երեխա ունենալ, խորհուրդ է տալիս սեքսով զբաղվել ամեն օր՝ ձվազատումից առաջ մեկ շաբաթվա ընթացքում:
Ստացված տվյալները հաստատեցին 2003 թ. Իսրայելում իրականացված հետազոտության արդյունքները: Այն ժամանակ գիտնականներն ապացուցեցին, որ սերմնաժայթքման երակարատև բացակայությունը բացասաբար է ազդում սպերմատոզոիդների բնութագրերի վրա:
Աղբյուր. medlinks.ru